VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին Երեւան ժամանած դեմարկացիայի եւ դելիմիտացիայի հանձնաժողովի ՌԴ ներկայացուցիչների թվում, մեր տեղեկություններով, եղել են ՌԴ պաշտպանության երկու փոխնախարարներ։ Նրանց «Էրեբունի» ռազմական օդանավակայանում դիմավորել է Արցախում ռուս խաղաղապահների նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը, որն էլ ղեկավարելու է այս հանձնաժողովի՝ ռուսական մասի աշխատանքները։ Երեւան ժամանելուն պես նրանք ուղեւորվել են Ստեփանակերտ, հանդիպել խաղաղապահ զորքերի ու նրանց հրամանատարության հետ։ Ի դեպ, մեր աղբյուրների փոխանցմամբ, ռուսական կողմն անհանգստացած է Արցախում խաղաղ բնակչության նկատմամբ ադրբեջանական բռնությունների փաստով, քանի որ հասկանում է, որ դա կհանգեցնի հակառուսական մեծ ալիքի։ Սրանով է պայմանավորված Մուրադովի՝ Հայաստանում երկարատեւ վերջին այցը։ Միայն նրա ներկայությունն է որոշակիորեն զսպում ադրբեջանական կողմին։ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության որեւէ ներկայացուցչի հետ հանդիպում, մեր տեղեկություններով, չի եղել։ Երեկ Ռուսաստանից ժամանած պատվիրակությունն ուղեւորվել է Գյումրի՝ ռուսական 102-րդ ռազմաբազա, իսկ այսօր, ըստ ամենայնի, կմեկնեն Հայաստանից»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Ռոմանոս Պետրոսյանն ազատվեց շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից։ Լուր ստացանք, որ այդ պաշտոնում կնշանակվի Հակոբ Սիմիդյանը, որն ազատվեց վարչապետի խորհրդականի պաշտոնից։ Իսկ Ռոմանոս Պետրոսյանը նշանակվեց Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնում։ ՊՎԾ պետ Տիգրան Ուլիխանյանն էլ երեկ ազատվեց պաշտոնից։ Նրա պաշտոնանկության մասին վերջին շրջանում հաճախ էր գրվում։ Թեեւ արտաքուստ Ռոմանոս Պետրոսյանի ազատման պատճառը ՏԻՄ ընտրություններն են, հատկապես Կոտայքի մարզում՝ Աբովյանում կրած պարտությունը, եւ թվում է, թե սրանով նրան պատժում են՝ կառավարության անդամից կարգավիճակն իջեցնելով կառավարությանն առընթեր մարմնի ղեկավարի պաշտոնի, սակայն ՊՎԾ-ն լայն լիազորություններով կարեւոր մարմին է, եւ դա այնքան էլ իջեցում չէ։ Ի դեպ, ԱԻ փոխնախարարի պաշտոնից ազատվեց նաեւ Շիրակի նախկին մարզպետ, նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը, ում էլ, ըստ որոշ տեղեկությունների, Փաշինյանը չի ներել, որ ծնունդով լինելով Ամասիայի շրջանից՝ չի կարողացել ՔՊ-ի հաղթանակն այնտեղ ապահովել»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Արդեն մի քանի օր է, ինչ հասարակական-քաղաքական շրջանակները քննարկում են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ գաղտնի նկարահանած տեսանյութի բովանդակությունը, որտեղ ԱԺ նախագահը խոսում է գերեվարված զինծառայողների մասին անցյալով: Այս առնչությամբ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը հայտարարել է. «Ես կարող եմ ասել, որ Ալեն Սիմոնյանը երկրորդել է Նիկոլ Փաշինյանին, որովհետեւ դա իշխանության հավաքական տեսակետն էր: Որքան էլ նրանք հանդիպում են գերիների ծնողներին եւ փորձում լացակումաց տեսարաններ բեմադրել, որ իրենք մտահոգ են, անում են հնարավորն ու անհնարը, պայքարում են գերիների վերադարձի համար, բայց մենք գիտենք, որ իշխանության ներսում կա այն վերաբերմունքն ու տեսակետը, ինչը բարձրաձայն իբրեւ վրիպակ թույլ է տվել Ալեն Սիմոնյանը: Որպես ԱԺ նախագահ՝ նրա խոսքը խիստ վտանգավոր է այն տեսանկյունից, որ Հայաստանի Հանրապետությունը որպես երկիր պարտավոր է իր յուրաքանչյուր քաղաքացու ու նրա իրավունքների պաշտպանության համար սահմանադրական պարտավորությունները կյանքի կոչել: Ստացվում է, որ Հայաստանը հրաժարվո՞ւմ է իր քաղաքացիներից, նրանց իրավունքների պաշտպանության պարտավորություններից: Սա շատ վտանգավոր է: Անկախ նրանից, թե ինչ հանգամանքում են գերեվարվել մեր հայրենակիցները, ՀՀ իշխանության սահմանադրական պարտականությունն է նրանց ողջ-առողջ Հայաստան բերելը»: Հարցին, թե ինչպես կարող է իշխանությունը վերադարձնել, եթե Ադրբեջանը հրաժարվում է, Թովմասյանը պատասխանեց. «Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ հստակ ֆիքսված է` գերիների վերադարձ՝ բոլորը` բոլորի դիմաց: Բայց դրանից հետո տեղի է ունեցել 2 փաստաթղթի ստորագրում, մինչդեռ Հայաստանի իշխանությունը պետք է եռակողմ հայտարարության կետերի կատարումը ապահովեր ամբողջապես, նոր սկսեր այլ՝ կոմունիկացիոն թեմաների քննարկումը: Ինչու՞, գերիների վերադարձի կետը չկատարված, քննարկում սկսեց այլ թեմայով եւ ավելին՝ փաստաթղթեր ստորագրեց»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Քանի՞ իրավական ապտակի է սպասում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որպեսզի հասկանա, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը տապալում է իր քաղաքական ծրագրերը: Ինչպե՞ս. խոսենք փաստերով: Երեկ ՀՀ Սահմանադրական դատարանը, «Հայաստան» դաշինքի պատգամավորների դիմումի հիման վրա, արձանագրեց բառացի այն, որ կալանքի տակ գտնվող պատգամավորի կարգավիճակ չունեցող անձը պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից չի կարող պահվել անազատության մեջ։ Գլխավոր դատախազն անձամբ պետք է գար խորհրդարան, ներկայացներ կալանքի հիմնավորումները եւ ԱԺ-ից ստանար համաձայնություն: Արթուր Դավթյանը, սակայն, նախընտրեց նստել իր հարմարավետ աթոռին եւ հարվածի տակ դնելով դատախազության համակարգի անունը՝ ոտքերը սրբել ՀՀ Սահմանադրության վրա: Իսկ ի՞նչ արեց ՀՀ բարձր դատարանը. ՍԴ-Ն եւս մեկ անգամ հստակեցրեց կամ հերթական անգամ ապտակ հասցրեց Գլխավոր դատախազությանը, ՀՀ վերաքննիչ դատարանին, որ արդեն պատգամավոր դարձած կալանավորված անձին չեն կարող առանց ԱԺ համաձայնության պահել կալանքի տակ: Սա նշանակում է, որ Մեղրիի նախկին քաղաքապետ, ներկայումս ԱԺ պատգամավոր Մխիթար Զաքարյանը, պրոֆեսոր Արմեն Չարչյանը, Սիսիանի նախկին քաղաքապետ Արթուր Սարգսյանը անհապաղ պետք է ազատ արձակվեն ամիսներ շարունակ պահվող ապօրինի կալանքից։ Հիշեցնենք, որ այս որոշումը ՍԴ-ի երկրորդ ապտակն էր Գլխավոր դատախազությանը, ապտակ, որ քաղաքական հրահանգների արդյունքում կալանավորված անձանց երկար կալանքի տակ չեն կարող պահել կամ շինծու քրեական գործեր սարքել:
2021 թվականի մարտի 26-ին ՀՀ սահմանադրական դատարանը հրապարակեց ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի սահմանադրականության հարցը՝ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի եւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա` ճանաչելով ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածը սահմանադրությանը հակասող: ՍԴ նախագահ Արմեն Դիլանյանը հայտարարեց, որ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածը ճանաչվել է Սահմանադրության 78-րդ, 79-րդ հոդվածներին հակասող եւ անվավեր: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում էր «Մարտի 1»-ի քրեական գործով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածով (սահմանադրական կարգը տապալելու համար), այսինքն՝ Ռոբերտ Քոչարյանը «Մարտի 1»-ի գործով արդարացվեց: Գլխավոր դատախազությունը, սակայն, չհանձնվեց եւ դիմեց ՀՀ վերաքննիչ դատարան, բայց ՀՀ վերաքննիչ դատարանը մերժեց դատախազության միջնորդությունը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով ՍԴ դիմելու եւ սույն քրեական գործով վարույթը կասեցնելու միջնորդությունը՝ անփոփոխ թողնելով Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը։ Ստացվում է՝ մեկ տարվա մեջ ՍԴ-Ն երկու անգամ ապտակ է հասցնում Գլխավոր դատախազությանը, որն անհետեւանք չպետք է մնա: Դատախազը պիտի հրաժարական տա ակնհայտ ապօրինությունների համար»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստան» դաշինքի պատգամավորներ Արմեն Չարչյանը, Արթուր Սարգսյանը, ինչպես նաեւ Մեղրիի նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանը, ինչպես հայտնի է, պահվում են «Վարդաշեն» ՔԿՀ-ում, որն իրավապահ մարմինների եւ հատուկ կարգավիճակ ունեցող անձանց համար նախատեսված կալանավայր է։ Իսկ Առուշ Առուշանյանը, որի հանդեպ իշխանությունն առավել «յուրահատուկ» վերաբերմունք ունի՝ ԱԱԾ-ին կից «Երեւան Կենտրոն» ՔԿՀ-ում։ Զաքարյանն ու Սարգսյանը նստած են նույն խցում, իսկ պրոֆեսոր Չարչյանն առանձին է նստած։ Կալանավայրերում, որպես կանոն, քաղաքական բանտարկյալների նկատմամբ հատուկ հարգալից վերաբերմունք է եղել միշտ, այս դեպքն էլ բացառություն չէ։ Բոլորը հասկանում են, որ այս մարդիկ վաղ թե ուշ ազատ են արձակվելու, նրանք դասական իմաստով մեղք չունեն, ազատվելուց հետո էլ կարող են հայտնվել շատ բարձր կարգավիճակներում։ Իսկ պրոֆեսոր Արմեն Չարչյանն առավել մեծ հարգանքի է արժանանում՝ նրա խցի դռները բաց են պահում։ Կալանավայրերում այդ կարգավիճակն ունեն, այսպես կոչված, «զոն» նայողները եւ նրանց հովանավորյալները»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ինչպես հայտնի է, Աժ միջադեպի գործը ուղարկվել է ԱԱԾ նյութեր նախապատրաստելու համար: Նյութերի նախապատրաստման երրորդ օրը լրացել է, եւ դեռեւս ԱԱԾ-ում հստակություն չկա՝ հարուցել քրեական գործ, թե ոչ։ Իսկ ինչո՞ւ է ստեղծվել նման իրավիճակ։ Բանն այն է, որ «Հայաստան» դաշինքի պագամավորների օգնականները կոնկրետ անուններ չեն տալիս, թե ով է իրենց հարվածել, ավելին՝ ասում են, որ իրենց ծեծող չկա ու չի էլ լինի: Տեղեկացանք, որ միջադեպի կիզակետում հայտնված ԱԺ պատգամավորի օգնական Գերասիմ Վարդանյանը կոնկրետ հրաժարվել է բացատրություն տալ: Իսկ, ահա, ԱԺ պատգամավորները, որոնք եղել են ծեծկռտուքի կիզակետում, հայտնել են, թե իրենք չեն ծեծել ոչ մեկի, լսել են ձայներ ու տեսել են՝ օգնականներն են կռիվ անում: Դատելով իրավիճակից՝ ԱԱԾ-ն այս դեպքով կհետեւի ՀՔԾ-ի օրինակին, քրեական գործ չի հարուցի կամ էլ հարուցելու դեպքում կկարճի, ինչպես եղավ այս տարի՝ օգոստոսի 24-ին եւ 25-ին, ԱԺ դահլիճում մյուս միջադեպերի դեպքում, երբ ակնհայտ էր, ու կային բազաթիվ տեսաձայնագրություններ, թե ով ում քանի անգամ է հարվածում, բայց այդպես էլ քրեական գործ չհարուցվեց»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Դրսից Հայաստան ժամանած երիտասարդ բիզնեսմենները որոշել են մարզերից մեկում ջերմոցներ դնել՝ բավականին մեծ տարածքի վրա, եւ սկսել են գյուղացիների հետ բանակցել՝ նրանց հողերը գնելու համար։ Ոմանք հեշտ համաձայնել են, քանի որ այդ հողերը գրեթե չեն մշակում, մյուսները չեմուչում են արել, հետո համաձայնել, երրորդները մեծ թվեր են կրակել, հիմնականում՝ ստացել։ Սակայն բանն այն է, որ եթե կտոր-կտոր գնվող հողատարածքների մեջ մեկն անգամ չհամաձայնի վաճառել, ծրագիրը հնարավոր չի լինի իրականացնել։ Պարզվել է, որ նախատեսված տարածքում կա մի տարեց մարդ, որի հողը գրեթե մեջտեղներում է, բայց ոչ մի գնով չի ուզում վաճառել հողը․ ինչ գին առաջարկում են, չի համաձայնում։ Եվ հսկայական ծրագիրը, որը նաեւ շահավետ է տվյալ մարզի համար ու հազարավոր աշխատատեղեր է ստեղծելու, տապալվում է։ Բիզնեսմենները հազար մեթոդի ու մարդու են դիմում, որ սեփականատիրոջ հետ խոսեն, համոզեն։ Տարեց մարդը հպարտ հայտարարում է․ «Ես հող ծախող չեմ։ Կարող ա՞ գիտեք ես Նիկոլն եմ, էլ էդ հարցով ինձ չդիմեք»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստանում հակակոռուպցիոն մասնագիտացված դատարանի դատավորներին կտրամադրվեն հավելումներ։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս մասին որոշման նախագիծը ՀՀ արդարադատության նախարարությունն է հանրային քննարկման դրել։ Տեղեկացնենք, որ հավելումները կտրամադրվեն՝ գործունեության ոլորտով պայմանավորված ռիսկայնությունից ելնելով. սա՝ պաշտոնապես: Ի դեպ, հավելումներ կստանան նաեւ Վերաքննիչ քրեական դատարանի կոռուպցիոն հանցագործությունների գործերը քննող առանձին դատավորներ եւ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի առանձին դատավորներ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հավելումները Հակակոռուպցիոն դատարանում կազմելու են դատավորի պաշտոնային դրույքաչափի 70 տոկոսը, իսկ Վերաքննիչ դատարանների նշված դատավորների պարագայում՝ պաշտոնային դրույքաչափի 60%-ը: Ավելին, Բարձրագույն դատական խորհրդի կողմից ներկայացվել է առաջարկություն, ըստ որի՝ նախատեսվում է Վճռաբեկ դատարանի դատավորներին վճարել հավելումներ՝ պաշտոնային դրույքաչափի 50%-ի չափով: