27.11.2025
Հայաստանի անվտանգության տեսլականը համապարփակ է. ԱԽ քարտուղար
prev Նախորդ նորություն

«Ոչ մի լումա ավել, ոչ մի լումա պակաս». Փաշինյանը` հարկայինի խստության մասին

Լուսանկարը` yarnews.net
Լուսանկարը` yarnews.net

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նոյեմբերի 27-ի նիստում հայտարարեց աշխատաշուկայում գրանցված նոր պատմական ռեկորդի մասին՝ միաժամանակ անդրադառնալով գործարարներից ստացվող դժգոհություններին՝ կապված հարկային և քննչական մարմինների չափից դուրս խստապահանջության հետ։


Գործադիրի ղեկավարն ընդգծեց, որ հոկտեմբերի տվյալներով հանրապետությունում գրանցված աշխատատեղերի թիվը հատել է 810 հազարի շեմը, ինչը 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է շուրջ 223 հազարով։


Տնտեսական ակտիվության ցուցանիշը ևս պահպանում է աճի միտումը. այս տարվա առաջին տասը ամիսներին այն կազմել է 8.1 տոկոս։ Վարչապետի խոսքով՝ այս դրական դինամիկան, ինչպես նաև միջին աշխատավարձի բարձրացումը (հոկտեմբերին կազմել է 313 000 դրամ), ուղղակիորեն կապված են ենթակառուցվածքների բարելավման հետ։


Փաշինյանը նկատեց, որ քաղաքացիները հաճախ չեն արձանագրում, թե որքան գումար են խնայում, օրինակ, ավտոմեքենաների վերանորոգման վրա՝ բարեկարգված ճանապարհների շնորհիվ։


Այնուամենայնիվ, հաշվի առնելով տնտեսվարողների ահազանգերը հարկային վարչարարության խստության վերաբերյալ, վարչապետը հայտնեց, որ եկող շաբաթ օրը փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի և ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ տեղի կունենա հատուկ խորհրդակցություն։


Փաշինյանը նաև ձևակերպեց կառավարության սկզբունքը՝ «ոչ մի լումա ավել, ոչ մի լումա պակաս»։ Նա շեշտեց, որ պետությունը չպետք է գործարարից պահանջի օրենքով չնախատեսված վճարումներ, սակայն միևնույն ժամանակ անթույլատրելի է պարտավորությունների թերակատարումը։

ՀԱՊԿ երկրները կողմ են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը
Հաջորդ նորություն next