22.11.2024
Մամուլ. Միայն Մուրադովի ներկայությունն է որոշակիորեն զսպում ադրբեջանական կողմին
prev Նախորդ նորություն

"Հենդրիքսի սկզբունքն" ու Ադրբեջանի սանձազերծած պատերազմը Արցախի դեմ

Հետպատերազմյան զարգացումները առավել քան տեղավորվում են "Հենդրիքսի սկզբունքի" տրամաբանության մեջ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է էներգետիկ ոլորտի փորձագետ Վահե Դավթյանը:


"Հենդրիքսի սկզբունքի" համաձայն՝ երբ նավթի գինը գերազանցում է 77 դոլարը, ապա նավթ արտահանող պետությունը՝ պետրոպետությունը, սկսում է իրեն ավելի ագրեսիվ դրսևորել արտահանման այլ՝ ոչ ածխաջրածնային կառուցվածք ունեցող հարևան-պետությունների համեմատ: Երբ գինը տատանվում է 33-77 դոլարի սահմաններում, պետրոպետության ու ոչ ածխաջրածնային հարևան-պետության արտաքին քաղաքական վարքագիծը գրեթե նույնն է: Երբ գինը 33 դոլարից ցածր է, պետրոպետությունը՝ հայտնվելով տնտեսական ճգնաժամի Դոմոկլեսյան սրի տակ, սկսում է իրեն առավելապես զուսպ պահել: Տվյալ սկզբունքը հեղինակը ձևավորել է 153 պետությունների 50 տարվա արտահանման կառուցվածքի ու արտաքին քաղաքականության կորելյացիայի վերլուծության արդյունքում:

Իհարկե, սկզբունքը վիճելի է՝ հաշվի առնելով, օրինակ, 2020 թ. ցածր գների ֆոնին Ադրբեջանի սանձազերծած պատերազմը: Սակայն տվյալ դեպքում նավթային դետերմինիզմը, թերևս, այդքան էլ տեղին չէ. պատերազմի թրիգեր են հանդիսացել մի շարք այլ գործոններ՝ Հայաստանի ներքին քաղաքական ճգնաժամը, ՛՛հայկական իշխանությունների՛՛ ռազմավարական սնանկությունը, արտաքին մի շարք դերակատարների ուղղակի ու անուղղակի աջակցությունը Ադրբեջանին և այլն:

Միաժամանակ, հետպատերազմյան զարգացումները առավել քան տեղավորվում են "Հենդրիքսի սկզբունքի" տրամաբանության մեջ: 2021 թ. փետրվարից նավթի գները սկսեցին կարգավորվել, իսկ արդեն հունիսից հաղթահարեցին հոգեբանական շեմը՝ 70 դոլարը՝ հասնելով հոկտեմբեր-նոյեմբերին 80-83 դոլարի: Հատկանշական է, որ հենց նոյեմբերին Բաքուն փորձեց դիմել հերթական ռազմական ավանտյուրայի Սյունիքում:

Ի դեպ, օմիկրոնով պայմանավորված նավթի գների անկումը կասեցված է, բարելը կրկին սկսել է աճել՝ հասնելով արդեն 75 դոլարի:

Իհարկե, սկզբունքն ընդհանրական է ու չի կարող արդյունավետ լինել մի շարք գործընթացների ուսումնասիրման համար: Սակայն, կարծում եմ, այն կարելի է ի նկատի ունենալ",- գրել է նա Facebook-ի իր էջում: