Արթուր Սարգսյանն ազատվել է ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից
ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղար Արթուր Սարգսյանն ազատվել է պաշտոնից: Գերատեսչությունն այլ մանրամասներ չի հայտնել։
VERELQ-ը հիշեցնում է՝ այսօր «Ժողովուրդ»-ը գրել էր, որ ՀՀ պաշտպանության նախարարությունում կադրային զտումներ են սկսվել։
«Պաշտոնից ազատվել է Պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղար Արթուր Սարգսյանը։ Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը 2020 թվականի հուլիսի 27-ին պարգեւատրել է Արթուր Սարգսյանին՝ 2020 թվականի առաջին կիսամյակի Սարգսյանի հաշվետվության դրական արդյունքների հիման վրա։ Մեր տեղեկություններով, աշխատանքից ազատվել է նաև պաշտպանության նախարարության աշխատակազմի գլխավոր քարտուղարի տեղակալ – քարտուղարության պետ Սուրեն Պողոսյանը։
«ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նշանակումից հետո պարբերաբար իր մոտ է կանչում պաշտպանության նախարարության տարբեր վարչությունների աշխատակիցներին եւ անձամբ ծանոթանում նրանց գործառույթներին։ Հանդիպումների արդյունքում ՊՆ ղեկավար կազմում կատարվել է որոշակի վերլուծություն և որոշվել է, որ կադրային փոփոխությունները պետք է սկսվեն վարչությունների աշխատակիցներից, որպեսզի բացառվեն նախարարությունում ձևավորված "ավանդույթները":
Բանն այն է, որ նորանշանակ նախարարին հասկացրել են, որ նախարարության վարչությունների աշխատակիցները միմյանց վրա են բարդում իրենց աշխատանքի պատասխանատվությունը և հաճախ գործն առաջ չի շարժվում։ Նման դեպքերը բացառելու համար Պաշտպանության նախարարության որոշ վարչություններում շուտով կսկսվեն համատարած պաշտոնանկություններ», - ասվում էր գրառման մեջ։