ԱՄՆ Կոնգրեսում սեպտեմբերի 15-ին տեղի կունենան Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարման թեմայով լսումներ: Դրանք կանցկացվեն «Ադրբեջան. արդյո՞ք մարդու իրավունքների պաշտպանությունը կարևորություն ունի» խորագրով՝ Կոնգրեսի մարմին հանդիսացող Լանտոսի հանձնաժողովի նախաձեռնությամբ: Տվյալ հանձնաժողոնը հետևում է ամբողջ աշխարհում մարդու իրավունքների պաշտպանությանը: Լսումների նպատակն է քննարկել ներկայում Ադրբեջանում տվյալ թեմայի շուրջ տիրող իրավիճակը, ինչպես նաև գնահատել դրա հետևանքներն ԱՄՆ-ի քաղաքականության համար: «2014թ. սկսած Ադրբեջանի կառավարությունը, նախագահ Իլհամ Ալիևի գլխավորությամբ, ավելացրել է այլախոհների նկատմամբ գործադրվող ճնշումները, լրագրողների, ընդդիմադիրների, կրոնական գործիչների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հանդեպ հետապնդումները»,-նշվում է հանձնաժողովի նյութերում: Դրանցում նաև ասվում է, որ Ալիևի կառավարությունը «թաթախված է կոռուպցիոն մեղադրանքներում և գտնվում է տնտեսական ճգնաժամի մեջ»: «Ադրբեջանի կառավարությունն ԱՄՆ համար կարևոր ռազմավարական դաշնակից է, բայց այս խնդիրները լուրջ հարցերի առաջացման տեղիք են տալիս Բաքվի հանդեպ Վաշինգտոնի վարած քաղաքականության հարցում»,-նշել է լսումների կազմակերպիչներից մեկը: