28.12.2024
Պուտինը Ռուսաստանում մասնակի մոբիլիզացիայի մասին հրամանագիր է ստորագրել
21.09.2022
Պուտինը Ռուսաստանում մասնակի մոբիլիզացիայի մասին հրամանագիր է ստորագրել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հատուկ տեսաուղերձում հայտնել է, որ հրամանագիր է ստորագրել մասնակի մոբիլիզացիայի մասին։ Նրա խոսքով՝ հրամանագիրը ստորագրվել է պաշտպանության նախարարության առաջարկով՝ հանուն Ռուսաստանի, նրա ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանության։ «Զինվորական ծառայության զորակոչի կենթարկվեն միայն այն քաղաքացիները, ովքեր ներկայումս գտնվում են պահեստազորում և, առաջին հերթին, զինված ուժերում ծառայած, զինվորական որոշակի մասնագիտություններ և համապատասխան փորձ ունեցող անձինք։ Զինվորական ծառայության զորակոչվածները, նախքան ստորաբաժանումներ ուղարկելը, կանցնեն լրացուցիչ ռազմական պատրաստություն՝ հաշվի առնելով հատուկ ռազմական գործողության փորձը»,- ասել է Պուտինը։ Հրամանագրի կատարման միջոցառումները սկսվում են սեպտեմբերի 21-ից։ ՌԴ նախագահը նաև ասել է, որ կառավարությանը, ՊՆ-ին ամբողջությամբ և հնարավորինս սեղմ ժամկետներում հանձնարարականներ է տվել՝ որոշելու Լուգանսկի և Դոնեցկի հանրապետությունների կամավորների և մարտիկների իրավական կարգավիճակը։ «Դա պետք է լինի նույնը, ինչ սովորական զինվորականներինը՝ ներառյալ բժշկական օգնությունը, սոցիալական երաշխիքները», - ընդգծել է Պուտինը։