Ձերբակալվել և ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ են տեղափոխվել 17 անձ
17 անձ է ձերբակալվել և տեղափոխվել Ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ այսօր՝ ապրիլի 26-ին, Հանրապետության տարբեր հատվածներում իրականացված բողոքի ցույցերի ժամանակ։ Քաղաքացիները բերման են ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի (Ոստիկանի օրինական պահանջ չկատարելը) կասկածանքով։ Այս մասին «Հետքին» հայտնեցին ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունից։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօրվա ձերբակալվածների թվում է նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ Նրան բերման են ենթարկել Երևան-Հրազդան մայրուղուց, որը փակել էին քաղաքացիները։ Կոնկրետ Հրազդանի ոստիկանության բաժանմունք է տեղափոխվել 3 անձ։
Նշենք, որ Հանրապետության տարբեր հատվածներում քաղաքացիները շարունակում են բողոքի ցույցեր իրականացնել, մասնավորապես, Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում, մայրուղին շարունակում է փակ մնալ նաև Կիրանցի հատվածում։ Այսօր բողոքի ակցիա է իրականացվել նաև Երևանի մի շարք փողոցներում, Երևան-Էջմիածին, Երևան-Հրազդան մայրուղիներում։
Հիշեցնենք, որ ապրիլի 19-ին Արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն էր տարածել այն մասին, որ նույն օրը կայացել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի ութերորդ հանդիպումը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ: