Գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի օրը դեռ չի նշանակվել։ Այս մասին այսօր՝ ապրիլի 5-ին հայտարարել է իշխող «Իմ քայլը» դաշինքի խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։ Նրա խոսքով՝ ենթադրաբար Փաշինյանը հրաժարական կտա ապրիլի վերջին։ «Դա իմ ենթադրությունն է և ուրիշ ոչինչ։ Ես հիմնվում եմ այն բանի վրա, որ ընտրությունները նախատեսվում է անցկացնել հունիսի 20–ին», - հայտարարեց պատգամավորը։ Այս փուլում այս հարցի շուրջ որեւէ քննարկում չի եղել, նշել է Մակունցը՝ դժվարանալով պատասխանել այն հարցին, թե արդյոք Փաշինյանը վարչապետի կարգավիճակում կմնա ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը։