Հայաստանում կտրուկ աճել են անշարժ գույքի նվիրատվության գործարքները. ԱՆ
Հայաստանում կտրուկ աճել է անշարժ գույքի նվիրատվության հետ կապված գործարքների թիվը։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 11-ին, Ազգային ժողովի նիստում ասաց ՀՀ արդարադատության փոխնախարար Արա Մկրտչյանը։
Նրա խոսքով՝ այդ հարցը պետք է կարգավորել օրենսդրական մակարդակով։ Փոխնախարարն ընդգծեց, որ նախագիծը պատրաստվել է փողերի լվացման եւ այլ ապօրինի ռիսկերի դեմ պայքարի նպատակով, գրում է news.am-ը:
«Օրենսդրական փոփոխությունները պարտադրում են նվիրատվությունների հետ կապված գործառնություններ իրականացնող եւ արձանագրող ստորաբաժանումներին՝ բոլոր նվիրատվությունների գործառնությունները ներկայացնել ՀՀ Կենտրոնական բանկի Ֆինանսական դիտարկումների կենտրոն: Արդյունքները, ի վերջո, կհավաքվեն մեկ տվյալների բազայում: Այս ամենի շնորհիվ, ինչպես կարծում են արդարադատության նախարարությունում, այսօրվա դրությամբ առկա ռիսկերն ավելի կառավարելի կդառնան»,-պարզաբանեց Մկրտչյանը։
Նրա խոսքով՝ 2020 թվականին Հայաստանում գրանցվել է նվիրատվության 8674 դեպք։ 2021 թվականին այդ ցուցանիշը հասել է 12060-ի, իսկ 2022 թվականին՝ 15765-ի։ Այսինքն՝ երկու տարվա ընթացքում փաստացի կրկնակի աճ է գրանցվել։