22.11.2024
Իշխանությունների առաջ քաշած բարեփոխումները վտանգում են խոսքի ազատությունը. կարծիք
prev Նախորդ նորություն

Մամուլ. Իշխանությունը կամաց կոտրում է քաղաքապետ Հայկ Մարությանի հենասյուները

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ աշխատանքից ազատման դիմում գրեց Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Արման Աբրահամյանը, «Հանրապետություն» կուսակցության անդամ Սուրեն Աբրահամյանի որդին։ Իշխանությունը կամաց կոտրում է քաղաքապետ Հայկ Մարությանի հենասյուները, նրա նշանակած թաղապետերին ազատում եւ նշանակում ընտրություններին լավ արդյունքներ ցուցաբերած մարդկանց։ Էրեբունիում խոսում են, որ թաղապետ կնշանակվի ՔՊ շտաբի անդամներից մեկը՝ Վլադը։ Նոր թաղապետերի նշանակման հարցը համակարգում է փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը, ում լիազորությունների շրջանակը տասնապատիկ մեծ է Տիգրան Ավինյանի գործառույթներից»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Թեպետ իշխանությունը հայտարարել է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ձեւավորելու մասին, սակայն հայտնի չէ, թե այն երբ կձեւավորվի։ Փաշինյանը ցանկանում է հնարավորինս լայն ֆորմատ ստեղծել՝ ընդգրկել նաեւ արտախորհրդարանական ուժերի, զոհված եւ անհետ կորածների հարազատներին։ Նպատակը մեկն է՝ հնարավորինս մեծ թվով յուրայիններ ընդգրկել, որպեսզի ամեն ինչ շուռ տան նախկինների վրա։ Սակայն օրենքը թույլ չի տալիս նման ֆորմատ՝ հստակ ասում է, որ այդ նպատակին կարող է ծառայել ԱԺ պաշտպանության մշտական հանձնաժողովը։ Բացի այդ՝ ցանկացած մեկը չի կարող հաղորդակցվել պետական գաղտնիք պարունակող տեղեկատվության հետ, իսկ հանձնաժողովի անդամները հատուկ փաստաթուղթ են ստորագրում՝ պարտավորվելով պետական գաղտնիքներ չհրապարակել։ Ի դեպ, պաշտպանության հանձնաժողովն էր քննում ապրիլյանի դեպքերը, սակայն մեկուկես տարվա աշխատանքից հետո զեկույց չհրապարակվեց։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ այժմ Փաշինյանը հանձնարարել է ուղիներ փնտրել օրենքը շրջանցելու, որ լայն ֆորմատի հանձնաժողով ձեւավորվի»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Նորընտիր խորհրդարանում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ իշխանությունների կողմից հրահրված «դեբոշից» հետո, ինչպես երևում է, ՔՊ-ական պատգամավորները բավականին վախեցած են: «Փաստ» թերթի տեղեկություններով, մասնավորաբար այն ՔՊ-ականները, որոնք առավել ակտիվ էին ընդդիմադիր պատգամավորների վրա հարձակվելու, հայհոյանքներ տեղալու և ձեռքերին ու ոտքերին «զոռ տալու» գործում, դիմել են իրավապահ մարմիններին՝ իրենց անվտանգությունն ապահովելու խնդրանքով: Մեր աղբյուրների փոխանցմամբ, այդ պատգամավորներին իրավապահները կցել են թիկնապահներ, որոնք նրանց ուղեկցում են գրեթե մինչև տան դուռը: Ի դեպ, երեկ էլ մամուլը գրեց, որ Ազգային ժողովի՝ Արցախ մեկնած ՔՊ-ական 6 հոգանոց պատվիրակությանը ուղեկցել է ԱԱԾ ՊՊԾ 12 թիկնապահ: Փաստացի, իշխանությունները գնալով ավելի ու ավելի են դողում իրենց անվտանգության համար, և պետբյուջեի հաշվին համապատասխան միջոցառումներ են իրականացվում ոչ միայն հատուկ պահպանվող անձանց, այլև իշխանական ուժի այլ ներկայացուցիչների համար»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Արցախի Հանրապետության օրվան նվիրված հատուկ նիստին մասնակցելու նպատակով Արցախ է մեկնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակությունը: Ընդ որում, ուշագրավ է, որ ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչներն իրենց հաշվին Ստեփանակերտ են մեկնել «նախատեսվածից» մեծ պատվիրակությամբ: Բացի հատուկ նիստին մասնակցելուց, ընդդիմադիր գործիչները նաև մի շարք հանդիպումներ են ունեցել: Մասնավորաբար, «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանը հանդիպել է Արցախի Հանրապետության նախկին նախագահ Բակո Սահակյանի հետ: Մեր աղբյուրի փոխանցմամբ, հանդիպման ժամանակ հարցերի բավական լայն շրջանակ է քննարկվել: Ի դեպ, ուշագրավ է, որ հատկապես վերջին շրջանում ընդդիմադիր գործիչները էլ ավելի են ակտիվացրել շփումները Արցախի նախկին նախագահների հետ: Կարծիք կա, որ ոչ ոք որևէ հույս չունի, թե գործող