Թուրքական կողմի հետ կնքված համաձայնագրի հիման վրա պաշտպանական ուժերը կստանան ՆԱՏՕ-ի ստանդարտների նոր զրահափոխադրիչներ։ Տեղեկությունը տարածում է Վրաստանի պաշտպանության նախարարությունը։ Գերատեսչության տվյալներով՝ այսօր պաշտպանության նախարարությունում հյուրընկալվել են թուրքական ընկերության ներկայացուցիչները։ «Հանդիպման ընթացքում Վրաստանի պաշտպանության նախարարության և Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությանը կից ASFAT ընկերության միջև ստորագրվել է համաձայնագիր, որի հիման վրա պաշտպանության ուժերին կհանձնվեն նոր բարձրակարգ զրահափոխադրիչներ։ Զրահափոխադրիչներն իրենց սարքավորումներով և ենթահամակարգերով համապատասխանում են ՆԱՏՕ-ի չափանիշներին։ Վրաստանի ՊԲ-ն նշված զրահափոխադրիչներով զինելը էապես կնպաստի Վրաստանի պաշտպանունակության ամրապնդմանը և Թուրքիայի և Վրաստանի միջև համագործակցության խորացմանը»,- ասվում է տեղեկատվության մեջ։