Համապատասխան ենթակառուցվածքների առկայության պարագայում Իրան-Հայաստան առևտրային հարաբերությունների ծավալները կարող են հասնել մի քանի միլիարդ դոլարի, կարծում է տարածաշրջանային հարցերի վերլուծաբան Էհսան Հուշմանդը:
Նման հայտարարություն նա արել է «Շանթ» հեռուստաընկերության եթերում՝ պատասխանելով հաղորդավար, քաղաքական մեկնաբան Արամ Աբրահամյանի հարցին:
«Մոտ մեկ տասնամյակ է, որ Իրան-Հայաստան առևտրային շրջանառությունը տատանվում է 300 միլիոն դոլարի շրջանակներում: Այս թիվը որևէ մեկի համար ընդունելի չէ: Մենք պետք է համապատասխան ենթակառուցվածքներ ստեղծենք երկու երկրի միջև՝ այս ոլորտում հարաբերությունները զարգացնելու համար»,-ասել է իրանցի փորձագետը, հայտնում է tert.am-ը:
Նրա կարծիքով՝ դրանցից ամենակարևորը հաղորդակցության ուղիներն են՝ ցամաքային, ավտոճանապարհի և երկաթուղու տեսքով և օդային: Կողմերի կատարած կապիտալ ներդրումների երաշխիքները համապատասխան երկրներում, տնտեսական հարաբերություններում նոր ոլորտների և նոր ներուժի հայտնաբերումը և օգտագործումը, համատեղ հետազոտական ծրագրերի անցկացումը և երկու երկրի տնտեսական ներուժի մասին հստակ պատկերացում ունենալը կարող է գիտական լուրջ օժանդակություն լինել թե քաղաքական գործիչների, թե տնտեսական ոլորտով զբաղվող անձանց համար երկու երկրներում:
«Ցավոք սրտի, թե՛ իրանական կողմը, թե՛ հայկական կողմն այս ոլորտում չեն արել ամբողջությամբ այն, ինչ կարելի էր անել: Որպես վերլուծաբան կարող եմ քննադատական խոսք հնչեցնել նաև Իրանի կառավարության հասցեին, թե ինչու այս տարիների ընթացքում անհրաժեշտ քայլեր չի ձեռնարկել այս ոլորտի բացը լրացնելու ուղղությամբ: Ինչ-որ առումով բողոքեմ և քննադատեմ մեր հայ որոշում կայացնողներից, թե ինչու ավելի լրջությամբ չեն մտել այս ոլորտ, առկա հնարավորությունները չեն օգտագործել»,- նշել է նա:
Նրա խոսքով՝ հայ կապիտալ ներդրողները, որոնք կարող են գումարներ բերել Ֆրանսիայից, Ռուսաստանից, Միացյալ Նահանգներից, ներկայություն չունեն Ջուլֆայի տնտեսական տարածաշրջանում, այլ երկրներ այդ տարածաշրջանում բավականին մեծ ներդրումներ են անում:
Ըստ Էհսան Հուշմանդի՝ Իրանի հանդեպ ՄԱԿ-ի և Միացյալ Նահանգների պատժամիջոցների վերացումից հետո, բնականաբար, Հայաստանի բանկային ոլորտը և Հայաստանից դուրս գտնվող հայ գործարարները կարող են օգտվել այդ ստեղծված հնարավորությունից և ամրապնդել իրենց ներկայությունը Իրանի տնտեսական համակարգում:
«Որպես անձ վստահ եմ, որ Իրան-Հայաստան-Վրաստան երկաթուղին շատ ստրատեգիական նշանակություն ունի, որովհետև Ռուսաստան ելք ապահովելու համար մենք ունենք Կասպից ծովով ճանապարհ, մյուս կողմից էլ, ցավոք սրտի, երկաթուղային հաղորդակցությունը Եվրոպայի հետ Իրանի համար ապահովում է Թուրքիան, հետևաբար Հայաստանի ուղղությունը կարող է բազմակի կարևորություն ունենալ մեզ համար»,-պարզաբանել է տարածաշրջանային հարցերի վերլուծաբանը:
Նրա դիտարկմամբ, եթե անգամ պատկերացնենք, որ այս երկաթուղին Վրաստանի միջոցով նաև չի ապահովելու Իրանի ելքը Եվրոպա և լինելու է միայն երկկողմ՝ Հայաստան-Իրան, ապա այս երկաթուղու առկայությունը տարածաշրջանային կայունությունը և անվտանգությունն ամրապնդելու է:
«Իրանում տեսակետ կա, որ հայկական կողմն այնքան էլ չի ջանում այս ուղղությամբ, հատկապես, որ որոշ ժամանակ առաջ նաև իրանական ԶԼՄ-ներում տարածվեց ռուսական երկաթուղիներ կազմակերպության նախկին նախագահի հայտարարությունը, որ այս երկաթուղին տնտեսական շահավետություն չունի»,-ասել է Էհսան Հուշմանդը: