Փաշինյանը խոսել է Սամվել Կարապետյանից «վախենալու» և 2026-ի «ջախջախիչ հաղթանակի» մասին
Լուսանկարը` 168.am
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նոյեմբերի 27-ի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հերքել է այն պնդումները, թե իշխանությունը վախենում է քաղաքական մրցակցությունից և պատրաստվում է կիրառել «մոլդովական սցենարը»։
Խոսքը, մասնավորապես, կալանքի տակ գտնվող գործարար և բարերար Սամվել Կարապետյանի ղեկավարած ընդդիմադիր ուժի գրանցումը մերժելու հնարավորության մասին է, ինչը, ըստ շրջանառվող լուրերի, արվում է 2026 թվականի ընտրություններում իշխանության պարտությունը կանխելու նպատակով։ Վարչապետը շեշտել է, որ Հայաստանում գործընթացները պետք է ընթանան բացառապես իրավական ընթացակարգերով՝ հավելելով, որ «եթե ինչ-որ մեկն ուզում է իրեն ներշնչել, թե ես մեկից վախենում եմ, դա իր խնդիրն է»։
Անդրադառնալով 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին՝ Փաշինյանը մեծ վստահություն է հայտնել սպասվող արդյունքների վերաբերյալ։ Նա հայտարարել է, որ անկախ իր կարգավիճակից՝ լինի վարչապետ, պատգամավոր, թե ընդդիմադիր գործիչ, միշտ հետապնդել է մեկ նպատակ՝ ժողովրդի ազատ կամարտահայտությունը։
Գործադիրի ղեկավարը համոզմունք է հայտնել, որ հերթական ընտրություններում Հայաստանի քաղաքացիները «միանշանակ և աներկբա ջախջախիչ հաղթանակ կտանեն»՝ դրանով իսկ ակնարկելով ժողովրդավարական գործընթացի անշրջելիությունը։
Նշենք, որ իշխանության և ռուսաստանաբնակ հայտնի գործարար Սամվել Կարապետյանի հարաբերությունները վերջին շրջանում կտրուկ սրվել են։ Արդյունքում Հայաստանում նրա գլխավոր ակտիվը` «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը, անցան պետության վերահսկողության տակ` զրկվելով նաև արտոնագրից: Կարապետյանը, ով նախկինում հիմնականում զբաղված էր բարեգործական և տնտեսական ծրագրերով, սկսել է ակտիվ քաղաքական հավակնություններ դրսևորել՝ քննադատելով կառավարության վարած քաղաքականությունը։
Իրավապահ մարմինների կողմից վերջինիս նկատմամբ քրեական հետապնդումն ու կալանավորումը նրա կողմնակիցները որակում են որպես քաղաքական հաշվեհարդար՝ ուղղված նրա առաջնորդած քաղաքական շարժման չեզոքացմանը մինչև ընտրական փուլի մեկնարկը։