Վերջին օրերին հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը ցուցաբերել է ակտիվություն և փորձել ձեռնարկել ամրաշինական աշխատանքներ՝ նպաստելով առաջնագծում լարվածության աճին: Այդ մասին հայտնում են ՊՆ-ի մամուլի ծառայությունից: "Հակառակորդի ակտիվությունը ճնշելու և հետագա սրացումները կանխելու նպատակով ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումները ստիպված են եղել ձեռնարկել համապատասխան գործողություններ: Հակառակորդի հերթական սադրանքի հետևանքով սեպտեմբերի 16-ին հյուսիսարևելյան հատվածում տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում մահացու հրազենային և բեկորային վնասվածքներ է ստացել պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Հովիկ Նելսոնի Թամազյանը։ Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: Ստեղծված իրավիճակի և սահմանային լարվածության աճի ամբողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը", - ասված է հաղորդագրության մեջ: