25.11.2024
Խադիջա Իսմայլովային Բաքվի ոստիկանություն են կանչել
prev Նախորդ նորություն

ԱՄՆ-ն աջակցում է Արցախի «ամբողջական» ականազերծմանը. Թիլերսոն

Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը ողջունել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հայտարարությունն այն մասին, որ ԱՄՆ-ն աջակցում է Արցախի «հնարավորինս արագ և ամբողջական» ականազերծմանը:


Ինչպես տեղեկացնում են Հայ դատի ԱՄՆ հանձնախմբից, Թիլերսոնն իր դիրքորոշումը հայտնել է ի պատասխան կոնգրեսականներ Բրեդ Շերմանի և Դևիդ Սիսիլինի ներկայացրած հարցման: Պետքարտուղարի պատասխանը հրապարակվել է այս շաբաթ:


Թիլերսոնը հաստատել է, որ շուրջ 45 մլն ԱՄՆ դոլար է հատկացվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության տուժածներին: Նա աջակցություն է հայտնել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Էդ Ռոյսի և դեմոկրատ Էլիոտ Էնգելի առաջարկին, որը ենթադրում է ԼՂ շփման գծից հետ կանչել դիպուկահարներին, ընդլայնել սահմանային մոնիթորինգը և տեղադրել կրակի արձակման ուղղությունը հստակեցնող համակարգեր:


«Մենք ողջունում ենք պետքարտուղար Թիլերսոնի աջակցությունը ԱՄՆ կողմից ֆինանսավորվող HALO Trust կազմակերպությանը, որն Արցախում զբաղվում է ականազերմամբ: Արժևորում ենք պետքարտուղարի աշխատանքն այս հարցում, ինչպես նաև օրենսդիրների աշխատանքն ինչպես Ներկայացուցիչների տանն, այնպես էլ Սենատում: Մենք ողջունում ենք նաև պետքարտուղարի աջակցությունը Ռոյս-Էնգել առաջարկներին»,- նշել է Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի տնօրեն Արամ Համփարյանը:


ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը սեպտեմբերի 7-ին ընդունել է կոնգրեսական Դևիդ Վալադաոյի առաջարկը, որը նախատեսում է ԱՄՆ 2018 թվականի հաշվետու տարում աջակցել Արցախում ականազերծմամբ զբաղվող HALO Trust ոչ կառավարական կազմակերպությանը:


Վալադաոյի առաջարկը ներառվել է 2018 թվականի արտաքին օգնության հատկացման ծրագրում, որը, որպես ավելի մեծ՝ H.R. 3354 բանաձևի մաս, քվեարկության կդրվի սեպտեմբերի 8-ին: Այդ առաջարկով նախատեսվող գումարային հատկացման պարագայում մինչև 2020 թվականը տարածաշրջանն կականազերծվի: