24.11.2024
Անհրաժեշտության դեպքում ՀՀ-ն կարող է Սիրիային բարձրորակ մասնագետներ տրամադրել. նախարար
prev Նախորդ նորություն

Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունները նման են ինքնիրեն քայքայվող ամուսնության. ECFR

Արտաքին հարաբերությունների եվրոպական խորհրդի (ԱՀԵԽ-ECFR) կողմից հրապարակված մի հոդվածում թուրք -ամերիկյան հարաբերությունները նմանեցվել են կործանման եզրին հայտնված ամուսնության:


Թուրքական «Odatv.com» լրատվակայքի տեղեկացմամբ՝ ԱՀԵԽ-ը նշել է, որ երկկողմ հարաբերությունները հատկապես անկում են ապրել հոկտեմբերին՝ երբ Ստամբուլում ԱՄՆ-ի գլխավոր հյուպատոսարանի աշխատակցի կալանավորման պատճառով կողմերը դադարեցրել են վիզաների տրամադրումը:


«Վիզաների դադարեցումը պարզապես այսբերգի գագաթն է մի ամուսնության մեջ, որը երկար ժամանակ չի գործել, իսկ այժմ ինքն իրեն քայքայվում է», - ասված է հոդվածում:


Աղբյուրի համաձայն՝ ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների վրա հատկապես բացասական ազդեցություն ունեցած հանգամանքներից են հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի մեջ ԱՄՆ-ի մասնակցության վերաբերյալ Թուրքիայում տարածված մեղադրանքները, Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնման առթիվ Անկարայի հիասթափությունը, Վաշինգտոնի կողմից Սիրիայի քրդերին ցուցաբերվող աջակցությունը, Թուրքիայի՝ Ռուսաստանից S-400 հակաօդային պաշտպանական համակարգեր գնելու որոշումը, վերջին շրջանում Անկարայի և Մոսկվայի, Թեհրանի, Վենեսուելայի միջև նկատվող մերձեցումը, Վաշինգտոնում Էրդողանի թիկնազորի անդամների հետ կապված խնդիրները և այլն:


Հոդվածում ուշադրություն է հրավիրվել նաև այն հանգամանքի վրա, որ հատկապես ԱՄՆ-ի գլխավոր հյուպատոսարանի աշխատակցի կալանավորումից հետո թուրքական լիրայի փոխարժեքը կտրուկ անկում է ապրել, իսկ տնտեսական հետընթացը մեծ վնաս է հասցրել առանց այդ էլ վատ վիճակում հայտնված ներդրումների ոլորտին:


«2019թ. ընտրություններից առաջ, երբ քաոսը տարածվում է Իրաքում և Սիրիայում, երբ տնտեսությունը խոցելի է, իսկ հարևան Եվրոպայի հետ հարաբերությունները՝ նվաղ, վերջին բանը, որ անհրաժեշտ է Էրդողանին՝ ՆԱՏՕ-ի երկարամյա դաշնակցի հետ ճգնաժամն է: Սակայն այս պահին այդ ճգնաժամի կանխարգելումը անհնար է թվում»,- եզրափակում է աղբյուրը: