Երևանում այսօր տեղի է ունեցել Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի, Վրաստանի էներգետիկայի նախարարությունների ղեկավարների համատեղ հանդիպումը՝ նվիրված էլեկտրաէներգետիկական ոլորտում տարածաշրջանային համագործակցությանը։ Կառավարության փոխանցմամբ, հանդիպմանը մասնակցել են Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանը, Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը, Իրանի էներգետիկայի նախարար Համիդ Չիթչիանը, Վրաստանի էներգետիկայի փոխնախարար Իլյա Էլոշվիլին։ Հաշվի առնելով տարածաշրջանային նոր ծրագրերի իրականացման առումով ստեղծված նպաստավոր պայմանները՝ 2015 թվականի դեկտեմբերի 23-ին Երևանում կայացած քառակողմ հանդիպման ժամանակ քննարկվել են չորս երկրների էլեկտրաէներգետիկական ոլորտի համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Խոսքը մասնավորապես վերաբերում էր տարածաշրջանային այնպիսի ծրագրերին, որոնք կարող են պայմաններ ստեղծել միավորելու չորս երկրների էլեկտրաէներգետիկական համակարգերը՝ բարձրացնելով փոխհոսքերի կառավարման մակարդակը, ինչպես նաև էլեկտրաէներգետիկ համակարգերի աշխատանքի գործունեության արդյունավետությունը, անվտանգությունն ու հուսալիությունը։ Հերթական քառակողմ հանդիպման ժամանակ ներկայացվել է նախորդ հանդիպումից հետո համակարգող խորհրդի կողմից կատարված աշխատանքների ընթացքը, ուղենշվել են հետագա անելիքները։ Քննարկումների ավարտին ստորագրվել է երեք փաստաթուղթ՝ Հյուսիս-հարավ էլեկտրաէներգետիկական միջանցքի ձևավորման նախաձեռնության իրականացման նպատակով անհրաժեշտ ճանապարհային քարտեզը, հանդիպման Արձանագրությունը և Փոխըմբռնման հուշագիր։