22.11.2024
Գործող իշխանության համար խոսքի ազատությունը և ԶԼՄ–ները թշնամիներ են. Սաթիկ Սեյրանյան
prev Նախորդ նորություն

Իշխանությունների առաջ քաշած բարեփոխումները վտանգում են խոսքի ազատությունը. կարծիք

Գործող իշխանության օրենսդրական նախաձեռնությունները վտանգում են խոսքի ազատությունն ու տեղեկատվության մատչելիությունը Հայաստանում։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 1-ին, հայտարարել է իրավաբան, միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը՝ ելույթ ունենալով «Ընդդեմ սահմանափակումների, հանուն խոսքի ազատության եւ տեղեկատվության իրավունքի» քննարկմանը։


Նրա խոսքով, եթե Հայաստանում տեղեկատվության ոլորտի կարգավորման անհրաժեշտություն կար, ապա դա վերաբերում էր բացառապես ատելության տարածմանը վերաբերող հարցերին և ոչ ավելին: Վերջին 10 տարիների ընթացքում առկա վիրավորանքների և զրպարտությունների վերաբերյալ կարգավորումները բավարար էին, նրանք լրացումների կարիք չունեին: «Անշուշտ, որոշակի բարդություններ կային զրպարտության վերաբերյալ գործերի քննության ժամկետների հետ կապված, սակայն այդ խնդիրը կարող էր լուծվել վերը նշված գործերի արագացված քննարկման վերաբերյալ կարգավորումներ ընդունելու միջոցով», - հայտարարել է Ղազարյանը:


Վերջին շրջանում ընդունված շատ օրենսդրական բարեփոխումներ, մասնավորապես, զրպարտության մասնակի քրեականացումը, հակասում են եվրոպական կոնվենցիաներին և միջազգային իրավունքին, նշել է նա: «Բազմաթիվ երկրների համեմատ, զրպարտության գործերով 2011-ից գործող դատական պրակտիկան եղել է առաջադեմ և հավասարակշռված, և դրա խստացման, մասնակի քրեականացման ու ԶԼՄ-ների ցուցումների ոչ մի անհրաժեշտություն չի եղել», - հայտարարել է նա:


Ղազարյանը նշել է, որ օրենքով տրվում են «ծանր վիրավորանքի» շատ մակերեսային ու մշուշոտ սահմանումներ, որոնք կհամարվեն քրեական հանցագործություն Հայաստանում։ Նա նշել է, որ ՔՕ-ում նման հոդվածի առկայության փաստը զսպող գործոնի դեր կխաղա. շատ լրագրողներ ձեռնպահ կմնան տեղեկատվության հրապարակումից՝ վախենալով, որ այն կարող է գնահատվել որպես ծանր վիրավորանք, իսկ ինքը կենթարկվի քրեական պատասխանատվության:


Այսպիսով, հոդվածի առկայության փաստը կխոչընդոտի տեղեկատվության ազատ հոսքին, ինչը միջազգային իրավունքի նորմերի խախտում է։ Բացի այդ, սույն հոդվածի երրորդ կետով նախատեսված է ազատազրկում՝ նշված հանցագործության կրկնության դեպքում եռամսյա կալանքի կիրառման տեսքով։ Դա հակասում է նաև Եվրոպայի խորհրդի առջև Հայաստանի ստանձնած պարտավորություններին, որոնց համաձայն երկիրը պարտավորվել է ապաքրեականացնել զրպարտությունը և անհապաղ հրաժարվել ազատազրկման հետ կապված միջոցառումներից։


Նա նաև հավելել է, որ նախատեսվում է նաև կեղծանունների օգտագործման արգելք սահմանել, ինչը նույնպես միջազգային իրավունքի խախտում է, քանի որ, ըստ էության, կապված է անանունությունը պահպանելու հետ: Ղազարյանն ընդգծել է, որ նման նորմը դժվար վերահսկելի է, դրա ընդունման դեպքում դժվար կլինի, եթե չասենք հնարավոր չէ, վերահսկել դրա կատարումը: