7.07.2025
Տագնապի 30 տարին Սև այգում. TA3 հեռուստատեսության եթերն Արցախի մասին
15.02.2018
Տագնապի 30 տարին Սև այգում. TA3 հեռուստատեսության եթերն Արցախի մասին

Սլովակիայի հեղինակավոր TA3 հեռուստատեսության ուղիղ եթերում հայտնի սլովակ ռեժիսոր-վավերագրող, լուսանկարիչ Լիբոր Շպիմրը խոսել է Արցախյան շարժման 30-ամյակի մասին: Այս մասին հայտնում է Արցախպրեսը: «Տագնապի 30 տարին Սև այգում» խորագիրը կրող հարցազրույցի ընթացքում ցուցադրվել են կադրեր ռեժիսորի կողմից Արցախում նկարահանած վավերագրական ֆիլմից։ Լ. Շպիմրը ջերմությամբ է խոսել Արցախի, Հայաստանի և, առհասարակ, հայ ժողովրդի մասին՝ նշելով, որ հայերը քրիստոնեության առաջամարտիկներն են։ Հեղինակը ներկայացրել է արցախյան հիմնահարցի համառոտ պատմությունը, նշել, որ հայերը հպարտ և խաղաղասեր ժողովուրդ են: Նրա խոսքով՝ ղարաբաղյան պատերազմը սկսել է Ադրբեջանն՝ ի պատասխան հայերի խաղաղ ցույցերի և օրենքով անցկացված ինքնորոշման հանրաքվեի։ Լ. Շպիմրն ընդգծել է, որ Արցախի Հանրապետությունը պետականության բոլոր ատրիբուտներն ունեցող ժողովրդավարական պետություն է։ Հարցազրույցի ընթացքում նա դատապարտել է Ադրբեջանի նախագահ Ալիևի՝ օրերս արված հայտարարությունն առ այն, թե «Երևանն ու Զանգեզուրն ադրբեջանական հողեր են, ուր Ադրբեջանն անպայման վերադառնալու է»։ Նշենք, որ Լիբոր Շպիմրը բազմիցս եղել է Արցախում, վավերագրական ֆիլմ է նկարահանել արցախյան գոյամարտի մասին, որը ցուցադրվել է սլովակյան հեռուստատեսությամբ։ Նա արժանացել է մրցանակների՝ որպես Արցախին նվիրված լուսանկարչական ցուցահանդեսի հեղինակ։