VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Քաղբանտարկյալների հարցով ընդդիմադիրների հրավիրած լսումներին երեկ գլխավոր դատախազը չէր ներկայացել: Լսումները բոյկոտել էին նաեւ ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ դեսպանները, որոնց եւս հրավիրել էին` ներկա գտնվելու կամ ներկայացուցիչ ուղարկելու։ Լսումներին մասնակցում էր միայն ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան քաղաքական գծով մասնագետ Լիլիթ Օհանյանը, որը, նիստերի դահլիճում նստած, հետեւում էր լսումներին։ Փաստորեն, ժողովրդավարական արժեքների ջատագով հռչակված ԵՄ անդամ պետությունների դեսպանները ոչ միայն իրենք չեն հետաքրքրվում քաղաքական հետապնդումներով եւ չտեսնելու են տալիս Հայաստանում բռնություններն ու ապօրինությունները, այլեւ անգամ նման քննարկումներին չեն մասնակցում` բացահայտորեն ցույց տալով, որ կողմ են այս իշխանությունների վարած քաղաքականությանը, եւ նրան քարտ-բլանշ են տվել երկրում բռնապետություն հաստատելու ճանապարհին։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի՝ Կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը` ՔՊ վարչությունը, ամենօրյա ռեժիմով քննարկում են 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների բոլոր «սցենարները»: Ինչպես հայտնում են մեր աղբյուրները, Փաշինյանի համար, նախ, կարեւոր է նախընտրական ցուցակը, որը պետք է կազմվի՝ անձին ուսումնասիրելուց, բարեվարքությունը պատշաճ ստուգելուց, մի խոսքով՝ հատիկ-հատիկ քննելուց հետո: Ըստ մեր աղբյուրների՝ դեռեւս երկար ժամանակ է պահանջվելու, մինչեւ Փաշինյանը «կզտի» ցուցակն ու կթողնի այն անձանց, ովքեր պետք է իր հետ ընտրությունների գնան:
Ի դեպ, իշխանական վերնախավում համոզված են, որ Սահմանադրական մեծամասնություն են կազմելու, եւ որ ոչ մի խոչընդոտ կամ ուժ չկա, որ կկարողանա իրենց հետ մրցել: Մեր տեղեկություններով՝ բացի խորհրդարանական ընտրությունների կաեւորությունից, Փաշինյանի համար թիվ մեկ թեման Կաթողիկոսին հեռացնելն է, որը, ըստ իշխանական մեր աղբյուրների, առաջիկայում իրագործվելու է: Այդ հարցը շատ արագ լուծելու են. մշակված պլանով առաջ են գնում»։
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Որոշ տեղեկություններով՝ այն ՔՊ-ականները, որոնք չեն դիմում նախընտրական ցուցակում առաջադրվելու համար, գլխացավանքի մեջ են ընկնելու՝ նրանց հարցով անձամբ Նիկոլ Փաշինյանն է զբաղվելու: Նեղ շրջանակում ասում են, որ նա չառաջադրվելն էլ է ըմբոստություն համարում եւ որոշել է այդ «հանդուգններին» պատժել, քանի որ համարում է, որ մերժում են իրեն, իր քաղաքականությունը, փորձում են «գնացքից թռնել»` խույս տալ պատասխանատվությունից, ինչն ինքը թույլ չի տալու: Իզուր չէ, որ ոմանք նրանց պատանդ եւ թրաֆիքինգի զոհեր են համարում: Ըստ առաջնորդի, բոլորը պարտավոր են առաջադրվել ու ամեն ինչ անել, որ ՔՊ-ն վերարտադրվի։ Բացառություն կլինեն միայն նրանք, որոնց Փաշինյանը կասի, որ չառաջադրվեն, որովհետեւ «այլ տեղում է նրանց տեսնում»։ Երեկ լրատվամիջոցները գրեցին, որ ՔՊ-ական որոշ կանայք ցանկություն չունեն առաջադրվելու, խոսքը Լենա Նազարյանի, Քրիստինե Պողոսյանի եւ մի քանիսի մասին է: Ասում են նաեւ, որ հնարավոր է՝ Շիրակ Թորոսյանն ու Խաչատուր Սուքիասյանն էլ չառաջադրվեն։ Սակայն Լենան Աննա Հակոբյանի ընկերուհին է` հաստատ պատժվողների ցանկում չի լինի։ ՔՊ-ում հատկապես բուռն խոսակցությունների թեմա է դարձել, որ առաջադրվելու ցանկություն կարծես թե չունի Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ ՔՊ վարչության վերջին նիստին նա լրագրողների հարցին` առաջադրվե՞լ է, թե՞ ոչ, չէր պատասխանել: Միայն հաստատել էր մեր այն լուրը, որ նախընտրական շտաբում ինքը Երեւանի պատասխանատուն է նշանակվել։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ՔՊ խմբակցության համար շոկային է եղել այն տեղեկությունը, որ Անդրանիկ Քոչարյանը եւս դիմել է՝ ընդգրկվելու ՔՊ-ի նախընտրական ցուցակում։ Իշխանական մեր աղբյուրները նշում են, որ ՔՊ խմբակցության մի մասի համար այս տեղեկությունը անակնկալ է եղել, քանի որ համոզված էին՝ ՔՊ վարչությունը նման երաշխիք չի տա. սակայն պարզվել է, որ երաշխավորը ԱԺ-ում ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն է։ Երբ ՔՊ-ականները փորձել են պարզաբանում ստանալ Կոնջորյանից նման քայլի համար, վերջինս հայտարարել է, թե ինքը խմբակցության ղեկավար է ու իրավունք չունի իրեն դիմողների միջեւ տարբերություն դնել ու մերժել:
Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ Անդրանիկ Քոչարյանն անձամբ Կոնջորյանին է դիմել ու երաշխիք խնդրել ՔՊ 2026 թվականի նախընտրական ցուցակում առաջադրվելու համար: Իհարկե նույն ՔՊ աղբյուրները նշում են, որ սա ոչինչ չի կարող նշանակել, քանի որ ցուցակը դեռեւս «զտվելու» է, ու քիչ հավանական է, որ Քոչարյանը կարողանա ապահովել մանդատը։ Ինչպես տեղեկացանք, այս առաջադրումը լուրջ բախումներ է առաջացրել ՔՊ խմբակցությունում: Նշենք նաեւ, որ ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորները, բացառությամբ մեկ-երկու հոգու, կրկին առաջադրվել են 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների նախընտրական ցուցակում:
Բանն այն է, որ կիրակի օրն արդեն ավարտվում է առաջադրումների ժամանակահատվածն ու ՔՊ-ն արդեն պետք է ամփոփի, թե նախնական նախընտրական ցուցակում ովքեր են առաջադրվելու: ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՔՊ ցուցակում առաջադրվելուց հրաժարվել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Լիլիթ Կիրակոսյանը։ Վերջինս 2022 թվականից է խորհրդարան եկել. նա իր թիմակիցներին ասել է, որ այլեւս չի ցանկանում առաջադրվել, անձնական կյանքով է ցանկանում ապրել: Հիշեցնենք՝ ArmLur.am-ը երեկ անդրադարձել էր, թե ՔՊ-ականներից ովքեր են առաջադրվել 2026 թվականի նախընտրական ցուցակում եւ ովքեր հրաժարվել»։
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, որը պաշտոնավարել է նաեւ 44-օրյա պատերազմի օրերին, երեկ հայտարարեց, որ դիմել է ԱԺ նախագահին՝ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցին եւ հանձնաժողովում իր մասնակցությամբ նիստերի արձանագրություններին ծանոթանալու համար, սակայն մերժում է ստացել՝ այն հիմնավորմամբ, որ զեկույցն իրավական կարգավիճակ չունի․ հայտնի է, որ ԱԺ նախագահն այն ուղարկել է խորհրդարանի գաղտնի բաժին, որին ծանոթանալու իրավունք ունեն միայն գաղտնիության «դոստուպ» ունեցող պատգամավորները։ Տոնոյանը տեղեկացրել է նաեւ, որ խորհրդակցելով իր փաստաբանական խմբի հետ եւ համարելով, որ մերժումն անհիմն է, կրկին դիմել է ու սպասում է պատասխանի։ Մեր տեղեկություններով, Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու ծանոթանալ զեկույցի հետ, քանի որ, ինչպես նշեցինք, դրան կարող են ծանոթանալ մարդիկ, որոնք գաղտնիության «դոստուպ» ունեն, ընդ որում՝ պատգամավորներից ոմանք, օրինակ՝ Սեյրան Օհանյանը նույնպես, իր նկատմամբ հարուցված քրեական վարույթների պատճառով, չունի այդ «դոստուպը» եւ թեպետ ցանկություն ունի այդ զեկույցին ծանոթանալու, բայց իրավունք չունի։ Փոխարենը, մեզ ասացին, որ Տոնոյանն իրավունք ունի եւ կարող է ստանալ իր մասնակցությամբ նիստի արձանագրությունները։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ տեղեկացրել էինք, որ ArmLur.am-ի տվյալներով, Հակակոռուպցիոն կոմիտեն մտել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտ. կա կաշառք ստանալու գործով կալանավորված դասախոս։ Մանրամասների համար դիմել էինք Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղից, ի պատասխան, հաստատեցին տեղեկությունը՝ նշելով. «ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտի ամբիոնի վարիչը՝ կաշառք ստանալու մեղադրանքով։ Եվս երկու անձ ձերբակալվել է կաշառք ստանալուն օժանդակելու եւ կաշառք տալու մեղադրանքներով։ Նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություններ են ներկայացվել դատարան, որոնք բավարարվել են»:
Ըստ մեզ հասած տվյալների՝ այսքանով իրավապահների օպերացիան չի դադարեցվի: Մոտ օրերին նախատեսվում են գործընթացներ նաեւ այլ բուհերում, սակայն օպերացիան չտապալելու համար այս պահին անուն չենք հայտնի: Հիշեցնենք, որ 2025թ. հոկտեմբերի 17-ին Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել էին Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գեւորգյանը եւ պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանը։ Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը տեղեկացրել էր, որ ռեկտորն ու պրոռեկտորը մեղադրվում են համալսարանի տարբեր աշխատակիցներից կազմված հանցավոր կազմակերպություն ստեղծելու եւ ղեկավարելու, առանձնապես խոշոր չափերով վատնում եւ խարդախություն կատարելու, ինչպես նաեւ կաշառք ստանալու համար:
Քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել էին նաեւ համալսարանի այլ աշխատակիցներ: Արդյունքում՝ դատարանը Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գեւորգյանի նկատմամբ կիրառել է տնային կալանք եւ որպես համակցված միջոց՝ 20 մլն դրամ գրավ։ Մանկավարժականի պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանը չի կալանավորվել։ «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան՝ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել էին, որ Հարությունյանի նկատմամբ կիրառվել է այլընտրանքային խափանման միջոց՝ հաշվի առնելով, որ տվել է խոստովանական ցուցմունք»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ առողջապահության փոխնախարար Արտակ Ջումայանը ազատվելու է պաշտոնից, որը զբաղեցնում է 2021 թվականից ի վեր։ Ջումայանը սովորել եւ մինչեւ 2018 թվականը աշխատել ու գործունեություն է ծավալել Մոսկվայում։ Մի օր էլ Արտակ Ջումայանը եկավ Հայաստան եւ հեղափոխությունից հետո՝ 2019-2021 թվականներին, զբաղեցրեց ՀՀ առողջապահության նախարարության «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայի վարիչի պաշտոնը, ապա 2021 թվականի սեպտեմբերին դարձավ ԱՆ փոխնախարար՝ կատարելու բարեփոխումներ մի շարք ոլորտներում՝ այդ թվում եւ գյուղական պոլիկլինիկաներում։ ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ Արտակ Ջումայանը կնշանակվի Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։
Իսկ ինչ ունեցվածքով կհեռանա նախարարությունից Ջումայանը. Համաձայն 2024 թվականի անշարժ գույքի, եկամուտների, ծախսերի եւ շահերի հայտարարագրի՝ նախկին փոխնախարարը ունի տարբեր տարիների ձեռք բերված 3 բնակարան (Ջումայանը 3 անչափահաս զավակ ունի)։ Բնակարաններից 2-ը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում են, իսկ մյուսը՝ Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքում։ Բնակարանները, հավանաբար, գնվել են 2019 եւ 2021 թվականներին։ 2021 թվականին գնած բնակարանը, ըստ հայտարարագրի, արժեցել է 33 մլն 51 հազար դրամ՝ գրեթե 86 հազար դոլար։ Ջումայանը հայտարարագրել է 2 շարժական գույք՝ UAZ եւ Toyota մակնիշի մեքենաներ։ UAZ-ը ձեռք է բերվել 2023 թվականին 480 հազար դրամով։
Հայտարարագրում նշված չէր 2021 թվականին ձեռք բերված Toyota մակնիշի մեքենայի արժեքը։ Արտակ Ջումայանի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 1,6 մլն դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 315 հազար դրամ։ Հաշվետու տարվա միակ եկամուտը փոխնախարարի աշխատանքի համար ստացված եկամուտն է՝ 14 մլն 416 հազար դրամ։ Ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 25 մլն 437 հազար դրամ, որից 21 մլն 382 հազար դրամը բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է։ Հիշեցնենք, որ որոշ ժամանակ առաջ Ջումայանի WhatsApp-ի օգտահաշիվը կոտրել էին, եւ նրա անունից հաղորդագրություններ էին գրվել տարբեր բժշկական կենտրոնների»։