23.11.2024
Երևանից հնարավոր է չվերթներ իրականացվեն դեպի Պարսից ծոցի մարգարիտ՝ Քիշ կղզի
prev Նախորդ նորություն

Հայաստանը 2025 թ-ից կարող է ստանալ գազ ու էլեկտրաէներգիա ԵԱՏՄ ներքին գներով. փոխնախարար

2025-ին Հայաստանը կկարողանա գազ գնել ԵՏՄ-ում ավելի շահավետ ներքին սակագներով: Այդ մասին հուլիսի 18-ին լրագրողներին է ասել ՀՀ տնտեսական զարգացման ու ներդրումների փոխնախարար Հովհաննես Ազիզյանը:


Ըստ նրա, մինչև 2025թ. նախատեսվում է ավարտել ԵՏՄ եկրկների միջև գազի և էլեկտրաէներգիայի միասնական շուկայի ձևավորման աշխատանքները: «Դրա շնորհիվ հայ գործարարները կկարողանան գազ ստանալ ԵՏՄ ներքին շուկայի գներով, ինչը թույլ կտա կրճատել էներգառեսուրսների վրա ծախսերն արտադրության ժամանակ և նվազեցնել արտադրանքի ինքնարժեքը: Դա թույլ կտա հայկական արտադրության ապրանքներն ավելի մրցունակ դարձնել ԵՏՄ շուկայում»,-ասել է Ազիզյանը, հայտնում է ԱՌԿԱ-ն:


Նա նշել է, որ միասնական շուկայի առկայությունը ենթադրում է շուկայական գների ձևավորում բորսայում սակարկությունների արդյունքում, որտեղ հայ գործարարները կկարողանան մասնակցել սակարկություններին և գազ գնել իրենց համար շահավետ գնով:


Փոխնախարարը նշել է, որ դա թույլ կտա ավելի տրամաբանորեն ձևավորել գնագոյացման գործընթացը: «Ռուսական շուկայում գազի գները զգալիորեն տարբերվում են հայաստանյան գներից, ինչը հանգեցնում է շեղումների արտադրանքի մրցունակության տեսակետից: Հիմնական նպատակն է մրցակցային հավասար պայմաններ ստեղծելը», -ասել է Ազիզյանը:


Ըստ նրա, դեռ հայտնի չէ, թե որքանով դա կազդի վերջնական սպառողի վրա, սակայն նա ենթադրել է, որ այդպիսի ազդեցություն կլինի: «Գնագոյացումն արդեն կիրականացվի ԵՏՄ ներքին շուկայական մեխանիզմների հիման վրա: Ակնկալում ենք, որ արդյունքում սակագները կնվազեն, սակայն բոլոր մեխանիզմները դեռ քննարկման փուլում են: Նախատեսվում է համակարգը գործարկել 2025-ից»,-ասել է Ազիզյանը:


Ինչ վերաբերում է էլեկտրաէներգիային, ապա ըստ փոխնախարարի, ազատականացումն ու միասնական շուկայի ձևավորումը թույլ կտա Հայաստանին արտահանել երկրում արտադրվող էլէլներգիան:


Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2016 թ.–ի նոյեմբերի վերջին ընդունել է որոշում 2017 թ.–ի հունվարի 1–ից բնական գազի սակագների նվազման մասին։ Այդ որոշման համաձայն, ամսական 10 հազար խմ–ից պակաս գազ օգտագործող բաժանորդների համար սակագինը կազմում է 139 հազար դրամ յուրաքանչյուր 1000 խմ–ի դիմաց (ներառյալ ԱԱՀ–ն)` նախկին 146,7 հազար դրամի դիմաց, իսկ 10 հազար խմ–ից ավել գազ օգտագործող բաժանորդների համար սահմանվել է սակագին 242,1 պայմանական միավոր (վերջնական սակագինը հաշվարկվում է պայմանական միավորը դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին ամսական փոխարժեքով բազմապատկելու միջոցով)` նախկին 257,56 պմ–ի դիմաց։


Միաժամանակ Հայաստանում առաջին անգամ կիրառվել է դիվերսիֆիկացված սակագին, մասնավորապես, սոցիալապես անապահով ընտանիքների համար, ովքեր տարեկան օգտագործում են 600 խորանարդ մետրից պակաս, գազի գինը կազմում է 100 հազար դրամ` հազար խմ–ի դիմաց (ներառյալ ԱԱՀ–ն), իսկ տարեկան 600 խմ–ի ավել օգտագործման դեպքում սակագինը կազմում է 139 հազար դրամ` հազար խմ–ի դիմաց (ներառյալ ԱԱՀ–ն) ($1 - 478,68 դրամ)։