24.11.2024
Պավլիկ Մանուկյան. Իշխանությունների հետ բանակցություններ, որպես այդպիսին, չկան
prev Նախորդ նորություն

Մամուլի տեսություն. ՊՊԾ գնդի գրավումն իշխանությունները ներկայացնում են որպես սովորական քրեաիրավական պատմություն

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան տպագիր մամուլի տեսությունը, որում ներառված է կարևոր իրադարձությունների մասին ընդգրկուն տեղեկատվություն:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանն արդեն երեք օր է՝ ապրում է արտակարգ ռեժիմում: Ողջ հանրությունը լարված, շնչակտուր հետեւում է Երեւանի Խորենացի փողոցում ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի շուրջ ծավալվող իրադարձությունների զարգացման ընթացքին: Բոլորի համար ակնհայտ է, որ այդ իրադարձությունները էական ազդեցություն են ունենալու ողջ հանրապետության կյանքի վրա: Սակայն Հայաստանի ղեկավարությունը՝ Սերժ Սարգսյանը, ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը եւ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, շարունակում է լռել: «Ժողովուրդ» օրաթերթի բոլոր փորձերը՝ ՀՀ նախագահի նստավայրից, ՀՀ կառավարությունից իրավիճակի հանգուցալուծման շուրջ պարզաբանումներ ստանալու մասով, ձախողվեցին: Երեկվա ընթացքում լսվեց միայն ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի «կիսաձայնը», երբ արձագանքեց ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի՝ ստեղծված իրավիճակը խորհրդարանում ինչ-որ ֆորմատով քննարկելու առաջարկին: ԱԺ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Արսեն Բաբայանի շուրթերով Սահակյանը փոխանցել էր, որ «Եթե Ազգային ժողովում որեւէ ֆորմատով քննարկում լինի, ապա դա կնշանակի միջամտություն քրեական գործին: Չմիջամտելը պատճառներից մեկն է, բայց, այնուամենայնիվ, չկա այն առարկան, ինչի շուրջ այս պահին քննարկելու անհրաժեշտություն կա»: Այլ կերպ ասած՝ իշխանությունները փորձում են ստեղծված իրավիճակը իբրեւ սովորական քրեաիրավական պատմություն ներկայացնել՝ անտեսելով հանրության շրջանում առկա լարվածությունը: Մեզ մնում է արձանագրել, որ իրականում անակնկալի եկած ու փակուղային իրավիճակում հայտնված իշխանությունները լռելով ավելի են սրում իրավիճակը, ու տպավորություն է, որ Հայաստանի վերնախավը չի գիտակցում այն պատասխանատվությունը, որը հանձն է առել՝ ստանձնելով Հայաստանի ղեկավարումը»:

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հուլիսի 17-ին մայրաքաղաքի Էրեբունու ՊՊԾ գնդի վրա «Սասնա ծռեր» ջոկատի հարձակումից հետո արդեն մի քանի օր է՝ ուժեղացված հսկողություն է սահմանվել ոչ միայն պետական նշանակության մի շարք շենքերի նկատմամբ՝ նախագահական, կառավարություն, ԱԺ, այլեւ բարձրաստիճան պաշտոնյաների առանձնատների մոտ։ Մասնավորապես, երեկ գիշեր Մոնումենտում տեղակայված դղյակների մոտ մեծաթիվ ոստիկանական խմբեր են տեղակայված եղել։ Հիշեցնենք, որ այստեղ են գտնվում վարչապետ Հովիկ Աբրահամյանի, տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանի եւ այլ պաշտոնյաների ու մեծահարուստների առանձնատները»:

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով` վերջին իրադարձությունների ֆոնին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հնարավոր «շոուները» զսպել են նախագահականից: Ասում են` անձամբ Սերժ Սարգսյանն է հրահանգել չլինել դեպքերի կիզակետում, խրոխտ ձայնով հայտարարություններ չանել եւ ավելի չսրել իրավիճակը: Այդ է պատճառը, որ ժողովրդին ներկայանալու եւ քարոզներ կարդալու սովորույթ ունեցող մեր ոստիկանապետն այս օրերին պասիվ է: Փոխարենը` իրադարձությունների կիզակետում է նրա առաջին տեղակալը` Հունան Պողոսյանը, որն ավելի մեղմ եւ քաղաքակիրթ տեսակ է, կոնֆլիկտի չգնացող եւ սուր անկյունները հարթող: Ի դեպ, այս օրերին որոշ շրջանակներում քննարկում են ոստիկանապետի հրաժարականի հարցը: Սակայն մեր լավատեղյակ աղբյուրները պնդում են, որ նման պաշտոնանկություն այժմ չի լինի, քանի որ դա, մեղմ ասած, կարող է նշանակել, որ իշխանությունն ընդունում է իր «պռավալը»:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այս տարվա առաջին կիսամյակի արդյունքներով՝ Հայաստանից ինքնաթիռով մեկնել եւ չի վերադարձել 19 հազար 719 ուղեւոր: Մասնավորապես, «Զվարթնոց» օդանավակայանով Հայաստանից մեկնել է 429 հազար ուղեւոր, իսկ ժամանել՝ 410 հազարը: «Շիրակ» օդանավակայանից այս տարվա վեց ամիսներին հանրապետությունից մեկնել է 3 հազար 885 ուղեւոր, իսկ վերադարձել՝ 3 հազար 120: Ուշագրավ է նաեւ այն փաստը, որ անցած տարվա համեմատ «Զվարթնոցի» ուղեւորաշրջանառությունն այս տարվա առաջին կիսամյակի կտրվածքով աճել է շուրջ 11 հազար ուղեւորով: Իսկ Գյումրիի «Շիրակ» օդանավակայանի դեպքում հակառակ երեւույթն է տեղի ունեցել. ուղեւորաշրջանառությունը նվազել է մոտ 60 տոկոսով: Անցած տարվա առաջին կիսամյակի արդյունքներով «Շիրակ» օդանավակայանից օգտվել է 16 հազար 700 ուղեւոր, այս տարի ընդամենը 7 հազար: Այսինքն՝ կարող ենք արձանագրել, որ նշված օդանավակայանն այս տարի արդեն իսկ լուրջ տնտեսական վնասներ է կրել»:

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Վանաձորում խոսում են, որ հոկտեմբերին կայանալիք ՏԻՄ ընտրություններից հետո, երբ ավագանին նիստ անի, ՕԵԿ-ն ու ՀՀԿ-ն հանդես են գալու համագործակցված՝ քվեարկելու են միմյանց թեկնածուների օգտին, որպեսզի ՀՀԿ թեկնածուն՝ նոտար Մամիկոն Ասլանյանը, կարգվի քաղաքապետ, իսկ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի սանիկ՝ ՕԵԿ թեկնածու Արկադի Փելեշյանը դառնա փոխքաղաքապետ։ Այստեղ վստահ են ինչպես ՀՀԿ-ի հաղթանակում, այնպես էլ նրանում, որ ՕԵԿ-ը կհաղթահարի նվազագույն 6 տոկոս շեմը։ Ըստ մամուլի տեղեկությունների, Փելեշյանը հայտնի ռեժիսոր, վավերագրող, սցենարիստ Արտավազդ Փելեշյանի բարեկամն է, ներկայումս ավագանու անդամ։ Հիշեցնենք, որ ընտրություններին մասնակցելու մասին են հայտարարել նաեւ «Լուսավոր Հայաստանը» եւ ԲՀԿ-ն, առաջինի թեկնածուն Քրիստ Մարուքյանն է, մյուսինը՝ Հրանտ Մարգարյանը»:

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մինչ հասարակությունն սպասում է, որ Էրեբունու դեպքերը կհանգուցալուծվեն, իրավիճակը գնալով սրվում է։ Երեկ ՊՊԾ գնդի մոտ մեծ թվով մարդիկ էին հավաքվել, եւ լարվածության երկրորդ օջախ էր ձեւավորվել։ Ըստ ոստիկանության՝ Սարի թաղից փորձել էին ներխուժել գնդի տարածք, քարերով հարվածել էին ոստիկաններին, որոնց շրջանում տուժածներ կային։ Ի պաշտպանություն սարիթաղցիների, Ավետիսյանի խումբը կրակել էր օդ, ինչից էլ վիճակն ավելի էր շիկացել։ Թե որն է հանգուցալուծումը, պարզ չէ։ Մեր տեղեկություններով` Ժիրայր Սեֆիլյանի թիմը, հանգուցալուծման «երրորդ տարբերակ» ասելով, նկատի ունի արտահերթ խորհրդարանական ընտրությունները, քանզի մտածում են, որ ստեղծված հասարակական-քաղաքական վիճակում ՀՀԿ-ն չի կարողանա 5 տոկոսն անգամ հաղթահարել: «Իշխանությունները չեն գնա արտահերթի, բայցեւ չեն բացառվում կառավարության եւ ուժային ստրուկտուրաներում լուրջ փոփոխություններ՝ կրքերը հանդարտեցնելու միտումով»»:

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Մենք՝ հարկատուներս, բարեխղճորեն վճարում ենք ոստիկանության «բարեփոխումների» համար։ Օրինակ, 2008 թ. մինչ օրս ոստիկանության ֆինանսավորումը աճել է 1.9 անգամ. եթե 2008 թվականին ոստիկանությունը պետական բյուջեից հատկացվել էր ընդամենը 20.4 միլիարդ դրամ, ապա 2015 թվականին պետբյուջեից ոստիկանության փաստացի ֆինանսավորումը կազմել է ավելի քան 38 միլիարդ դրամ։ Ոստիկանության բարեփոխման հիմնական ցուցանիշը պետք է լինի հանցագործությունների թվի նվազումը։ Իսկ ի՞նչ է եղել նույն այդ տարիների ընթացքում։ 2008 թվականին Հայաստանում արձանագրվել է 9 հազար 271 հանցագործություն։ 2015 թվականին այդ թիվը արդեն հասել է 17 հազարի։ Այսինքն, նշված ընթացքում հանցագործությունների թիվը աճել է 1.8 անգամ։ Ուրեմն ի՞նչ է ստացվում։ Ոստիկանության ֆինանսավորման 1.9 անգամ ավելացումը բերում է հանցագործությունների թվի 1.8 անգամ ավելացման։ Սա հենց այն պատկերն է, որը ցույց է տալիս, թե որքան «արդյունավետ» կառույց է մեր ոստիկանությունը։ Իսկ դրա պատճառն այն է, որ ոստիկանությունը հանցավորության դեմ պայքարելու և հանցագործությունները կանխելու փոխարեն զբաղված է հիմնականում մարդկանց ապօրինի բերման ենթարկելով։ Ու քանի որ պետք է հնարավորինս շատ մարդ բերման ենթարկել, պետք է նաև ոստիկանների թիվը շատ մեծ լինի։ Քանի աշխատակից ունի մեր ոստիկանությունը գաղտնիք է պահվում։ Թե ինչու, մինչ օրս ոչ ոք դրան տրամաբանական պատասխան չի տվել։ Աշխարհի գրեթե բոլոր երկրները հրապարակում են այդ թիվը, և Միացյալ ազգերի կազմակերպությունն էլ վարում ու հրապարակում է իր վիճակագրությունը։ Ըստ ոչ պաշտոնական աղբյուրների, Հայաստանը բնակչություն/ոստիկան հարաբերակցությամբ զբաղեցնում է աշխարհում առաջին տեղերից մեկը, եթե ոչ առաջինը։ Այսինքն ոստիկանների թիվը շատ մեծ է, չափազանց մեծ։ Սակայն դա ամենևին չի նպաստում Հայաստանում հանցավորության նվազմանը։ Գուցե նույնիսկ նպաստում է հանցավորության աճին»,–գրում է թերթը։