29.03.2024
Մամուլ. Նիկոլ Փաշինյանն ու թիմը դիսկոմֆորտի մեջ են
22.04.2020
Մամուլ. Նիկոլ Փաշինյանն ու թիմը դիսկոմֆորտի մեջ են

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները: «Փաստ» թերթը գրում է. «Մեկ ամսից էլ պակաս ժամանակ է մնացել, որպեսզի լրանա կառավարության պաշտոնավարման 2 տարին։ Առաջին հայացքից տպավորություն է ստեղծվում, թե այս հանգամանքը պետք է նշանակալից դերակատարություն ունենա, որպեսզի կառավարությունը ցույց տա, թե հանրության կյանքում ինչ դրական փոփոխությունների ու բարելավումների են իրենք կարողացել հասնել։ Եվ իրոք, սրանից էլ լավ առիթ կառավարության գործունեության արդյունքներն ամփոփելու և սեփական բարձր վարկանիշն ի ցույց դնելու համար չի կարող լինել, սակայն, ինչպես երևում է, գործադիրը և նրա ղեկավարը կարծես թե դիսկոմֆորտի մեջ են։ Ճիշտ է՝ մի կողմից համավարակով պայմանավորված արտակարգ դրությունը և դրա արդյունքում առաջ եկած տնտեսական ճգնաժամը հաղթահարելու հարցն է, բայց մյուս կողմից էլ հանրային տրամադրություններում լուրջ փոփոխություններ են նկատվում։ Ներկայիս իշխանությունները չունեն այն վստահության պաշարը, ինչ ունեին երկու, նույնիսկ մեկ տարի առաջ։ Իսկ իշխանությունների վստահության պաշարի նվազումը առաջին հերթին պայմանավորված է նրանով, որ հանրությունն ավելի մեծ ակնկալիքներ ուներ Նիկոլ Փաշինյանից և նրա թիմակիցներից, քան իրականում նրանք կարող էին դրանք իրականություն դարձնել։ Եվ հանրային տրամադրություններում նկատվող փոփոխությունները լուրջ ահազանգ են իշխանությունների համար, որպեսզի լարեն իրենց ուժերը ներկայիս ճգնաժամային իրավիճակից սահուն դուրս գալու համար։ Բացի այդ, եթե իշխանություններն ուզում են, որ հանրության հիասթափությունն ավելի չխորանա, ապա պետք է լիովին անկեղծ լինեն հասարակության հետ, ընդունեն իրենց բացթողումները և աշխատեն ուղղել դրանք։ Իսկ ի՞նչ մոտեցում է որդեգրել կառավարությունը այս հարցում։ Պատահակա՞ն է արդյոք, որ վարչապետ Փաշինյանը մի ողջ ուղիղ եթեր է նվիրում «մեծ հիասթափությանը» և խոսում նաև որոշակի բացթողումների ու դրանց ուղղությամբ կատարվելիք աշխատանքների ուղղությամբ, իհարկե՝ ոչ։ Փաշինյանը, որպես կանոն, նախընտրում է իր ուղիղ եթերները նվիրել ունեցած ձեռքբերումների լուսաբանմանը և ընթացիկ հարցերի քննարկմանը, սակայն բովանդակության կտրուկ փոփոխությունը փաստում է, որ Փաշինյանը սկսել է գիտակցել, որ հանրության շրջանում հիասթափություն կա։ Թեպետ, այստեղ պետք է շեշտել, թե ինչ շրջանակներում է հիասթափությունը, քանզի հիասթափություն կարող են ունենալ նրանք, որոնք նախկինում կա՛մ հիացած են եղել, կա՛մ գոնե հույսեր են ունեցել: Ամենայն հավանականությամբ, այդ դժգոհությունները արտակարգ դրությունից հետո իրենց դրսևորումները կունենան ցույցերի և բողոքների տեսքով, քանի որ երկրի սոցիալտնտեսական դրությունը գնալով վատանում է, տնտեսության որոշ ոլորտներում գործունեությունն ուղղակի կանգնած է, իսկ այդ ճյուղերի վերականգնման համար մեծ ժամանակ է պահանջվելու։ Արդյունքում կրճատվում են աշխատատեղերը, և հազարավոր մարդիկ մնալու են առանց աշխատանքի։ Սակայն Փաշինյանը, տեղյակ լինելով այս ամենից, այլ մեթոդի է դիմում։ Նա խոսում է ոչ թե ժողովրդի շրջանում առկա հիասթափությունից, այլ ընդգծում է իր քաղաքական հակառակորդների և հանրության որոշակի շատ նեղ շերտերի հիասթափության մասին։ Դրանով վերջինս լուծում է այն խնդիրը, որ եթե վաղը քաղաքացիները բողոքի դուրս գան կառավարության առջև, ինքը հայտարարի, թե դա իր նշած խմբերի հիասթափության արդյունք է, այլ ոչ թե ժողովրդի»: «Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ նախագահի հրամանագրով նախօրեին Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր նշանակված Կարեն Համբարձումյանը մինչ այդ զբաղեցնում էր Երեւանի քաղաքապետի խորհրդականի պաշտոնը: Նա քաղաքապետարանում աշխատել է գրեթե մեկ տարի։ Նրա կենսագրությունից տեղեկանում ենք, որ հիմնականում պաշտոններ է զբաղեցրել վարկային կազմակերպություններում, իսկ քաղաքապետարանում աշխատում էր 2019թ. մայիսից։ Մեր տեղեկություններով, շատերի համար անակնկալ էր նրա հեռանալը քաղաքապետարանից, քանի որ այդ կառույցում եւ առհասարակ Համբարձումյանին ճանաչողները նրան բնութագրում են որպես բարձրակարգ իրավաբան։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, նրա հեռանալը Երեւանի քաղաքապետարանից կապ է ունեցել հենց քաղաքապետ Հայկ Մարությանի հետ․ նախկին խորհրդականը պարզապես այլեւս չի ցանկացել աշխատել նրա հետ։ Եվ սա ամենեւին էլ պատահական չէ, քանի որ քաղաքապետարանի վարչություններից 9-ը ղեկավարում են ժամանակավոր պաշտոնակատարներ եւ ով որեւէ հիմնական պաշտոն է զբաղեցնում, աշխատանքի է ընդունվում, քաղաքապետարանում, ամենաշատը մեկ տարի անց հեռանում է»: «Հրապարակ» թերթը գրում է. «Թեպետ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի քաղաքական պլանները ժամանակավորապես առկախվել են կորոնավիրուսի պատճառով, հետաձգվել է նոր ստեղծվելիք կուսակցության հիմնադիր համագումարը, սակայն Վանեցյանի թիմում քաղաքական ակտիվ նախապատրաստական աշխատանքների փուլում են։ Մենք տեղեկացանք, որ ծրագրում են նաեւ էլեկտրոնային կայք ստեղծել, որի խմբագիրը կլինի Վանեցյանի մամուլի խոսնակ Քրիստինե Մելքոնյանը, ով, հիշեցնենք, «Հայլուրի» դեմքերից էր եւ Հ1-ից դուրս եկավ  նշանակվելուց հետո»: «Իրավունք» թերթը գրում է. «Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն` սոցցանցերում «հիասթափություն» մոդելավորող վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին ուղիղ եթերներից հետո` «Իմ քայլը» խմբակցության շարքերում լուրջ մտահոգություններ են առաջացել: Ընդ որում` առաջին հերթին նաեւ սորոսական թեւում, որոնք երեկ սորոսական կազմակերպությունների կողմից կառավարությանը ներկայացված պահանջագրից հետո, արդեն իսկ հասկացել են, որ ժամանակն է կրկին վերադառնալ ընդդիմադիր դաշտ, ինչպես «հին ու բարի» օրերին: Սակայն ամեն մեկը մի պատճառ է փորձում գտնել` օր առաջ «չարաբաստիկ» մանդատից ազատվելու ու խորտակվող նավն աննկատ լքելու համար: Ստեղծված իրավիճակն այնքան անտանելի է դարձել, որ իմքայլական պատգամավորներն անգամ խորհրդարանական միջանցքներում են սրտները բացում ու քննադատում իրենց իսկ վարած քաղաքականությունը եւ բողոքում թիմում ձայնազուրկ լինելու հանգամանքից»: «Հրապարակ» թերթը գրում է. «Բոլորովին պատահաբար estate.am կայքում՝ տների վաճառքի հայտարարությունների բաժնում հայտնաբերեցինք, որ Նիկոլ Փաշինյանը վաճառում է «Հայրենիք» կինոթատրոնի դիմաց գտնվող իր բնակարանը։ Սա այն բնակարանն է, որով Նիկոլ Փաշինյանը հպարտանում էր կուրթանեցի Մեխակի մոտ՝ ասելով․ «Ձեռդ, ոտդ տեղը տղա ես, ես էլ չեմ տուն ունեցել, որտեղի՞ց եմ տուն ստեղծել՝ աշխատել եմ 24 ժամ եւ ստեղծել եմ իմ տունը, դու էլ գնա աշխատիր՝ տուն ստեղծիր»։ Հիմա եկել է նոր տուն «ստեղծելու» ժամանակը։ Բնակարանը վաճառքի է դրված փետրվարի 27-ից, այն գնահատվել է 85 հազար դոլար։ Այսինքն՝ կորոնավիրուսի տարածումից եւ արտակարգ դրություն հայտարարելուց առաջ է վաճառքի հանվել։ Ըստ ամենայնի, վարչապետը որոշել է նոր տուն գնել՝ կառավարական ամառանոցում ապրելուց հետո դժվար թե ընտանիքը վերադառնա Երրորդ մասի 3 սենյականոց բնակարանը։ Իսկ օրենքն այլեւս չի նախատեսում պետության կողմից պաշտոնաթող վարչապետին բնակարանի ապահովում։ Եվ քանի որ իրենց ընդուված՝ ապօրինի ծագում ունեցող գույքի մասին օրենքով 50 միլիոն դրամը գերազանցող տան գնման հետ կապված կարող են հետագայում խնդիրներ ծագել, ուստի որոշել են հնարավորինս ապահովագրել իրենց։ Ամենայն հավանականությամբ, տան վաճառքից գոյացած գումարը կօգտագործեն նոր տուն գնելու համար, ասենք՝ կանխավճարը կվճարեն, մնացածը վարկ կձեւակերպեն։ Ի դեպ, սա այն բնակարանն է, որտեղ հեղափոխությունից հետո՝ մի կարճ ժամանակ, անապահով ընտանիք էր ապրում։ Հիշեցնենք․ վարչապետի կինը կոչ էր արել՝ ովքեր ունեն չզբաղեցված բնակարաններ, տրամադրեն կարիքավորներին, առանց դրա դիմաց վարձավճար ակնկալելու, եւ եղան մարդիկ, որոնք արձագանքեցին այդ կոչին»: «Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթի արցախյան աղբյուրի փոխանցմամբ, Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը դեռեւս չի շտապում խոսել կադրային փոփոխություններից, որովհետեւ այդ թեման Արցախում շատ զգայուն է: Բանն այն է, որ այսօրվա կառավարման համակարգի մի շարք պաշտոնյաներ նրա թիմակիցներն են, եւ դժվար է կտրուկ փոփոխությունների գնալ, մյուս կողմից՝ ամեն նոր պաշտոնյայի նշանակումը Արցախում լայն քննարկման առարկա է դառնում: Այնուամենայնիվ, այս պահին կառավարության ամենաանձեռնմխելի անձը պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանն է, որը, մեր աղբյուրի պնդմամբ, միանշանակ շարունակելու է պաշտոնավարումը: Ամենայն հավանականությամբ, իր պաշտոնում կվերանշանակվի նաեւ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, որն Արայիկ Հարությունյանի՝ վարչապետ, այնուհետեւ պետնախարար աշխատած ժամանակահատվածում զբաղեցրել է ֆինանսների նախարարի, իսկ դրանից առաջ երկար տարիներ ֆինանսների փոխնախարարի պաշտոնները. Մարտիրոսյանն Արցախում տեխնոկրատի համարում ունի եւ դուրս է քաղաքական պրոցեսներից: Ամեն դեպքում՝ կառավարությունում նվազագույնը 3-4 փոփոխություն կլինի, շատ բան կախված է քաղաքական կոնսուլտացիաների ընթացքից, որով պայմանավորված՝ փոփոխությունների թիվը կարող է աճել»: «Հրապարակ» թերթը գրում է. «Ինչի՞ց եք սկսելու՝ հարցրինք Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանին։ «Ստանձնեմ պարտականությունները, նոր կորոշեմ-կասեմ այդ մասին՝ դեռ 1 ամիս ունեմ»: Ասել եք, որ ոչ մի թշնամի չունեք Արցախում։ «Իհարկե, չունեմ»: Այդ դեպքում հնարավո՞ր է Մասիս Մայիլյանին որեւէ պաշտոն առաջարկեք, այդ թվում՝ ԱԳ նախարարի։ «Պաշտոնը մի կարեւորեք՝ քիչ հավանական է, եւ հետո․ եթե ասում ես՝ թշնամի չենք, պիտի պաշտո՞ն տանք»: Իսկ Վիտալի Բալասանյանի հետ կհամագործակցե՞ք։ «Գիտեք, ես դեռ քաղաքական ուժերի հետ քաղաքական կոնսուլտացիաներ չեմ սկսել, կսկսենք` կերեւա»: Բայց հակվա՞ծ եք «նախկիններին» օգտագործելու։ «Ինձ համար նախկին-ներկա չկա»: Իսկ Բակո Սահակյանը կմնա՞ Ղարաբաղում։ «Կմնա՛ Ղարաբաղում»: Լուրը պատրաստ էր արդեն, երբ Հարությունյանը հայտարարեց քաղաքական ուժերի հետ կոնսուլտացիաներ սկսելու մասին»: «Ժամանակ» թերթը գրում է. «Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպել է ԱԺԿ պատվիրակության հետ: Հաջորդ հանդիպումը կայանալու է ՀՅԴ ներկայացուցիչների հետ: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ ԱԺԿ-ի հետ հանդիպմանը ապագա կոալիցիայի և պաշտոնների բաժանման հետ կապված հարցեր չեն քննարկվել: Պատճառներից մեկն էլ այն է, որ թե՛ ԱԺԿ-ն, թե՛ ՀՅԴ-ն նախորդ իշխանությունում ունեցել են իրենց խորհրդարանական ներկայացվածությունից անհամաչափ մեծ ներկայացվածություն իշխանության տարբեր ճյուղերում: Հիմա նրանք պետք է չափավորեն իրենց ախորժակը, որից հետո իմաստ կունենա խոսել իշխանությունում նրանց ներկայացվածության չափի և դերաբաշխման մասին»: «Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ապրիլի 17-ին Հ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության անձնագրային բաժնի պետ Կարապետ Թումասյանը աշխառանքից ազատման դիմում էր ներկայացրել: Թե ինչու, նա համացանցում մի ընդարձակ գրառմամբ փորձել էր բացատրել` այդպես էլ ըստ էության ոչինչ չասելով: Նա գրել էր, թե «Ընդգծված ՍՐՏԱՑԱՎՈՒԹՅՈՒՆ՝ ահա այն հատկանիշը, որն ամեն վայրկյան ուղեկցել է ինձ իմ կատարած աշխատանքում: Թե ինչքանով է դա ստացվել եւ հնարավոր եղել իրագործել, թողնում եմ հանրության եւ Աստծո դատին»: «Ժողովուրդ» օրաթերթին նրա ազատումից որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, որ նրա ազատման դիմումը կապված է եղել կանադահայ այն կնոջ` վարչապետին ուղղված նամակի հետ, որում նա դժգոհել էր, թե չի կարողանում քաղաքացիություն ստանալ: Ավելին, «Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն, ազատումներն այսքանով չեն ավարտվելու»: «Հրապարակ» թերթը գրում է. «Այս օրերին կարեւոր դերակատարում ունեցող բժշկական պերսոնալի մոտ խուլ, չբարձրաձայնվող դժգոհության կա` իրենց վարձատրության մասով: «Էսքան մարդու բերել են «գյուլլի բերան», էդ մարդիկ տուն չգնան, ռիսկային աշխատանք իրականացնեն, բայց իրենց աշխատավարձ տան այնքան, որքան մնացած հիվանդանոցների աշխատակիցներին, որոնք կորոնայի հետ չեն շփվում, բայց կարող են «լրացուցիչ» վաստակ ունենալ․ ընդունեք, որ ազնիվ չէ»,- ասաց կորոնավիրուսի բուժմամբ զբաղվող պատասխանատուներից մեկը: Բա ինչո՞ւ չեն վճարում։ «Չեն ցանկանում խնդրին համակարգային լուծում տալ, իրենց համար, փաստորեն, ավելի հեշտ է լրացուցիչ, 5-աստղանի հյուրանոցներ վարձակալել` անիմաստ գումարների դիմաց, քան իսկապես այս օրերին կամիկաձե դարձած բժիշկների աշխատավարձը ձեւ գտնեն` բարձրացնեն»: 5-աստղանի հյուրանոցները վարձակալելու պահով մտածում եք` մանիպուլյացիանե՞ր են իրականացվում, դրանք բարեգործական օգնությունի՞ց, թե՞ պետբյուջեից են վճարվում։ «Ոչ, չեմ մտածում, վճարվում են պետբյուջեից»: Հյուրանոցներն ամբողջովին հագեցա՞ծ են մարդկանցով։ «Այո, եթե նոր հյուրանոցներ են վարձակալվում, նշանակում է` մնացածները ֆուլ են»: «Ժամանակ» թերթը գրում է. «Վրաստանի Սամցխե-Ջավախքի շրջանում ապրիլի 19-ին կորոնավիրուսի վարակման առաջին դեպքն է գրանցվել: Նինոծմինդայի և Ախալքալաքի մեծամասնական կարգով ընտրված պատգամավոր Հենզել Մկոյանը «Ժամանակ»-ի հետ զրույցում նշեց, որ դեպքը գրանցվել է Բորջոմի շրջանում, Ախալդաբա գյուղի 30-ամյա բնակիչ է վարակվել. «Վարակված տղամարդը վրացի է, մաքսատան աշխատող է, աշխատում է Թբիլիսիում, այնտեղից է եկել: Միայն իր մոտ է հաստատվել վիրուսը, մնացած ոչ մեկի մոտ չի հայտնաբերվել»: Հենզել Մկոյանը հավելեց, որ Ախալքալաքի հիվանդանոցները, բժիշկները շատ բարձր մակարդակով պատրաստ են. խուճապի առիթ չկա: Պատգամավորը հավաստիացրեց, որ Ջավախքի հիվանդանոցներում թեստերի պակաս չկա, ավելին՝ չկա նաև շնչառական սարքերի խնդիր, բացի այդ՝ Ջավախքում որևէ դեպք չի գրանցվել, Ջավախքը շարունակում է համարվել կանաչ գոտի»։ «Ժողովուրդ» թերթը գրում է. «Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստ կանցկացնի և երկու կարևոր նախագծեր կքննարկի։ Ընդ որում, ուշագրավ է, որ նախագծերից մեկը ներկայացվել է «Իմ քայլը» խմբակցության, մյուսը՝ ԲՀԿ-ի կողմից, սակայն մեր տեղեկություններով արտահերթ նիստի առաջարկը եղել է ընդդիմադիր խմբակցության կողմից, իսկ երեկ էլ ԱԺ խորհուրդը հաստատել է այն։ Ընդ որում, երկու նախագծերն էլ վերաբերում են Հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելուն։ Նախագծերից մեկը հեղինակել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։ Նա առաջարկում է մեղմել կորոնավիրուսի տարածման տնտեսական հետևանքները և ամրագրել, որ ժամկետանց հարկային պարտավորությունների համար տույժի հաշվարկը ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար 2020 թվականի ապրիլի 20-ից հետո 0.075 տոկոսի փոխարեն հաշվարկել 0.04 տոկոսի չափով: Բաբկեն Թունյանի ներկայացրած նախագիծն էլ նպատակ ունի մեղմել տնտեսական հետևանքները։ Նշենք, որ երկու նախագծերն էլ պետք է անցնեն առաջինից երկրորդ ընթերցում, այսինքն հաջորդ օրը ևս ԱԺ նիստ կանցկացվի, որպեսզի օրինագծերն ամբողջությամբ ընդունվեն»: «Հրապարակ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, պարետի որոշմամբ տեքստիլ արտադրամասերն ապրիլի 20-ից աշխատեցնելու թույլտվություն ստացան, ավելի ճիշտ՝ աշխատելու համար արտադրամասի տնօրինությունը նախապես գրավոր պետք է դիմի կառավարություն եւ թույլտվություն ստանա։ Վանաձորի «Գլորիա» ֆաբրիկայի տնօրինությունն էլ որոշել է առանց բյուրոկրատական քաշքշուկների եւ կառավարությանն ուղարկած գրավոր հարցման վերսկսել աշխատանքները։ Մոտ 50 ավտոբուս են տրամադրել բանվորներին աշխատավայր տեղափոխելու համար, սակայն կեսօրից հետո տեղի ոստիկանության աշխատակիցները մտել են ու փակել ֆաբրիկան, ասվել է, որ բոլորի նկատմամբ 100 հազար դրամի չափով վարչական իրավախախտումների արձանագրություններ կկազմվեն։ Մինչդեռ մարդիկ դժգոհ են, ուզում են աշխատել, նրանք շարժվել են քաղաքի կենտրոնական հրապարակ՝ բողոքի ցույց անելու»: «Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «Երեւանի փողոցներում կարմիր գծերի գծանշումների նվազեցման եւ առաջարկվող մյուս փոփոխությունների վերաբերյալ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սիսակ Գաբրիելյանի հետ: Նոր օրենքի նախագծով նախատեսվող փոփոխությունների մասին պատգամավորը, մասնավորապես, նշել է. «Հիմնական փոփոխությունն այն է, որ քաղաքային իշխանությունների հետ համատեղ քննարկման արդյունքում եկել ենք այն եզրահանգման, որ այս փուլում կարմիր գծերը Երեւանում պետք է լինեն միայն Կենտրոնում եւ Արաբկիր վարչական շրջանի որոշ հատվածներում, իսկ մնացած շրջաններում, փաստացի, կարմիր գծերն օրենքի ընդունումից եւ ավագանու համապատասխան որոշումից հետո չեն գործի: Վարչական վարույթի մասով եւս կլինեն փոփոխություններ, այսինքն, եթե մինչ այժմ ամեն ինչ իրականացվում էր լուսանկարների տեսքով, ապա հիմա կարմիր գծերի կայանատեղիները կահավորված կլինեն տեսախցիկներով, եւ միայն այդ տեսանյութերի հիման վրա հնարավոր կլինի արձանագրել՝ տվյալ մեքենան 15 րոպե կայանե՞լ է, թե՞ ոչ: Բնականաբար, ակտավորելու դեպքում, եթե համապատասխան վճարը չի կատարվել, քաղաքացին կտեսնի ոչ թե իր մեքենայի լուսանկարը, այլ առնվազն 15 րոպե տեւողությամբ տեսանյութը: Հիմնական փոփոխություններից է նաեւ այն, որ այստեղ փորձ է արվում որոշակիորեն կարգավորել կարմիր գծերի վրա ավելի երկարաժամկետ եւ ինչ-որ տեղ տնտեսական գործունեություն իրականացնող հարաբերությունները: Այսինքն, եթե քաղաքացին իր մեքենան կայանելու համար ժամը 100 դրամ կամ տարին 12000 է վճարում, ապա այս դեպքում կգործեն այլ սակագներ, իսկ թե դրույքաչափն ինչքան կլինի, չեմ կարող ասել, դա բացառապես ավագանու որոշելիքն է: Մինչեւ տրանսպորտային նոր համակարգի ներդրումը սակագների փոփոխություն նախատեսված չէ»: «Ժողովուրդ» թերթը գրում է․ «Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը, որում տեղ գտած ընկերությունների մի մասը անկհայտ «թռիչք են կատարել»՝ ավելացնելով հարկերն ու բարձրանալով առաջատար հորիզոնականներ։ Մի մասն էլ՝ նվազեցրել են հարկերն ու իջել ավելի ցածր տեղեր: Նախ նշենք, որ 1000 խոշոր հարկ վճարողների կողմից ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 245 մլրդ 633 մլն դրամ: Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 202 մլրդ 793 մլն, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 42 մլրդ 839 մլն դրամ: Այսպիսով, առաջին տասնյակն ունի հետևյալ տեսքը «Գազպրոմ Արմենիա»՝ 17 մլրդ 773 մլն 025 հազար դրամ դրամ,«Գրանդ Տոբակո»՝ 15 մլրդ 323 մլն 439 հազար դրամ,«Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ»՝ 5 մլրդ 378 մլն դրամ,«Սիփիես Օիլ»՝ 4 մլրդ 341 մլն դրամ,«ՄՏՍ Հայաստան»՝ 3 մլրդ 895 մլն դրամ,«Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարան»՝ 3 մլրդ 479 մլն դրամ,«Ֆիլիպ Մորրիս Արմենիա»՝ 3 մլրդ 462 մլն դրամ,«Հայաստանի էլեկտրական ցանցեր»՝ 3 մլրդ 383 մլն դրամ,«Ֆլեշ»՝ 3 մլրդ 179 մլն դրամ,«Ակվիլոն Թրեյդ»՝ 2 մլրդ 972 մլն դրամ»:    

Նորություններ գործընկերներից