24.11.2024
Տավուշում և Արարատում անկլավների հանձնումն ամբողջությամբ կաթվածահար է անելու ՀՀ-ն
prev Նախորդ նորություն

Ընդդիմությունը համատեղ պայքարի պլան դեռ չի մշակել. ՄԱՄՈՒԼ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. Շուրջ մեկ շաբաթ ընթացող բողոքի ակցիաները երեկ դուրս եկան Տավուշի սահմաններից ու տարածվեցին ՀՀ տարբեր մարզերում եւ Երեւանում։ Երեկ վաղ առավոտից միջպետական, ներմայրաքաղաքային փողոցներ էին փակվում: Շարքային քաղաքացիների կողքին էին նաեւ ընդդիմադիր պատգամավորներ, ավագանու անդամներ, հանրային դեմքեր։ Բայց ակցիաների հիմնական կազմակերպիչը «Հայաստան» դաշինքն էր, թեպետ ձեռքերը ծալած չեն նստել նաեւ «Պատիվ ունեմ»-ի անդամները, որոնք բերման ենթարկված ցուցարարների ետեւից այցելում էին ՁՊՎ եւ ոստիկանություն: Մեզ թվաց, թե ընդդիմության 2 թեւը համագործակցության եզրեր է գտել, սակայն տեղեկացանք, որ համատեղ պայքարի պլան դեռ չի մշակվել: Ճիշտ է՝ մարտավարական առումով հակասություններ չկան ընդդիմադիր թեւերի միջեւ, սակայն «որոշակի հարցեր կան, որոնք դեռեւս ճշգրտումների փուլում են»: Ինչ հարցեր՝ հնարավոր չեղավ մանրամասնել։


«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հայաստանի տարբեր մարզերում ծավալված խաղաղ անհնազանդության երեկվա ակցիաներն իշխանական թիմում երկակի տրամադրություններ են առաջացրել։ Որոշ տեղեկություններով, ՔՊ-ական պատգամավորներից ոմանք մասնավոր քննարկումներում իշխանության ներկայացուցիչների անվտանգությունն ապահովելու միջոցառումների անհրաժեշտության մասին են բարձրաձայնել՝ շեշտելով, որ հետպատերազմյան օրերի շունչն է զգացվում, պետք է պատրաստ լինել հնարավոր հարձակումներին ու անակնկալներին: Սակայն շատերին էլ այս ակցիաները չեն մտահոգել՝ վստահ են, որ դժվար թե պայքարը թափ հավաքի։ Այնպես են ժողովրդի ողնաշարը կոտրել, որ հազիվ թե 2018-ը կրկնվի: Ի դեպ, իշխանական թիմում սարսափում են հատկապես այն մոտալուտ օրվանից, երբ օրակարգ կգա փախստականների վերադարձի հարցը:


Կարծում են, որ այդ ժամանակ իրենց կողմից որեւէ մանիպուլյացիա չի աշխատի, եւ ոչ մի կերպ մարդկանց չեն կարող «կտեր» տալ, թե սա նրանց հողն է, տալիս ենք: Եթե հիմա հայտարարում են, որ ՀՀ սահմանից մի միլիմետր չեն հանձնում, այն, ինչ տալիս են Ադրբեջանին, ադրբեջանական է, ապա ադրբեջանցի «փախստականների» վերադարձի ժամանակ ոչ մի «կռուտիտ» չի անցնի։ Անգամ իշխանական թիմում կանխատեսում են` երբ Ալիեւը փախստականների անվան տակ Հայաստան ուղարկի հատուկ ծառայությունների ներկայացուցիչների՝ իրենց ընտանիքներով, «բոլոլան» այդ ժամանակ կսկսվի: Հիշեցնենք, որ Ալիեւը հայտարարում է 250 հազար փախստականի մասին, որոնք ժամանակին ապրել են Հայաստանում, իսկ հիմա նրանք աճել-բազմապատկվել են, եւ նրանց ժառանգները եւս կարող են գալ Հայաստան։ Իսկ Ադրբեջանում ապրող 500 հազար հայերի, 120 հազար արցախահայերի վերադարձի իրավունքը ոչ մեկը չի պաշտպանում, գոնե որպես հակակշիռ առաջ չի քաշում»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Եթե Հուլիոս Կեսարի՝ «Եկա, տեսա, հաղթեցի» հանրահայտ ասույթի ոճը տեղադրենք մեր օրերի ՔՊ պաշտոնյաների գերակշիռ մասի կենսագրություններում, կստացվի, որ անձինք, չունենալով աշխատանքային որեւէ կենսագրություն, անցյալ, ստեղծած արժեքներ, իրենց այսօրվա բարեկեցության եւ զբաղեցրած պաշտոնների համար պարտական են բացառապես Նիկոլ Փաշինյանի իրականացրած իշխանափոխությանը։ Օրինակներից մեկը Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի նորանշանակ տեղակալն է, որը մինչեւ «բաղձալի հեղափոխությունը» ոչ մի րոպե չի աշխատել որեւէ վայրում, թեեւ ավարտել է դպրոց եւ 8 տարի ուսանել է Գավառի պետական համալսարանում։ Ահա՛, Նիկոլ Փաշինյանի կադրերի ընտրության պատկերն է»:



«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսօր ՔՊ-ն կհանդիպի ՍԴ դատավորի թեկնածու, հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի դատավոր եղբոր՝ Դավիթ Խաչատուրյանի հետ։ Նրանք դրական են տրամադրված ՍԴ թեկնածուի նկատմամբ եւ համարում են իշխանության «սրտի» թեկնածու։ Ինչպես հայտնի է, մարտի 29-ին Դատավորների ընդհանուր ժողովի քվեարկության արդյունքներով՝ ՍԴ դատավորի թեկնածու է ընտրվել դատավոր Դավիթ Խաչատուրյանը: Քվեարկությանը մասնակցել է 260 դատավոր: Նրանցից 126-ը քվեարկել է թեկնածուներից Արսեն Նիկողոսյանի օգտին, իսկ 131 ձայն գրանցվել է Դավիթ Խաչատուրյանի օգտին:


Նշենք, որ Դավիթ Խաչատուրյանը ԲԴԽ անդամ է եղել, միայն ամիսներ առաջ է ընտրվել՝ որպես Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր՝ ունենալով լարված հարաբերություններ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի հետ: Այժմ էլ, փաստորեն, հավակնում է Սահմանադրական դատարանի դատավոր դառնալ: Մինչ այս՝ փետրվարի 2-ին, ՍԴ դատավորի թեկնածուի ընտրության օրակարգով եւս մեկ ժողով էր հրավիրվել: Այդ ժամանակ եւս Խաչատուրյանն առաջադրել էր իր թեկնածությունը, սակայն դատավորներն ընտրել էին Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Բալայանին: Վերջինս, սակայն, ՍԴ դատավոր չդարձավ, քանի որ Ազգային ժողովում ՍԴ դատավորի ընտրության հարցով քվեարկությանը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ամբողջ կազմով չմասնակցեց: Թե այս թեկնածուի՝ Դավիթ Խաչատուրյանի ընտրության դեպքում ԱԺ-ում ինչ զարգացումներ կլինեն, դեռեւս հայտնի չէ, բայց, դատելով այն հանգամանքից, որ Խաչատուրյանին՝ որպես Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի, Ազգային ժողովն է ընտրել, կարելի է ենթադրել, որ նա մեծ շանսեր ունի՝ ԱԺ-ի կողմից ընտրվելու: Ավելին՝ Դավիթ Խաչատուրյանը հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի եղբայրն է, իսկ դա արդեն ՔՊ քրեական գործերով անցնող, կամ այդպիսի հարազատներ ունեցող պատգամավորների համար լուրջ խնդիր է. չեն համարձակվի նեղացնել Սասուն Խաչատրյանին:»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Գյումրիում ՔՊ-ի առջեւ ծառացած հարցերն ու խոչընդոտները լուծելու գործն իր վրա է վերցրել: Երեկ հայտնի դարձավ, որ վարչապետի տիկինը գնացքով գնացել է Գյումրի: ArmLur.am-ը տեղեկացրել էր, որ Աննա Հակոբյանը Գյումրիում՝ 44-օրյա պատերազմում նահատակված հերոսի հիշատակին նվիրված խաչքարի բացմանը մասնակցելու էր գնացել: «Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել Հակոբյանի՝ Գյումրի այցից: Այսպիսով՝ տեղեկացանք, որ վարչապետի տիկնոջ այցն իրականում քողարկված քաղաքական նպատակ է ունեցել: Բանն այն է, որ որքան էլ ՔՊ-ականները ցույց են տալիս, թե իրենք Գյումրիում իշխանությունն «իրենցով անելու» մտադրություն չունեն, ղեկավարությունն այնտեղ հեշտ ու հանգիստ զիջել են «Բալասանյան դաշինքին», իրականում, ՔՊ-ականներն անհանգիստ են: Բանն այն է, որ Գյումրիում հասարակության դժգոհությունները Փաշինյանի իշխանությունից գնալով խորանում են. հատկապես վերջին օրերին այնտեղ պարբերաբար ակցիաներ են տեղի ունենում, բնակիչները ճանապարհ են փակում, վերջերս էլ գյումրեցիները Նիկոլ Փաշինյանին էին շատ «ջերմ» ընդունել Գյումրիում:


ՔՊ-ականներն էլ լուրջ մտավախություն ունեն, որ Գյումրիում կրքերը կարող են օրըստօրե թեժանալ, իրավիճակը կարող է ցանկացած պահի իրենց վերահսկողությունից դուրս գալ. Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանին էլ լուրջ «վտանգ» են համարում արդեն իրենց համար: Ու, քանի որ, այնտեղ իշխանությունն իրենց ձեռքին չէ եւ անհրաժեշտության դեպքում իրենց մեթոդներով չեն կարողանա զսպել լարված մթնոլորտը, ահա Աննա Հակոբյանը այս կարեւոր «առաքելությունն» իր վրա է վերցրել: Մեր տեղեկություններով՝ երեկվա նրա այցը Գյումրի նպատակ է ունեցել նախ «ստուգել» հանրային տրամադրությունները, բացի դրանից՝ իր ազգականի՝ Գյումրու նախկին փոխքաղաքապետ Վահագն Մկրտչյանի միջոցով նաեւ ՔՊ-ի համար որոշ հարցեր լուծել: Հաջողվե՞լ է դա, թե՞ ոչ՝ ժամանակը ցույց կտա»:


«Հրապարակ» թերթը գրում է. «ԿԳՄՍ նախարարությունում կառուցվածքային փոփոխություններ են նախապատրաստվում։ Ըստ հավաստի աղբյուրների, ակտիվորեն քննարկվում է լիցենզավորման գործակալության միավորումը Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի հետ, որի ղեկավարը Ռուբեն Թոփչյանն է։ Սա, մասնագետների կարծիքով, աբսուրդի ժանրից է` այս երկու հիմնարկները բացարձակապես տարբեր գործառույթներ ունեն եւ կապ չունեն միմյանց հետ։ Ըստ մշակվող նոր կառուցվածքի՝ լուծարվում է նաեւ սփյուռքի բաժինը։ Նախագիծը դեռեւս ուղարկված չէ կառավարություն, այն փակ փաստաթուղթ է, սակայն նախարարության աշխատողները գիտեն այս մասին»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հանրապետության նախագահի աշխատակազմը նախագահին սպասարկող մեքենաների համար ձեռք է բերել 216 հազար դրամի LED լույսեր՝ 36 հատ։ 36-ից երեսունն արժեցել է 144 հազար դրամ, իսկ 6-ը՝ 72 հազար դրամ։ LED լույսերի տեխնիկական բնութագիրը հետեւյալն է. «LED լուսարձակ, հզորությունը՝ 30W, լուսային հոսանքը՝ 2700 լյումեն, սնուցման լարումը՝ 100-240V»։ Լուսարձակների ձեռքբերման պայմաններից մեկը գնորդին հանձնելու ժամանակահատվածն է: Եվ, ըստ դրա, լուսարձակների կեսը պետք է մատակարարել պայմանագրի ուժի մեջ մտնելուց 40-րդ օրը, իսկ մյուս կեսը՝ սույն թվականի սեպտեմբերի 1-ին։ Նախագահի աշխատակազմը հաճախ է գնումների պայմանագրեր կնքում մեքենայի տեխնիկական սպասարկումների հետ կապված։ Այս անգամ մեքենաների տեխնիկական սպասարկումը ՀՀ նախագահի համար արժեցել է 5 մլն 400 հազար դրամ։ Այս սպասարկումը արվել է 7 մեքենայի համար։ Սեփական մեքենաների վրա միլիոններ ծախսող նախագահը նշված մակնիշի մեքենաներով, չգիտես, թե ուր է այցելում, սակայն դրանց վերանորոգման համար աճուրդները, ինչպես տեսնում ենք, «խոստումնալից են»։ Հավելենք, որ տեխնիկական առումով, ՀՀ բյուջեով սպասարկվող մեքենաներով նախագահը մեկ անգամ չայցելեց փողոցում ապօրինի բերման ենթարկվածներին, իր ոչ մի խոսքում չհիշատակեց նրանց մասին։ Սա էլ՝ ՀՀ-ում ՔՊ-ականների «սրտի» նախագահը»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Օրեր առաջ պարզ դարձավ, որ Հայաստանի ամենահայտնի քաղաքացի, իտալական «Ինտեր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դարձավ Իտալիայի չեմպիոն. սա իսկապես պատմական իրադարձություն է նաեւ հայերիս համար։ Մեր ֆուտբոլիստի լուսանկարը բազմաթիվ միջազգային լրատվամիջոցների առաջին էջերին էր, մեծ ուրախություն էր նաեւ սոցցանցերի հայկական տիրույթում: Տարօրինակն այն է, որ այս մեծ իրադարձությունից անմասն մնաց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, որը մինչեւ երեկ նույնիսկ իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում կամ կայքում մեկ խոսք անգամ չգրեց այս իրադարության մասին: Սա իսկապես, մեղմ ասած, տարօրինակ է. նորմալ երկրում Հենրիխ Մխիթարյանին կշնորհավորեին ու նրանով կհպարտանային` սկսած իշխանության բարձրագույն օղակներից: Ամեն պատեհ ու անպատեհ առիթով «ստատուս» գրող իշխանավորների շրջանում եւս չնկատվեց որեւէ շնորհավորական խոսք կամ գրառում:


Պատկերացրեք` հիմա ինչ կանեին ադրբեջանցիները, եթե Հենրիխ Մխիթարյանի գոնե կես մակարդակի ու ճանաչելիության չափ ֆուտբոլիստ ունենային. վստահաբար` Բաքվի գլխավոր փողոցներում կլինեին նրա լուսանկարները, Ալիեւն անձամբ կդիմավորեր նրան ու կշնորհեր «Ազգային հերոսի» շքանշան: Ի դեպ, մեր հարեւան Վրաստանում հաճախ կարելի է տեսնել իտալական «Նապոլի»-ի հարձակվող Խվիչա Կվարացխելիայի դիմանկարները. պետությունը նրան օրինակ է բերում նոր սերնդի համար ու ամենուր քարոզում է իր մարզիկների հաջողությունները, նրանց դարձնում է երկրի այցեքարտ: Իսկ մեր պարագայում գործ ունենք հերթական նեղ անձնական ամբիցիաների հետ:


Ի դեպ, թեման ուսումնասիրելիս մեզ հայտնի դարձավ, որ ՀՖՖ ղեկավարությունը չի շնորհավորել նույնիսկ լեգենդար «Արարատ 73»-ի հաղթանակի 50 ամյակի կապակցությամբ: Այս մասին տեսանյութերից մեկում նշում է լեգենդար թիմի մարզիչ Նիկիտա Սիմոնյանը: Ավելին՝ ՀՖՖ մեր աղբյուրները պնդում են, որ շռայլ ծախսերով աչքի ընկնող ֆուտբոլային չինովնիկները նույնիսկ չեն օգնել ծանր հիվանդությամբ տառապող, երջանկահիշատակ Նիկոլայ Ղազարյանին, ով ոչ միայն «Արարատ 73»-ի լեգենդներից էր, այլեւ ՀՖՖ առաջին նախագահը: Այս մասով պարզաբանում ստանալ, ինչպես միշտ, չհաջողվեց, քանզի ՀՖՖ-ի ներկայիս ղեկավար ու նախկին լրագրող Արմեն Մելիքբեկյանը խուսափում է լրագրողների հարցերին պատասխանելուց: Ի դեպ, միայն ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանն էր իր ֆեյսբուքյան էջով շնորհավորել Մխիթարյանին»: