25.03.2026
Վրաստանի և Ադրբեջանի հատուկ ծառայությունները անօրինական համագործակցության մեջ են. EMC
28.06.2017
Վրաստանի և Ադրբեջանի հատուկ ծառայությունները անօրինական համագործակցության մեջ են. EMC

Վրաստանի Մարդու իրավունքների ուսումնասիրման և մոնիտորինգի կենտրոնը (EMC) ադրբեջանցի լրագրող Աֆգան Մուխթարլիի, մի շարք այլ լրագրողների ու ակտիվիստների վերաբերյալ զեկույց է հրապարակել: Այս մասին հայտնում է Aliq.ge կայքը: Զեկույցում ասվում է, որ Վրաստանի իշխանությունները երկրի տարածքում գտնվող անդրբեջանցի լրագրողներին ու ակտիվիստներին հրաժարվում են տալ փախստականի կարգավիճակ: Բացի այդ, նրանց հանդեպ տեղի ունեցող կեղեքումներին ու հալածանքներին համարժեք արձագանք չի տրվում: ՀԿ-ի գնահատմամբ, նշված փաստերը խոսում են Վրաստանի և Ադրբեջանի հատուկ ծառայությունների անօրինական համագործակցության մասին: «Այստեղ գտնվող ակտիվիստների հանդեպ ճնշման դեպքեր են գրանցվում, որոնք Վրաստանի իրավապահների կողմից արդյունավետ կերպով չեն հետաքննվում: Փաստերը ձևավորում են հետևյալ վարկածը, որ Վրաստանի և Ադրբեջանի անվտանգության ծառայությունների միջև ոչ ֆորմալ, անօրինական համագործակցություն կա։ Դա մտահոգիչ է»,- հայտարարել է վերոնշյալ ՀԿ-ի ներկայացուցիչ Թամթա Միքելաձեն: Խնդրի մասին խոսել է նաև Վրաստանում գնտվող ադրբեջանցի ակտիվիստ Դագին Աղալարլին՝ նշելով․ «Աֆգանի առևանգումից հետո անձնագիրս վերադարձրին, սակայն հիմա տարօրինակ կարգավիճակ ունեմ: Երեխային ընդհանրապես ոչ մի փաստաթուղթ չունի: Մենք սպասում ենք, որ այս հարցում ներգրավվեն միջազգային կազմակերպություններն ու այլ երկրները»: Հիշեցնենք, Մուխթարլըն հայտնի է ադրբեջանական իշխանությունների քաղաքականությանն ուղղված քննադատությամբ, վերջին երկու տարին նա բնակվում էր Վրաստանում: Ինչպես ավելի վաղ VERELQ-ը գրել էր, լրագրողի խոսքով՝ Թբիլիսիի կենտրոնից իրեն առևանգել են անձիք, որոնց հագին քաղաքացիական հագուստ է եղել և նրանք խոսել են վրացերեն: Լրագրողին բռնի ուժով նստեցրել են ավտոմեքենա, տարել Թբիլիսիի սահմաններից դուրս, որտեղ դաժանաբար ծեծել են, կապել և տեղափոխել այլ ավտոմեքենայի մեջ, իսկ արդեն Ադրբեջանի հետ սահմանին տեղափոխել երրորդ ավտոմեքենան, որում արդեն ադրբեջաներեն են հաղորդակցվել: Բաքու տեղափոխելուց հետո ընդդիմադիր լրագրողը կալանավորվեց երեք ամսով: