25.11.2024
Ալիևն Ադրբեջանն անվանել է «Եվրոպայի միակ նոր էներգետիկ աղբյուր»
prev Նախորդ նորություն

Ստեփանակերտը ողջունում է Թիլերսոնի՝ դիպուկահարներին հեռացնելու մասին հայտարարութունը

Ստեփանակերտը ողջունում է ԱՄՆ Պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հայտարարությունն այն մասին, որ ԱՄՆ–ն աջակցում է դիպուկահարներին շփման գծից հեռացնելու, սահմանին մշտադիտարկումն ընդլայնելու եւ կրակահերթի հայտնաբերման համակարգեր տեղակայելու առաջարկությունը։


Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Արցախի Հանրապետության նախագահի մամլո քարտուղար Դավիթ Բաբայանը:


«Թիլերսոնի կողմից մատնաշված խնդիրները շատ կարևոր են նախ և առաջ այն առումով, որ Միացյալ նահանգները շարունակում է ակտիվ մնալ ադրբեջանա-ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում և փարատում է բոլոր այն մտահոգություններն ու շահարկումները, որ ԱՄՆ-ն կարող է դադարեցնել իր մասնակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում»,- «Արցախպրես»-ի հաղորդմամբ ասել է Բաբայանը:


Արցախի Հանրապետության նախագահի մամլո քարտուղարի կարծիքով, եթե գործընթացն այդպես զարգանա, ապա այն կարող է լավ հիմք ստեղծել բանակցություններում հաջողություններ ունենալու համար:


Ավելի վաղ Ռեքս Թիլերսոնի հայտարարել էր, որ ԱՄՆ-ն աջակցում է Արցախի «հնարավորինս արագ եւ ամբողջական» ականազերծմանը: Թիլերսոնն իր դիրքորոշումը հայտնել է ի պատասխան կոնգրեսականներ Բրեդ Շերմանի եւ Դեւիդ Սիսիլինի ներկայացրած հարցման:


Թիլերսոնը հաստատել է, որ շուրջ 45 մլն ԱՄՆ դոլար է հատկացվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության տուժածներին: Նա աջակցություն է հայտնել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Էդ Ռոյսի եւ դեմոկրատ Էլիոտ Էնգելի առաջարկին, որը ենթադրում է ԼՂ շփման գծից հետ կանչել դիպուկահարներին, ընդլայնել սահմանային մոնիթորինգը եւ տեղադրել կրակի արձակման ուղղությունը հստակեցնող համակարգեր:


Նրա հայտարարությունը ողրջունել էր նաեւ Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը: «Մենք ողջունում ենք պետքարտուղար Թիլերսոնի աջակցությունը ԱՄՆ կողմից ֆինանսավորվող HALO Trust կազմակերպությանը, որն Արցախում զբաղվում է ականազերմամբ: Արժեւորում ենք պետքարտուղարի աշխատանքն այս հարցում, ինչպես նաեւ օրենսդիրների աշխատանքն ինչպես Ներկայացուցիչների տանն, այնպես էլ Սենատում: Մենք ողջունում ենք նաեւ պետքարտուղարի աջակցությունը Ռոյս-Էնգել առաջարկներին»,- նշել է Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի տնօրեն Արամ Համփարյանը:


ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը սեպտեմբերի 7-ին ընդունել է կոնգրեսական Դեւիդ Վալադաոյի առաջարկը, որը նախատեսում է ԱՄՆ 2018 թվականի հաշվետու տարում աջակցել Արցախում ականազերծմամբ զբաղվող HALO Trust ոչ կառավարական կազմակերպությանը:


Վալադաոյի առաջարկը ներառվել է 2018 թվականի արտաքին օգնության հատկացման ծրագրում, որը, որպես ավելի մեծ՝ H.R. 3354 բանաձեւի մաս, քվեարկության կդրվի սեպտեմբերի 8-ին: Այդ առաջարկով նախատեսվող գումարային հատկացման պարագայում մինչեւ 2020 թվականը տարածաշրջանն կականազերծվի: