Դեկտեմբերի 8-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակեց հերթական նիստերի աշխատանքը: Պատգամավորները քննարկել են կառավարության պատրաստած «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը:
ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց օրինագծին: Քվեարկության արդյունքում խորհրդարանն ընդունեց նախորդ օրը քննարկված օրինագծերը:
Այնուհետեւ խորհրդարանը վերսկսեց «ՀՀ 2022 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկումը:
ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը ներկայացրեց լրամշակված նախագիծը: Ըստ նրա՝ 2022 թ. բյուջեի եկամուտները կկազմեն 1 տրլն 947,8 մլրդ դրամ, ծախսերը՝ 2 տրլն 184 մլրդ դրամ, իսկ պակասուրդը՝ 236,2 մլրդ դրամ։ Առաջնահերթությունների հավելվածը ներառում է 85 մլրդ 556 մլն դրամի լրացուցիչ միջոցառումներ, որոնք կարող են իրականացվել բյուջեի եկամուտները նախատեսված գումարի նկատմամբ գերազանցելու կամ նախատեսված ծախսային միջոցառումների մի մասը ավելի ցածր գնով իրացնելու դեպքում:
Նախարարը տեղեկացրել է նախագծի եկամտային և ծախսային մասում կատարված փոփոխությունների մասին՝ հավելելով, որ դրանց արդյունքում պակասուրդը նվազել է 6 մլրդ 736,3 մլն դրամով:
«2022 թ. պետական բյուջեի նախագիծը ձևավորվել է կառավարության 2021-2026 թթ. ծրագրին համապատասխան՝ անվտանգության գերակա խնդիրների, կրթության համակարգերի, ենթակառուցվածքների ներառական և որակական զարգացման լուծումներով։ Այդ խնդիրների լուծումը պետք է հիմք ստեղծի տնտեսական աճի բարձր տեմպերի զարգացման համար», - նշել է Տիգրան Խաչատրյանը։
Նա ընդգծել է, որ հաջորդ տարվա պետբյուջեն ձեւավորվել է բարդ ժամանակաշրջանում, երբ դեռեւս հաղթահարված չեն կորոնավիրուսային համաճարակի եւ 2020 թվականի պատերազմի սոցիալ-տնտեսական հետեւանքները:
«Այնուամենայնիվ, մեզ հաջողվել է կառավարել բազան, որը կարող էր խոչընդոտել հետագա տնտեսական զարգացմանը», - նշել է նա՝ հավելելով, որ կառավարությունը կարողացել է պահպանել մակրոտնտեսական կայունությունը, որը հանգեցրել է 2021 թվականի առաջին կեսին տնտեսության արագ վերականգնմանը եւ աճի բարձր, հինգ տոկոսանոց դրույքաչափին:
Կառավարության հայտարարության համաձայն, տնտեսական աճի բարձր տեմպերը կպահպանվեն մինչև տարեվերջ և հուսալի հիմք կդառնան 2022 թ. նախատեսվող տնտեսական վերելքի համար: կառավարությունն ակնկալում է հաջորդ տարի 7% տնտեսական աճ: Կապիտալ ծախսերին ուղղվելու է 352 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի 4,5%-ը։ Բացի վերոնշյալից, համայնքներին տրամադրվելու են շուրջ 18,4 մլրդ դրամի կապիտալ սուբվենցիաներ՝ համայնքային ենթակառուցվածքների համաֆինանսավորման համար եւ այլն:
Նախագիծը ներկայացնելուց հետո նախարարը պատասխանել է պատգամավորների հարցերին: