Երևանի նոր քաղաքապետը չի պատրաստվում անդամակցել իշխող կուսակցությանը
Երևանի նորընտիր քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը չի պատրաստվում անդամակցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը: Այս մասին այսօր` դեկտեմբերի 25-ին, երդմնակալության արարողությունից հետո ճեպազրույցի ընթացքում ասաց Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:
«Այդպիսի քննարկումներ չունենք: Ես անկուսակցական եմ և ստանձնել եմ քաղաքապետի պարտականությունները, որպեսզի կառավարեմ ծրագրերը»,- ասաց նա: Հրաչյա Սարգսյանը նաեւ ասաց, որ իր եկամտի միակ աղբյուրը իր ստացած աշխատավարձն է, անվտանգության աշխատակցի կարիք էլ չունի, իսկ մեքենա վարել չգիտի:
Սարգսյանը նաև նշեց, որ քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնին առաջարկելու է «Իմ քայլը» ավագանու խմբակցության քարտուղար Լևոն Հովհաննիսյանին: «Լեւոն Հովհաննիսյանը ֆինանսական համակարգում բավական մեծ փորձ ունի եւ վստահ եմ, որ ինքը քաղաքապետի առաջին պաշտոնում բավականին մեծաջակցություն է ցուցաբերելու մեր թիմին ու նպաստելու է Երեւանի զարգացմանը»,- ասաց նա։
Սարգսյանը նաև հավելեց, որ մյուս փոխքաղաքապետերի հետ կապված էլ փոփոխություններ կլինեն: Նա նշեց նաև, որ Երևանի քաղաքապետարանում ու վարչական շրջաններում սպասվում են կադրային փոփոխություններ: