Պուտինն Ալիևի հետ հանդիպումը «խնդիր» է անվանել
Հուլիսի 21-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Սիրիուս» ուսումնական կենտրոնի երեխաների հետ հանդիպման ժամանակ խոսել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ կայանալիք հանդիպման մասին՝ այն «խնդիր» անվանելով։
Համապատասխան արտահայտությունը Պուտինն արել է՝ պատասխանելով NTV հեռուստաընկերության հաղորդավարի ռեպլիկին:
NTV-ի հաղորդավարը ենթադրել է, որ երեխաների հետ հանդիպման երկարաձգումը կարող է խնդիրներ առաջացնել, քանի որ Պուտինը նվերներ է պատրաստել միայն այդ օրն իրենց ծննդյան տարեդարձը նշող հանդիպման մասնակիցների համար։ Ի պատասխան Պուտինն ասել է, որ խնդիրն Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումն է:
«Խնդիր կունենամ մեկ ժամից: Մեկ ժամից հանդիպում եմ Ադրբեջանի նախագահի հետ», - ասել է Վլադիմիր Պուտինը:
Հիշեցնենք, որ Սոչիում կայացել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը, որի շրջանակում քննարկվել են երկկողմ հարաբերություններին և տարածաշրջանային թեմաներին առնչվող հարցեր:
Ավելի վաղ, 2017թ․ փետրվարի 6-ին Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը Բրյուսելում լրագրողների հետ հանդիպման ժամանակ շնորհակալություն հայտնելով լրագրողներին` ասել էր. «Շնորհակալ եմ, ձեզ լավ օր եմ մաղթում: Այժմ ես հանդիպելու եմ Ադրբեջանի նախագահին, հետևաբար ինձ համար օրվա լավ մասն ավարտված է»:
Պաշտոնական Բաքուն դեռևս չի մեկնաբանել Պուտինի հայտարարությունն, ինչպես և երբևէ չի անդրադարձել Յունկերի հայտարարությանը։