Մամուլի տեսություն. Օհանյան-Օսկանյան առաջնորդությամբ դաշինքը կարող է չկայանալ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի այսօրվա ամենաուշագրավ հրապարակումները:

«Ժամանակ»–ը գրում է. «Թերթի տեղեկություններով՝ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի առաջնորդությամբ դաշինքը կարող է չկայանալ։ Օրերս նախկին երկու պաշտոնյաները հանդիպել են Գագիկ Ծառուկյանին ընտրություններին դաշինքով մասնակցելու առաջարկով։ Ծառուկյանին հանդիպել են նաև «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը և ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը։ Քաղաքականություն վերադառնալու մասին Ծառուկյանի հայտարարությունը, ըստ ամենայնի, կհնչի այս շաբաթ։ Մեր տեղեկություններով՝ ԲՀԿ նախկին ղեկավարը չի ցանկանում իր գլխավորած ցուցակում այնպիսի մարդկանց ընդգրկել, ովքեր կարող են խնդիրներ առաջացնել իշխանության հետ, ուստի չի բացառվում, որ Օսկանյանն ու Օհանյանը ստիպված լինեն հանդես գալ սեփական դաշինքով»:

«Չորրորդ իշխանություն»-ը գրում է. «Պաշտոնական վիճակագրությունն անուղղակի ի ցույց է դնում ՀՀ-ում արտագաղթի իրական ծավալները։ Ըստ այդմ, տարեկան Հայաստանից հեռանում է բնակչության մոտ 3 տոկոսը։ Ու պատահական չէ, որ նախորդ տարի, օրինակ մանրածախ առևտրի շրջանառությունը նվազել է 2,9 տոկոսով։ Միաժամանակ, հացի արտադրության ծավալները նվազել են 2,7 տոկոսով, եթե 2015-ի հունվար-նոյեմբեր ամիսներին արտադրվել էր 261,2 տոննա հաց, ապա նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արտադրվել էր 255,2 տոննա։ Սրանք այն ցուցանիշներն են, որոնց նվազումը պայմանավորված է մի կողմից բնակչության թվի պակասելով, մյուս կողմից՝ գնողունակության անկմամբ»:

«Ժամանակ»–ը գրում է. «ՀՀԿ-ում ոչ մի կերպ չեն կարողանում լուծել վարչապետ Կարեն Կարապետյանի՝ Հայաստանում հինգ տարի մշտական բնակության վերաբերյալ տեղեկանքի հարցը, որն անհրաժեշտ է ՀՀԿ ցուցակում հայտնվելու և պատգամավորության թեկնածու առաջադրվելու համար։ Առկա իրավական հիմքերը շատ թույլ են, և Կարեն Կարապետյանը կտրականապես հրաժարվել է որևէ կեղծ տեղեկանքով պատգամավոր առաջադրվելու մտքից։ Նա պատրաստակամություն Է հայտնել ամբողջ քարոզարշավ բեռը ստանձնել, բայց չգնալ որևէ կեղծիքի: Կարծես համաձայնություն է ձեռք բերվել՝ ո՛չ Կարեն Կարապետյանը, ո՛չ Սերժ Սարգսյանը չեն լինելու ՀՀԿ նախընտրական ցուցակում։ Այս պահին քննարկվում է Վիգեն Սարգսյան, Տարոն Մարգարյան, Արփինե Հովհաննիսյան ձևաչափը։ Այս դեպքում Սերժ Սարգսյանը կարող է գլխավորել ՀՀԿ նախընտրական շտաբը»։

«Ժամանակ»–ը գրում է. «Ինչպես կանխատեսել էինք՝ «Ժառանգություն» կուսակցությունը տրոհման եզրին է։ Րաֆֆի Հովհաննիսյանը շարունակում է մնալ Լոս Անջելեսում և ըստ ամենայնի մինչև ԱԺ ընտրություններ չի վերադառնա Հայաստան։ Կուսակցության մի քանի անդամներ, սակայն, փորձում են քաղաքական դաշտի տարբեր հատվածներում ինչ-որ կերպ կառուցել իրենց քաղաքական ապագան։ Արմեն Մարտիրոսյանն այս պահին ինտենսիվ քննարկում է Վիկտոր Դալլաքյանի հետ նույն դաշինքում առաջադրվելու հնարավորությունը։ Զարուհի Փոստանջյանը որոշել է առանձին նախաձեռնել ընտրություններին մասնակցելու ձևաչափ։ Անահին Բախշյանը, մեր տեղեկություններով, կընդգրկվի «Ազատ դեմոկրատների» նախընտրական ցուցակում»։