իշխանությունները Արցախում կարող են դրական որևէ բան փոխել, ուստի մեծապես կարևորվում են Արցախի նախկին ղեկավարների ներուժն ու գործոնը»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցը Մոսկվա ինքնին հետաքրքրաշարժ է մի քանի առումներով: Նախ՝ հաշվի առնենք, որ, ըստ շրջանառված ու չհերքված տեղեկությունների, հենց Ռուսաստանն էր դեմ, որ կարճ ժամկետով ԱԳ նախարարի առաջին տեղակալ նշանակված Արմեն Գրիգորյանը դառնա ԱԳ նախարար: Նիկոլ Փաշինյանին փաստացի չհաջողվեց Գրիգորյանի օգտին լոբբինգ իրականացնել Մոսկվայում և ստիպված նորից հետ վերադարձրեց ԱԽ քարտուղարի պաշտոնին: Ըստ էության, Ռուսաստանի համար Արարատ Միրզոյանի թեկնածությունը դիտվել է որպես «չարյաց փոքրագույն» տարբերակ: Ուշագրավ էր, որ Արարատ Միրզոյանի նշանակմանն անմիջապես հետևեց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի շնորհավորանքն ու հրավերը Մոսկվա, ինչը վկայում է այն մասին, որ Ռուսաստանի հայկական «դոսյեներում» բազմաթիվ հարցեր կային, որոնք հրատապ քննարկման կարիք ունեին: Ինչ վերաբերում է բուն այցին, ապա այս առումով մեզ որոշ հետաքրքիր մանրամասներ հայտնի դարձան: Ըստ մեր աղբյուրների, Արարատ Միրզոյանը կասկածներ ունի՝ կապված նոյեմբերի 10-ին իր հետ պատահածի հետ, այն առումով, որ հենց իշխանությունները կարող էին, այսպես ասած, իր «գլխին սարքած լինել» ու «ժերտվա տալ»: Նա այս կասկածների հետ կապված նրբորեն փորձել է տեղեկություններ ստանալ Մոսկվայում: Ըստ մեզ փոխանցված տեղեկությունների, ռուս գործընկերները ակնարկը հասկացել են և ուղիղ տեքստով ասել, թե «ձեզ մոտ առանց այդ էլ խնդիրների պակաս չկա, առաջարկում ենք զբաղվել այդ խնդիրների լուծմամբ»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունը որոշել է ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարել, որի նպատակն ապօրինաբար կալանավորված պատգամավորների կալանքի օրինականացումն է։ Խոսքը «Հայաստան» դաշինքի անդամներ Արմեն Չարչյանի, Մխիթար Զաքարյանի, Արթուր Սարգսյանի մասին է։ Նախագիծը ներկայացվել է հանրային քննարկման։ Նշված պատգամավորներին կալանավորել են ԿԸՀ թույլտվությամբ եւ մինչ օրս չեն ստացել ԱԺ համաձայնությունը՝ անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ:  «ՀՀ ԸՕ սահմանադրական օրենքի 90-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ պատգամավորի թեկնածուի՝ մինչեւ պատգամավորի լիազորությունները ստանձնելը ընտրված պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն ԿԸՀ համաձայնությամբ: Առանց ԿԸՀ-ի համաձայնության նա չի կարող զրկվել ազատությունից, բացառությամբ, երբ բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո»:  Այս նախագծով առաջարկվում է հստակեցնել իրավական երաշխիքից օգտվող սուբյեկտները, դրանք են՝ «Կուսակցության (դաշինքի) ընտրացուցակում ընդգրկված թեկնածուն եւ մինչեւ պատգամավորի լիազորությունները ստանձնելը ընտրված պատգամավորը, կուսակցության (դաշինքի) ընտրացուցակում ընդգրկված թեկնածուի կամ մինչեւ պատգամավորի լիազորությունները ստանձնելը ընտրված պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու համար ԿԸՀ դիմող սուբյեկտը, կուսակցության ընտրացուցակում ընդգրկված թեկնածուի կամ մինչեւ պատգամավորի լիազորությունները ստանձնելը ընտրված պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու, կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցի համար նիստ հրավիրելու եւ որոշում կայացնելու ժամկետը, նիստի եւ որոշում կայացնելու համար անհրաժեշտ ձայների հարցը»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել Քննչական կոմիտեում իրականացված փոփոխությունների պատճառներից: Ինչպես հայտնի է, օրերս ՀՀ քննչական կոմիտեն փոխեց ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի քննչական վարչության պետին, եւ նոր պետ նշանակվեց Արման Բաղդասարյանը: Փոխվել էին նաեւ Սյունիքի եւ Լոռու մարզի քննչական վարչության պետերը: Պարզվում է՝ քննչական պետերի փոփոխությունը բավականին խորը արմատներ ունի: Բանն այն է, որ կոմիտեն այս փոփոխությանը գնացել է այն բանից հետո, երբ պարզվել է, որ վարչության պետերը ու, առհասարակ, քննիչները կաշկադված են վերջին շրջանում մարզերում կոնկրետ քրեական գործերով քայլեր իրականացնել, ուստի մարզի քննչական վարչության պետեր են նշանակել այնպիսի անձանց, որոնք մարզի հետ կապ չունեն ու, առանց Երեւանի քննիչներից օգնություն խնդրելու, կարող են մարզում կազմակերպել լուրջ օպերացիաներ»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հիմնադրած menu.am ընկերությունը եւս 400 դրամով թանկացնում է առաքման ծառայությունը։ Որպես հիմնավորում՝ նշվում է գերբեռնվածությունը։ Նկատենք՝ տաքսի ծառայությունների թանկացումը եւս կապվում էր գերբեռնվածության հետ։ Այսինքն՝ այս պատճառաբանությամբ կարող է թանկանալ ամեն ինչ։ Ուշագրավ է, որ այսպես է վարվում հենց ՀՀ էկոնոմիկայի նախարարի հիմնադրած ընկերությունը: Ընդ որում՝ նա, մի կողմից, խոսում է երկրի տնտեսական աճի, տնտեսության հիանալի վիճակի մասին, սակայն, մյուս կողմից, թանկացնում է ծառայությունը՝ անհեթեթ պատճառաբանությամբ: Նկատենք, որ սննդի առաքմամբ զբաղվող այս ընկերության պարագայում առաքման ծառայության արժեքները տատանվում են, եւ երբեմն ծառայությունը կարող էր արժենալ անգամ 1000 դրամ, իսկ այժմ այն ավելանում է եւս 400 դրամով։ Ստացվում է` քաղաքացիների կյանքը թեթեւացնելու փոխարեն՝ անձնական բիզնեսի օրինակով էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հարվածում է մարդկանց գրպանին»։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կառավարությունը չի կատարում Սահմանադրական դատարանի որոշումը: Բանն այն է, որ այս տարվա օգոստոսի 19-ին եւ 20-ին Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում քննարկման է ներկայացրել 37 համայնքի միավորման նախագիծ: Այդ նախագծերը մեկ անգամ արդեն քննարկման էին դրվել 2020թ. դեկտեմբերին, եւ քվեարկողների բացարձակ մեծամասնությունը՝ 93%-ը, դեմ էր քվեարկել նախագծերին: Այժմ եւս քվեարկածների կեսից ավելին դեմ է ներկայացված նախագծերին: Նկատենք, որ կառավարությունը մտադիր չէ տեղական հանրաքվե իրականացնել ընտրություններից առաջ, որպեսզի իմանա միավորվող համայնքների վերաբերյալ բնակչության կարծիքը: Հիմնավորման մեջ միայն նշված է, որ միավորվող համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների հետ (նաեւ բնակիչների հետ «Town Hall» ձեւաչափով) համայնքային ժողովներ են կազմակերպվել, որոնց արդյունքներով մշակվել են համայնքների միավորման նախագծերը: Առկա է, սակայն, Սահմանադրական դատարանի որոշում՝ Կոտայքի մարզի Աբովյան, Ծաղկաձոր եւ Նոր Հաճն համայնքների ղեկավարների դիմումի հիման վրա, երբ Սահմանադրական դատարանը 2021թ. մայիսի 14-ին որոշել էր, որ համայնքի կարծիքը տեղական հանրաքվեի միջոցով արտահայտելու իրավունքի արդյունավետ իրականացման համար օրենսդրական անհրաժեշտ կառուցակարգեր եւ ընթացակարգեր պետք է նախատեսվեն: Կառավարությունը, սակայն, փաստացի չի կատարում ՍԴ-ի որոշումը»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավորի թափուր տեղն այդպես էլ չի լրացվել: Բանն այն է, որ դեռեւս այս տարվա մայիսի 25-ին, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 3-րդ մասի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Հովսեփ Բեդեւյանի, Հրաչ Այվազյանի եւ Լիանա Հակոբյանի թեկնածությունները: Այդ ժամանակահատվածը, սակայն, համընկավ արտահերթ ընտրությունների քարոզարշավի, ապա ընտրությունների հետ, եւ խորհրդարանը, այսպես ասած, ժամանակ չուներ այս հարցը քննարկելու: Ստացվում է՝ չորս ամիս է՝ դատավոր այդպես էլ չի ընտրվել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս հարցն արդեն ընգրկված է ութերորդ գումարման խորհրդարանի նախագծերի թվում եւ առաջիկայում կքննարկվի նորընտիր Ազգային ժողովի կողմից: Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ՝ չնայած այս հարցը այդպես էլ չի քննարկվել, թեկնածուներն էլ չէին հասցրել հանդիպել պատգամավորներին, սակայն իշխանություններն արդեն որոշում ունեն, եւ այս պաշտոնում կընտրվի Հովսեփ Բեդեւյանը: Հավելենք, որ նա նախորդ տարվա դեկտեմբերին վարչապետի մոտ մասնակցել էր դատական ներկայացուցիչների հետ հանդիպմանը, որը քննադատվել էր համակարգի շատ ներկայացուցիչների կողմից, որոնք համարում էին, որ այդպիսով գործադիրն իր մասնակցությունն է ունենում դատական իշխանության գործերին»: