24.11.2024
Թուրքիայում ռազմական հեղաշրջումը տապալվեց, սկիզբ առավ իսլամական հեղափոխությունը
prev Նախորդ նորություն

Ալեք Ենիգոմշյանը 30 րոպե ժամանակ է տվել իշխանություններին

«Սասնա ծռերի» անդամների հեռախոսները անջատված են, իսկ դա բանակցությունները շարունակելու համար նպաստավոր քայլ չէ: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց «Նոր Հայաստան» շարժման անդամ Ալեք Ենիգոմշյանը:

Վերջինս նշեց, որ երեկ օրվա ընթացքում բանակցություններ են ընթացել, ԱԱԾ-ն պահանջ-առաջարկ է ներկայացրել «Սասնա ծռեր» խմբի անդամներին, որն էլ ինքը՝ Ենիգոմշյանը, Ժիրայր Սեֆիլյանի և խմբի անդամների հետ հանդիպման ժամանակ փոխանցել է վերջիններիս:

«Տղաները պատասխանը պետք է տային այսօր ժամը 19,00-ին, ինչի մասին փոխանցել եմ ԱԱԾ-ին, բայց առավոտյան իմացանք, որ հեռախոսները անջատվել են: Իսկ ես պետք է հեռախոսով կապ ունենամ այնտեղ գտնվող տղաների հետ, կապը խզելով՝ այդ հնարավորությունից զրկում են թե՛ ինձ, թե՛ տղաներին», - ասաց Ալեք Ենիգոմշյանը:

Իր խոսքի ավարտին նա պատկան մարմիններին 30 րոպե ժամանակ տվեց, որպեսզի «հստակորեն ասեն կա՛մ խզված են, կա՛մ խզված չեն բանակցությունները»: Եվ եթե պատասխան չստանա, ապա դա կնշանակի, որ իշխանությունները բանակցությունները խզել են:

Ենիգոմշյանը հաստատել է, որ Ժիրայր Սեֆիլյանը բանակցային կողմ է՝ բանակցությունները երեք կողմերի միջև են ընթանում:

Հիշեցնենք, արդեն երկրորդ օրն է Ժիրայր Սեֆիլյանի համակիրները պահում են ՊՊԾ գնդի տարածքը, ինչպես նաև ոստիկան-պատանդների:
Առավոտյան «Նոր Հայաստան» նախաձեռնությունը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ տեղեկատվություն ունեն, որ իրավապահները պատրաստվում են գրոհել և հենց այդ նպատակով են անջատել «Սասնա ծռերի» անդամների հեռախոսահամարները: