25.11.2024
CPJ. Լապշինը չպետք է բանտում գտնվի նրա համար, որ այցելել է վիճահարույց տարածք
prev Նախորդ նորություն

Ռուսաստանում դատապարտված Հրաչյա Հարությունյանը տեղափոխվել է Հայաստան

Ռուսաստանի Դաշնությունում դատապարտված Հրաչյա Հարությունյանը 20.07.2017թ-ին տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն՝ «Դատապարտյալների փոխանցման մասին» 1983թ. եվրոպական կոնվենցիայով սահմանված կարգով պատժի մնացած մասը կրելու համար:


Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։


Դատապարտյալի փոխանցումից հետո, համաձայն վերը նշված կոնվենցիայի 10-րդ հոդվածի, օտարերկրյա պետության կայացրած դատավճիռը պետք է ճանաչվի ՀՀ իրավասու դատարանի կողմից՝ կատարելով քրեորեն պատժելի արարքի համապատասխանեցում ՀՀ քրեական օրենսգրքին՝ անփոփոխ թողնելով սահմանված պատիժը:


ՌԴ իրավասու դատարանի դատավճիռը ճանաչելուց և այն կատարման ուղարկելուց հետո ՀՀ ներպետական օրենսդրության համաձայն՝ պատիժը կատարելու համար ուղղիչ հիմնարկի տեսակը և պատիժը կրելու վայրը որոշում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության տեղաբաշխման հանձնաժողովը:


Հիշեցնենք, Հրաչյա Հարությունյանի վարած բեռնատարը 2013 թվականի հուլիսի 13-ին մխրճվել է Պոդոլսկից դեպի Կուրիլովո 64 ուղեւորի փոխադրող ավտոբուսի մեջ: Վթարի հետեւանքով 18 մարդ զոհվել է, ավելի քան 40-ը՝ վիրավորվել: Մոսկվայի քաղաքային դատարանը 2015թ. ապրիլին Հրաչյա Հարությունյանին դատապարտել է 6 տարի և 9 ամիս ժամկետով ազատազրկման: Վճիռը հրապարակելուց հետո մեկնարկեց Հրաչյա Հարությունյանի՝ Հայաստան տեղափոխման հարցը:


Տեղափոխվելուց հետո Հարությունյանը Հայաստանում անազատության մեջ կմնա ևս 2 տարի 9 ամիս:


ՌԴ-ում դատապարտված վարորդ Հրաչյա Հարությունյանի գործով դատարանի վճիռը կայացվել է, այն արդեն ուժի մեջ է մտել, իսկ համաձայն լրատվամիջոցների՝ Ռուսաստանի Դաշնության տարածքով ներքին տեղափոխումն իրականացվել է: