27.11.2025
Հայաստանում քաղաքական պատվերի արդյունքում կիրառվում է միայն կալանքը. Վարդևանյան
prev Նախորդ նորություն

Կառավարությունը 3 մլրդ դրամ հատկացրեց Երևանին՝ տրանսպորտային ճեղքվածքը փակելու համար

Լուսանկարը` kavkaz-uzel.eu
Լուսանկարը` kavkaz-uzel.eu

Հայաստանի կառավարությունն իր պահուստային ֆոնդից ավելի քան 3 միլիարդ դրամ է ուղղել Երևանի քաղաքապետարանին՝ մայրաքաղաքի բյուջեում առաջացած ֆինանսական բացը լրացնելու և տրանսպորտային համակարգի անխափան գործունեությունն ապահովելու նպատակով։ Գործադիրի նոյեմբերի 27-ի նիստում ընդունված այս որոշումը պայմանավորված է քաղաքային բյուջեի եկամուտների՝ մասնավորապես հանրային տրանսպորտի ուղեվարձերի հավաքագրման ցուցանիշների թերակատարմամբ։


Ըստ հիմնավորման՝ թեև տարեկան կտրվածքով նախատեսվել էր հավաքագրել շուրջ 21,3 միլիարդ դրամ, սակայն ընթացիկ կանխատեսումները ցույց են տալիս, որ մինչև տարեվերջ պակասորդը կկազմի մոտ 5,5 միլիարդ դրամ։ Ֆինանսական այս ճեղքվածքը փակելու համար տրամադրվող պետական աջակցությունը թույլ կտա քաղաքապետարանին խուսափել ընթացիկ ծախսերի կրճատումից և չտապալել համայնքային կարևոր ծրագրերը։ Ավելին, այս դոտացիան հնարավորություն կստեղծի համայնքի սեփական եկամուտները խնայել և 2026 թվականի տարեսկզբին ուղղել տրանսպորտային պարկի համալրմանը։


Խոսքը 45 նոր տրոլեյբուսների ձեռքբերման ծրագրի մասին է, որի պայմանագրային արժեքի 30 տոկոսն արդեն իսկ վճարվել է կառավարության աջակցությամբ։ Պետական բյուջեից ստացված այս նոր հատկացման շնորհիվ քաղաքապետարանը կկարողանա իր միջոցներով մարել պայմանագրի մնացած 70 տոկոսը և ավարտին հասցնել շարժակազմի թարմացման գործընթացը։ Որոշումն ընդունվել է չզեկուցվող հարցերի փաթեթով և, ըստ գործադիրի, չի խախտի պետական բյուջեի ընդհանուր հաշվեկշռային տրամաբանությունը։

Հրդեհաշիջման փրփուրի փոխարեն ՆԳՆ մոտոցիկլետներ կգնի պարեկային ծառայության համար
Հաջորդ նորություն next