8.07.2025
Freedom House. Ալիեւի՝ խոսքի ազատության մասին հայտարարությունները իրականություն չեն
16.05.2017
Freedom House. Ալիեւի՝ խոսքի ազատության մասին հայտարարությունները իրականություն չեն

Freedom House իրավունքների պաշտպանության կազմակերպությունը անդրադարձել է Ադրբեջանում ընդդիմադիր կայքերի արգելափակմանը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-­ը, հայտնում է ադրբեջանական meydan.tv­-ը: «Ընդդիմադիր ԶԼՄ­-ների ինտերնետային կայքերի արգելափակումը փաստում է, որ Ադրբեջանի կառավարության եւ նախագահ Իլհամ Ալիեւի այդ երկրում ինտերնետային ազատության վերաբերյալ կատարած բոլոր հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը»,­- ասվում է կազմակերպության հայտարարության մեջ: Freedom House-­ի արտաքին ծրագրերի գծով փոխնախագահ Ռոբերտ Հերմանի խոսքով, Ադրբեջանում ընդդիմադիր կայքերի արգելափակումը կարող է Իլհամ Ալիեւի համար ապագայում խոսքի ազատությունը սահմանափակելու եւ այլ ԶԼՄ­-ների եւս ճնշելու նախադեպ հանդիսանալ: Ադրբեջանում դատարանի որոշմամբ արգելափակվել են բոլոր ընդդիմադիր լրատվամիջոցները, այդ թվում՝ «Ազատություն» ռադիոկայանի եւ թերթի կայքերը, Մեյդան ԹիՎի մեդիառեսուրսը, Թուրան ԹիՎի հեռուստաալիքը, «Ադրբեջանի ժամանակ» հաղորդումը: Սաբաիլի շրջանային դատարանը բավարարվել է Ադրբեջանի կապի նախարարության հայցը: Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, արձագանքելով Freedom House-ի՝ Ադրբեջանում մարդու իրավունքների ու ազատությունների տխուր իրավիճակի մասին հերթական զեկույցին, մեղադրել էր ամերիկյան իրավապաշտպան կառույցին հայամետ դիրքորոշում պաշտպանելու մեջ՝ հավելելով, որ Բաքուն այդ կազմակերպության զեկույցներին որեւէ ուշադրություն չի դարձնի: