Ռուսաստանի Պետական դուման վավերացրեց Հայաստանի հետ զորքերի միավորված խմբավորման մասին համաձայնագիրը: Այս մասին հայտնում է ՄԿ-ն: Համաձայնագիրը ստորագրվել է Մոսկվայում 2016 թվականի նոյեմբերի 30-ին: VERELQ-ը տեղեկացրել էր, որ համաձայնագիրը և դրա հավելվածը որոշում են ՌԴ-ի և Հայաստանի զորքերի միավորված խմբավորման նշանակությունը, ձևավորման, տեղակայման և կիրառման կարգը: Այն նախատեսված է Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում ռազմական անվտանգության ապահովման համար: Միավորված խմբավորման հիմնական խնդիրներին է վերաբերում ճիշտ ժամանակին ՌԴ-ի և Հայաստանի դեմ զինված հարձակման անմիջական նախապատրաստման բացահայտումը և դրա հակադարձումը, երկու պետությունների պետական սահմանների ցամաքային հատվածի փակումը պատասխանատվության հաստատված սահմաններում, օդատիեզերական տարածքում ՌԴ-ի և Հայաստանի պետական սահմանի պաշտպանությունը, ինչպես նաև զորքերի և տարածաշրջանում գտնվող երկու երկրների խիստ կարևոր օբյեկտների հակաօդային պաշտպանությանը մասնակցությունը: Միավորված խմբավորումը կունենա միացյալ հրամանատարություն, դրա տեղակայման և կիրառման մասին որոշումը կայացվում է միասին՝ ՌԴ-ի և Հայաստանի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարների կողմից: Հիշեցնենք, համաձայնագիրը կնքվել է հինգ տարի ժամկետով՝ հետագա հինգամյա ժամանակահատվածներում դրա ավտոմատ երկարաձգման հնարավորությամբ: