Զինծառայողը սպանվել է ծառայակցի հետ վիճաբանության ժամանակ, կա ձերբակալված. ՔԿ

209

Երրորդ կայազորային քննչական բաժնում ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել են պարտադիր ժամկետային զինծառայող Ալեք Նվերի Կարապետյանի մահացու հրազենային վնասվածքն ստանալու հանգամանքները. հարուցվել է քրեական գործ՝ սպանության դեպքի առթիվ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից:


Նախնական տվյալներով՝ զինծառայող Ալեք Կարապետյանը կրծքավանդակի աջ շրջանում կյանքի հետ անհամատեղելի հրազենային վիրավորումն ստացել է 2018թ. ապրիլի 15-ին՝ ժամը 19:15-ի սահմաններում՝ ժամապահի պարտականությունները կատարելու ժամանակ։ Զինհոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին վերջինս ստացած հրազենային վնասվածքից մահացել է:


Դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ զինծառայողը հրազենային վնասվածքն ստացել է ծառայակցի հետ վիճաբանության ժամանակ՝ վերջինիս կողմից արձակված կրակոցի հետևանքով։ Քննությամբ պարզվել է վիճաբանության շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով ձերբակալվել է։


Կատարվել է դեպքի վայրի զննություն, դիակի արտաքին զննություն, նշանակվել դատաբժշկական փորձաքննություններ, կատարվել առգրավումներ, հարցաքննվել մի շարք անձինք:


Նախաքննությունը շարունակվում է:

Տպել

Թեմայի այլ նորություններ