24.11.2024
Մամուլի տեսություն. ՊՊԾ գնդի գրավումն իշխանությունները ներկայացնում են որպես սովորական քրեաիրավական պատմություն
prev Նախորդ նորություն

Վլադիմիր Եվսեև. Ապրիլին Ադրբեջանը ծրագրել էր գործողությունը՝ Ստեփանակերտի մատույցներ դուրս գալու նպատակով

Սկսած 2014թ.-ից ամեն ինչ գնում էր դեպի պատերազմը: 2015թ.-ի սեպտեմբերից կիրառվում էին հրթիռային համակարգեր Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության նկատմամբ:Տարվա վերջին արդեն կիրառվում էին տանկեր և հաուբիցներ՝հակամարտությանը մասնակցում էին գրեթե բոլոր զինատեսակները: Այդ մասին հայտարարել է ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրենի տեղակալ, ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը:

Անդրադառնալով սրացման պատճառներին նա նշել է, որ հակամարտությանը դրդել է Թուրքիան: Նա նշել է, որ փոխվել է ուժերի հավասարակշռությունը՝ Ադրբեջանն ուներ քանակական և որակական առավելություն: Ադրբեջանը հակամարտության մեկնարկից առաջ ուներ առավելություն զրահատեխնիկայում, անօդաչուներում, հրետանում, մարտական ավիացիայում, հրթիռային համակարգում: Որակական առավելությունը ձեռք է բերվել իսրայելական արտադրության զենքերի շնորհիվ, փոխանցում է materik.ru կայքը:

Եվսեևի խոսքով, Ադրբեջանը պլանավորում էր լայնամաշտաբ գործողություն, եթե ոչ Ստեփանակերտի գրավմամբ, ապա նրա մատույցներ դուրս գալու նպատակով: Քաղաքագետը նաև նշել է, որ Ադրբեջանին չի հաջողվել հաղթել հայ զինվորների հերոսության շնորհիվ, հենց նրանց տոկունության շնորհիվ հնարավոր եղավ կանգնեցնել հակամարտությունը: Հակառակ պարագայում պետք էր խոսել արդեն ԼՂՀ-ի գոտում այլ իրավիճակի մասին:

Սակայն նա չի տեսնում իրական մեխանիզմներ նմանատիպ սցենարներից խուսափելու համար:Զորքերի հետ քաշումն անհնար է, քանի որ կողմերից մեկն ունի առավելություն: Փորձագետն առաջարկում է ոչ թե զորքերը հետ քաշել, այլ հետ քաշել ծանր տեխնիկան, ինչը թույլ կտա զերծ մնալ բնակելի տարածքների հրետակոծություններից՝դա ավելի իրատեսական է: Ըստ Եվսեևի, անհրաժեշտ են նաև տեխնիկական միջոցներ պարզելու համար, թե որտեղի է կրակ արձակվել: ՌԴ-ն, որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր, կարող էր իր վրա որոշակի պարտավորություններ վերցնել:

Առաջինը՝ փոխել Ադրբեջանին մատակարարվող զենքերի տեսականին. դա կլինի քայլ դեպի այդ հակամարտության կարգավորում: Երկրորդ՝ իրականացնել ՀՀ-ին զենքերի մատակարարման գործարքը: Ըստ նրա, զինատեսակների մեջ եղած դիսբալանսը պետք է վերանա: Եվսեևը հավելել է, որ խաղաղապահներ այս պահին մտցնել չի կարելի՝չկան դրա համար նախադրյալներ, իսկ խաղաղապահներ կարելի է մտցնել վստահության նվազագույն մակարդակի առկայության դեպքում: