25.11.2024
Ղարաբաղում ռուս խաղաղապահների մահվան մեջ կասկածվողներին բերման են ենթարկել
prev Նախորդ նորություն

Քաղաքացիների կյանքը հեշտացնում են. կլոր կնիք այլևս չի լինի

Գործադիրը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում, որով նախատեսվում է ուժը կորցրած կճանաչել ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված հին նմուշի անձնագրերում օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետի վերաբերյալ նշում կատարելու իրավական հիմքը:


Նման որոշման ընդունումը պայմանավորված է՝ դրա անհրաժեշտության բացակայությամբ, ինչպես նաև Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության /ICAO 9303/ կողմից հաստատված՝ անձը հաստատող փաստաթղթերին ներկայացվող ստանդարտներով նման նշում կատարելու պահանջ սահմանված չլինելու հանգամանքով պայմանավորված։ Արդյունքում կբարելավվի նաև քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը, քանի որ քաղաքացիները ստիպված չեն լինի ՀՀ-ից մեկնելու յուրաքանչյուր դեպքում այցելել ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայություն՝ անձնագրում օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետի նշում կատարելու համար, ինչն էլ իր հերթին կթեթևացնի անձնագրային ծառայություններում գոյացող հերթերը։ Ըստ հիմնավորման՝ առաջարկվող փոփոխությունը միջնաժամկետ լուծում է, քանի որ սույն որոշմամբ սահմանված անձնագրերը տրամադրվելու են մինչև բիոմետրիկ համակարգի ամբողջական ներդրումը։


Ինչպես նշել է Ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանը, միայն 2021 թվականին ունեցել ենք շուրջ 500 հազար գործարք: «Ընդհանուր անձնագրային գործարքներից սա բավական մեծ տոկոս է կազմում: 2022 թվականին ունեցել ենք շուրջ 640 հազար գործարք և 2023 թվականի առաջին կիսամյակը չհաշված պիկ ամառային հատվածը՝ արդեն 303 հազար գործարք ենք ունեցել: Մի շատ կարևոր հանգամանք կա պարզապես: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սա ներպետական ընթացակարգին չի վերաբերում, այլ արտաքին այլ երկրներին հետ հարաբերություններին է վերաբերում, մենք սահմանել ենք Արտաքին գործերի նախարարության համար եռամսյա ժամկետ իրազեկման համար, որպեսզի օտարերկրյա պետություններն այս մեր պահանջի հանելու մասին իրազեկ լինեն, և մեր քաղաքացիներն օտարերկրյա պետությունների սահմանային անցման կետերում որևէ խնդիրների այս տեսանկյունից չբախվեն: Իրազեկման այս կարևոր կոմպոնենտով պայմանավորված նախագծի ուժի մեջ մտնելու ժամկետ է առաջարկվում 2024 թ. հունվարի 1-ը»,-ասել է փոխնախարարը:


Նիկոլ Փաշինյանը կարևորել է ընդունված որոշումը և նշել. «Սա այն ինստիտուտի մասին է, որն ի սկզբանե մարդիկ կոչում էին «անձնագրի 5 հազար դրամ», որովհետև այն ժամանակ հնարավոր էր միայն անձնագրի այդ կնիքն ունենալ 5 տարով՝ տարին հազար դրամ: Հետո կարգավորումները փոխվեցին, և այն կարելի էր ունենալ մի տարով՝ 1100 դրամ վճարելու պարագայում: Ի՞նչ էր տեղի ունենում. երբ, օրինակ՝ արձակուրդների սեզոնին՝ օգոստոսին և դեկտեմբերի վերջ, մարդիկ, ովքեր պլանավորում էին երկրից դուրս գնալ, մեկ էլ հանկարծ արձանագրում էին, որ իրենց անձնագիրն օտար երկրում վավերական չէ: Միշտ այդ հարցն առաջացել է՝ ինչպես է, որ ես անձնագիր ունեմ, անձնագիրն ուժի մեջ է, բայց ինքը վավերական չէ: Այսինքն՝ տարօրինակ բան: Ես շատ ուրախ եմ, որ մենք նկատել ենք այս խնդիրը և ուղղում ենք: Հիմա Հայաստանի Հանրապետության քաղաքացիները 2024 թվականի հունվարի 1-ից այլևս որևէ կնիք ունենալու անհրաժեշտություն չեն ունենալու: Ժամկետը պայմանավորված է նաև նրանով, որ մենք տասնյակ տարիներ բոլոր օտարերկրյա պետություններին իրազեկել ենք, որ եթե մեր քաղաքացու անձնագրում այդ կնիքը չկա՝ անձնագիրը վավեր չէ: Հիմա մենք առաջիկա ամիսների ընթացքում բոլորին պետք է տեղյակ պահենք, որպեսզի հանկարծ այնպես չլինի, որ մենք քաղաքացիներին թույլատրենք հանրապետությունից դուրս գալ, իրենք որևէ օտար երկրում կանգնեն պրոբլեմի առաջ, և արդեն սկսեն հետահայաց աշխատել: Մեր կյանքում բազմաթիվ այսպիսի բաներ կան, որ պետք է գտնել և ուղղակի վերացնել՝ մարդկանց կյանքը հեշտացնելու համար, ընդ որում՝ բոլոր ոլորտներում: Եվ շատ կարևոր է, որ նաև մեր կառավարության անդամները, մյուս գերատեսչությունների ղեկավարներն անընդհատ այս հայացքով նայեն խնդիրներին և փորձեն կոնկրետ լուծումներ տալ»: