Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության մարտի 10-ի նիստում խոսել է առաջիկայում Ռուսաստան սպասվող իր այցի մասին` կարևորելով, որ այն ընթանա հարուստ բովանդակությամբ: Ռուսաստան իր այցը, ինչպես տեղեկացրել է Նիկոլ Փաշինյանը, նակատեսված է ապրիլին: «Մենք հիմա այդ այցի նախապատրաստական փուլում ենք: Պետք է ամեն ինչ անել, որ այդ այցը բարձր մակարդակով ու հարուստ բովանդակությամբ ընթանա», - ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Բացի այդ կառավարության նիստում Հայաստանի վարչապետն ամփոփել է իր այցը Ֆրանսիա. «Գիշերը մենք վերադարձել ենք պատվիրակությամբ Ֆրանսիայի մայրաքաղաքից, որտեղ մասնակցել ենք Ֆրանսիայի կառավարության հետ համատեղ կազմակերպված հայ-ֆրանսիական ֆորումին՝ նվիրված մեր երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին»: Նա կարծում է` օգտագործելով այդ համաժողովն պետք է նոր լիցք հաղորդել Ֆրանսիայի եւ Հայաստանի տնտեսական եւ ոչ միայն տնտեսական համագործակցությանը. «Մեր պատվիրակության կազմում էին նաեւ առողջապահության նախարարը, ԿԳՄՍ նախարարի 2 տեղակալները եւ նաեւ ՏԿԵ նախարարը, ԱԳ նախարարը: Նկատի ունեմ, մենք բազմաշերտ օրակարգ ենք ունեցել: Պետք է կենտրոնանանք այդ օրակարգի իրականացման վրա, նաեւ տնտեսական կապերն աշխուժացնելու ուղղությամբ աշխատենք»: Փաշինյանը նաև կարևորել է Ֆրանսիայի դերը որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկիր և խոսել է Փարիզում ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հանդիպման մասին: «ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ քննարկվեցին նաեւ ԵՄ-Հայաստան համագործկցության հարցերը եւ մենք քննարկեցինք, թե ինչպես առավել արդյունավետ շարունակենք մեր համատեղ ծրագրերի իրականացումը: Ընդհանուր առմամբ, այցը հաջող էր»,- եզրափակեց վարչապետը: