Հաղթանակ թաղամասի տների հարցը կստանա ոչ ստանդարտ քաղաքական լուծում. Փաշինյան
Լուսանկարը` primeminister.am
Հայաստանի կառավարությունը մտադիր է կիրառել ոչ ստանդարտ քաղաքական և օրենսդրական մեխանիզմներ՝ Երևանի Հաղթանակ (4-րդ գյուղ) թաղամասի տների օրինականացման բազմամյա խնդիրը վերջնականապես կարգավորելու նպատակով։ Ընդ որում՝ տասնամյակներով բնակեցված տների ապամոնտաժումը միանշանակ բացառվում է։
Այս մասին ապրիլի 18-ին կայացած կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Գործադիրի ղեկավարի խոսքով՝ խնդրի լուծմանն ուղղված հերթական վարչարարական հանձնարարականները մշտապես բախվում են իրավական խոչընդոտների, որոնք պետական համակարգի օղակներն ի զորու չեն ինքնուրույն հաղթահարել։
Ստեղծված իրավիճակում քաղաքացիները, փաստացի տիրապետելով իրենց գույքին, զրկված են այն օրինական ճանապարհով տնօրինելու՝ վաճառելու կամ ժառանգելու հնարավորությունից։
Վարչապետն ընդգծեց, որ հարցը պահանջում է բարձր մակարդակի միջամտություն և, անհրաժեշտության դեպքում, համապատասխան օրենսդրական փոփոխություններ։ Նմանատիպ տևական ու ճգնաժամային խնդիրների արդյունավետ կարգավորման համար առաջարկվեց ստեղծել հատուկ աշխատանքային խումբ։
Հիշեցնենք, որ նշված թաղամասի բնակիչները նախկինում բազմիցս բողոքի ակցիաներ են իրականացրել՝ պահանջելով կարգավորել իրենց սեփականության իրավունքի հարցը, սակայն խնդիրը մինչ օրս մնացել է անլուծելի։