Ինչո՞ւ չի հրապարակվում Սահմանադրության տեքստը․ նախարարի պարզաբանումը
Բավարար ժամանակ դեռևս չի եղել յուրացնելու նոր Սահմանադրության նախագծի տեքստը, անելու համապատասխան առաջարկներ, որոնք միտված են լինելու դրա փոփոխությանը, լրամշակմանը։ Այս մասին այսօր՝ ապրիլի 17–ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
«Տարակարծություններ միշտ կան, որովհետև միանձնյա որոշումներով առաջ չենք շարժվել, երբեք և առաջ չենք շարժվում։ Յուրաքանչյուր օրենսդրական նախագծի շուրջ տարաձայնություններ լինում են և դրանք քննարկվում են, լուծումներ են գտնվում»,–ասաց նա։
Դիտարկմանը, որ անհասկանալի է, թե ինչու չի հրապարակվում Սահմանադրության տեքստը, Գալյանն ասաց. «Կհրապարակվի այն ժամանակ, երբ պատրաստ կլինի հրապարակման։ Դա նշանակում է մի բան, որ դեռ հրապարակման համար պատրաստ չէ։ Մենք ենք որոշում՝ պատրաստ է հանրությանը ներկայացնելու, թե ոչ։ Ես ասում եմ՝ տեքստ պատրաստ է, դրված է քննարկումների, կորոշվի՝ երբ է հրապարակվելու»։
Նախարարը տեղեկացրեց, որ քննարկվել է նաև մաս–մաս հրապարակելու տարբերակը, բայց դեռևս որոշում չկա։
Գալյանի խոսքով, Սահմանադրության նախաբանի մի քանի տարբերականեր կան։ Հարցին՝ այդ տարբերակներում Անկախության հռչակագրին հղում բացակայո՞ւմ է, նա արձագանքեց. «Տեքստ դեռ հրապարակված չէ, երբ հրապարակվի ինքներդ կտեսնեք։ Ինտրիգ չկա, ես ասում եմ այն, ինչ ուզում եմ»։