Բաքվում տեղի ունեցած՝ ՌԴ նաագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի եռակողմ հանդիպումը կայացել է: Ինչպես հայտնում են Կրեմլի մամլո ծառայությունից, հանդիպման արդյունքում կողմերն ընդունել են հռչակագիր՝ եռակողմ համագործակցությունը խորացնելու վերաբերյալ: Մասնավորապես, նշվում է, որ հռչակագիրը վերաբերում է ահաբեկչության դեմ պայքարի, տարածարջանային հակամարտությունների կարգավորման, Կասպից ծովում փոխգործակցության, էներգետիկայի բնագավառում կապերի զարգացման, տրանսպորտային եւ այլ ոլորտներին: Կողմերը, ինչպես հայտնում են Կրեմլից, պայմանավորվել են աշխատանքային խմբեր ստեղծել՝ համատեղ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններում համագործակցելու համար: Բացի այդ նախագահներն անդրադարձել են տարածաշրջանում չկարգավորված հակամարտություններին ու ընդունել, որ "չկարգավորված հակամարտությունները տարածաշրջանային համագործակցության համար էական խոչընդոտ են հանդիսանում": Երեք պետությունների ղեկավարները նաեւ նշում են դրանց կարգավորման կարեւորությունը "միջազգային սկզբունքների ու նորմերի հիման վրա": Ավելի վաղ հայտնել էինք, որ տեղի էին ունեցել Վլադիմիր Պուտինի եկկողմանի հանդիպումներն Իլհամ Ալիեւի եւ Հասան Ռոհանիի հետ: