11.07.2025
Բարեկամության պյամանագրի 20-ամյակը. Սարգսյանն ու Պուտինը շնորհավորել են միամյանց
29.08.2017
Բարեկամության պյամանագրի 20-ամյակը. Սարգսյանն ու Պուտինը շնորհավորել են միամյանց

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի ստորագրման 20-ամյակի կապակցությամբ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձում ասված է. «Հարգելի՛ Վլադիմիր Վլադիմիրի, Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի ստորագրման 20-ամյակի առթիվ: Անցած ժամանակահատվածը վստահորեն փաստում է, որ պայմանագիրը համապատասխանում է եղբայրական ժողովուրդների պատմական ավանդույթներին: Այն ամուր հիմք է ծառայում հայ-ռուսական դաշնակցային համագործակցության հետևողական զարգացման համար, որն առանձնանում է բարձր մակարդակի ակտիվ երկխոսությամբ, արտաքին քաղաքական արդյունավետ համակարգմամբ, անվտանգության, ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում հաջող համագործակցությամբ: Տարեցտարի ընդլայնվում է երկկողմ փոխշահավետ համագործակցությունը առևտրատնտեսական, էներգետիկ, տրանսպորտային, նորարարության, լեռնահանքային արդյունաբերության ոլորտներում, իրականացվում են հեռանկարային ներդրումային ծրագրեր, թափ են առնում միջտարածաշրջանային և հումանիտար կապերը: Մեր երկրների երկկողմ փոխգործակցության ռազմավարական բնույթը բազմապատկվում է միջազգային բազմակողմ և տարածաշրջանային հարթակներում կառուցողական գործընկերությամբ: Երևանն ու Մոսկվան ակտիվ մասնակիցներ և հուսալի դաշնակիցներ են Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների առաջմղման մասշտաբային խնդիրների լուծման և Հարավային Կովկասում ու ընդհանուր առմամբ ՀԱՊԿ պատասխանատվության գոտում հանուն խաղաղության, կայունության ու անվտանգության ապահովման Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ամրապնդման գործում: Մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման գործում: Երկկողմ հարաբերությունների պատմության մեջ բազմաթիվ պայծառ էջեր կան գրանցված, և մենք բարձր ենք գնահատում այդ ընդհանուր ձեռքբերումը: Վստահ եմ, որ այս նշանակալի օրը և մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի ամբողջ հոբելյանական տարին կնշանանավորվեն բոլոր ուղղություններով հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների զարգացման համատեղ ջանքերով՝ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի տառին ու ոգուն համապատասխան: Սրտանց ցանկանում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ եղբայրական Ռուսաստանի բոլոր քաղաքացիներին՝ բարօրություն և բարգավաճում»: Շնորհավորական ուղերձ է հղել Սերժ Սարգսյանին նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Նրաա խոսքով, հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների հիմք է դարձել Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրը: "Հայաստանն ու Ռուսաստանը միասին գտնվում են եվրասիական ինտերգացիայի գործընթացներում և համատեղ ապահովում են տարածաշարջանային անվտանգությունը", - ասված է Պուտինի շնորհավորական ուղերձում: