Երևանի որոշ փողոցներ կաթվածահար են. քաղաքացիները պահանջում են Փաշինյանի հրաժարականը
Այսօր առավոտվանից Երևանի տարբեր փողոցներ կաթվածահար վիճակում են՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները անհնազանդության ակցիաներ են իրականացնում:
Մասնավորապես, փակ է Մյասնիկյան պողոտայի երթևեկելի մի հատվածը, Ազատություն պողոտայի երթևեկությունը կաթվածահար է: VERELQ-ի թղթակիցը հայտնում է, որ քաղաքացիները բեռնատարով փակել են Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկը:
Երևանի մետրոպոլիտենի խոսնակ Տաթև Խաչատրյանը VERELQ-ին տեղեկացրեց, որ առավոտյան 8:35-ին քաղաքացիները փորձել են կաթվածահար անել մետրոյի աշխատանքը, սակայն ոստիկանների միջամտությունից հետո՝ 3-4 րոպե անց, իրավիճակը շտկվել է և այժմ մետրոն աշխատում է անխափան:
Ամենուր վանկարկում են "Նիկոլ դավաճան", "Առանց Նիկոլ Հայաստան":
Ոստիկանության աշխատակիցները բարձրախոսներով հորդորում են քաղաքացիներին դադարեցնել գործողությունները՝ հիմնավորմամբ, որ դրանք չեն բխում հավաքների մասին օրենսդրությունից: