Ռուսաստանը պատրաստ է նախաձեռնել Ալեքսանդր Լապշինի արտահանձնումը
Ռուսաստանի արդարադատության նախարարությունը պատրաստ է նախաձեռնել Ադրբեջանում 3 տարվա ազատազրկման դատապարտված՝ ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ռուսաստան վերադարձնելու գործընթաց, եթե նա նման ցանկություն հայտնի: Այս մասին հայտնել է գերատեսչության մամուլի ծառայությունը:
Ռուսաստանի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Տատյանա Մոսկալկովան էլ հայտարարել է, թե Լապշինի արտահանձնման հարցով այժմ բանակցություններ են ընթանում:
Նախօրեին Բաքվի դատարանը Լեռնային Ղարաբաղ այցելելու համար 3 տարվա ազատազրկման է դատապարտել բլոգերին: Մեղադրողը 6,5 տարվա ազատազրկում էր պահանջել Լապշինի համար: Դատարանը եզրակացրել է, որ բլոգերին առաջադրված՝ մի խումբ անձանց կողմից պետության դեմ արված հրապարակային կոչերի մեղադրանքն ապացուցված չէ, ուստի հանվում է:
Ռուսաստանի, Իսրայելի և Ուկրաինայի քաղաքացիություն ունեցող Լապշինը ձերբակալվել էր անցյալ տարվա դեկտեմբերին Մինսկում՝ ադրբեջանական իշխանությունների պահանջով: Ձերբակալությունից շուրջ մեկ ամիս անց Բելառուսի իշխանությունները նրան արտահանձնել էին Ադրբեջանին:
Երեկ դատավճռի հրապարակումից հետո Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչությունը հայտարարել է, թե Մոսկվան շարունակելու է պաշտպանել բլոգերի իրավունքները: Լապշինի ազատազրկումը դատապարտող հայտարարություններով են հանդես եկել մի շարք լրագրողական և իրավապաշտպան կազմակերպություններ:
Մասնավորապես՝ «Լրագրողների պաշտպանության կոմիտեն» ընդգծել է՝ «Լապշինը չպետք է բանտ նստի վիճահարույց տարածաշրջան այցելելու համար»: