25.11.2024
Զինծառայողը սպանվել է ծառայակցի հետ վիճաբանության ժամանակ, կա ձերբակալված. ՔԿ
prev Նախորդ նորություն

Վաղը ամբողջ հանրապետությունը պետք է դուրս գա փողոցներ. Փաշինյանը հրապարակեց հետագա անելիքը

Քիչ առաջ Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց «Իմ քայլը» և «Մերժիր Սերժին» քաղաքացիական նախաձեռնությունների հանրահավաքը:

Նախքան դրա մեկնարկը շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը ոտքով մոտեցավ Բաղրամյան պողոտայի ոստիկանական պատնեշին՝ փշալարերի մոտ և բարձրախոսով դիմելով հավաքվածներին կանչեց նրան ներքև՝ նշելով, որ տեխնիկան հնարավոր չէ մոտեցնել այդ հատված, ուստի հանրահավաքը կանցկացվի Ֆրանսիայի հրապարակում:

Փաշինյանը նաև տեղեկացրեց, որ ոստիկանությունից երաշխիք են տվել, որ այդ ընթացքում իրավապահները փշալարերը առաջ չեն տեղաշարժի:


Իր ելույթում Փաշինյանը նշեց, որ այսօր հաջողված օր է, որովհետև իրենց հաջողվեց քաղաքական իրավիճակում բեկում մտցնել և հերքեցին այն խոսակցությունները, թե հայ ժողովուրդը տանը նստած է և չի ուզում բան փոխել իր կյանքում: Նա նշեց, որ հայ ժողովուրդը հաղթական ժողովուրդ է և դա երևաց այսօրվա ընթացքում.


«Մեր շարժումը ակնհայտորեն ՀՀ տասնյակ հազարավոր քաղաքացիների համակրանքն ու աջակցությունն ունի, որովհետև սա արդար շարժում է, հույսի շարժում է և շարժում է հանուն քաղաքացու հաղթանակի: Մենք հաջողությամբ իրականացրինք «փակիր փողոցը» գործողությունը և ՀՀ հազարավոր քաղաքացիներ իրենք փակեցին փողոցները, դուրս եկան հրապարակ և հայտարարեցին, որ իրենք զզվում են Սերժ Սարգսյանից, որ իրենք թույլ չեն տա Հայաստանի ադրբեջանացումը: Սա Հայաստանի Հանրապետությունն էր և վե՛րջ»,- հայտարարեց նա:


Պատգամավորը նշեց, որ ՀՀԿ-ն պատրաստվում է Սարգսյանին կարգել ՀՀ վարչապետ և վաղը ժամը 12.00-ին ԱԺ նիստ է նախատեսվում: Ըստ այդմ, նա նշեց, թե ինչ է առաջարկվում անել.


«Վաղը «փակիր փողոցը» ակցիան պետք է իրականացնենք ավելի լայն մասշտաներով և փակենք ԱԺ-ին մոտեցող բոլոր մուտքերը: Մեկը Բաղրամյան պողոտան է՝ երկու կողմերից, մյուսը Դեմիրճյան-Պռոշյանն է, հաջորդը Սարյան փողոցը, Հալաբյան փողոցից մուտքը դեպի ձոր, Հրազդան մարզադաշտից մուտքը: Մենք քննարկում էինք, որ այսօրվանից պետք է այդ գործընթացը սկսենք, բայց կարծիք հնչեց, որ գիշերը մարդիկ չեն մնա և ակցիան թույլ կլինի: Բայց մենք պետք է փակենք այդ բոլոր փողոցները՝ զիլերով, կռազներով, ինչով պատահի: Եվ մեր գործողություններոը պետք է նորից լինեն ապակենտրոնացված: Մեզ անհրաժեշտ է, որ վաղը ամբողջ հանրապետությունը դուրս գա փողոցներ՝ բոլորը, առանց բացառության»,- հայտարարեց նա: Այս հայտարարությունը հավաքվածները դիմավորեցին բուռն ոգևորությամբ:


Փաշինյանը կոչ արեց ՀՀ բոլոր քաղաքների ու գյուղերի բնակիչներին դուրս գալ փողոց, փակել բոլոր ճանապարհները, իսկ ով կարող է գան հասնեն Երևան: Կոչ արեց ուսումնական բոլոր հաստատություններին հայտարարել համահայաստանյան դասադուլ և համահայաստանյան գործադուլ:


«Ես կարծում եմ, որ փողոցների շրջափակումը պետք է սկսել հենց այսօրվանից: Ով ուզում է այսօր սկսել, սկսենք այսօրվանից, իսկ առավոտյան շարունակել ալիքաձև գործողությունը, ինչպես եղավ այսօր: Սիրելի հայրենակիցներ, հենց հիմիկվանիցզբաղվեք այդ փողոցների շրջափակմամբ»,- հորդորեց նա:


Ըստ Փաշինյանի՝ սա կլինի արդյունավետ գործողություն, որը կկարողանա խոչընդոտել ԱԺ «չարաբաստիկ նիստի» կայացմանը և կասի իշխանություններին, որ թույլ չեն տալիս, որ Սերժ Սարգսյանը վերադառնա: