24.11.2024
Փորձագետ. Երևանյան իրադարձությունները՝ Սարգսյան-Ալիև հանդիպման արձագանք են
prev Նախորդ նորություն

Թուրքիայում ռազմական հեղաշրջումը տապալվեց, սկիզբ առավ իսլամական հեղափոխությունը

Թուրքիայում տապալված ռազմական հեղաշրջման փորձը դեռ երկար զգացնել կտար իրեն այդ երկրի ներքաղաքական կյանքում: Առաջիկայում հնարավոր են «աֆթերշոկեր», իսկ Թուիքիայի քաղաքական ղեկավարությունը՝ ի դեմս նախագահ Ռեջեփ Էրդողանի մոտ ապագայում զբաղված է լինելու ներքին խնդիրներով, ուստի տարածաշրջանային հարցերում չի ցուցաբերի մեծ ակտիվությունը: Ներքաղաքական անկայուն իրավիճակի հետեւանքով այդ երկիրը կորցրեց տարածաշրջանում իր հավակնոտ դիրքերը:

Այս մասին «Մեդիա կենտրոնում» կայացած «Ռազմական հեղաշրջման փորձ Թուրքիայում. ներքաղաքական եւ տարածաշրջանային հնարավոր հետեւանքները» թեմայով քննարկմանը հայտարարեցին թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը և տարածաշրջանային հարցերով փորձագետ, իրանագետ Վարդան Ոսկանյանը:

Թուրքիայում տեղի ունեցածը, թեպետ մամուլում որակվեց որպես զինվորականների միջին դասի, այլ կերպ ասաց՝ «գնդապետների հեղաշրջման փորձ», սակայն ըստ թուրքագետ Անուշ Հովհաննիսյանի, հետագա զարգացումները ցույց տվեցին, որ այս գործին ներգրավված են եղել բարձրաստիճան զինվորականներ: «Այժմ ձերբակալվածների մեջ քիչ չեն գեներալները», - ասաց թուրքագետը՝ հիշեցնելով «Ինջելիք» ռազմաբազայի հրամանատարի ու Էրդողանի գլխավոր ռազմական խորհրդականի ձերբակալության մասին:

Ըստ Անուշ Հովհաննիսյանի, այս պահին առկա լրատվությունը թույլ է տալիս ասելու կամ կասկածի տակ դնելու իրադարձությունների պաշտոնական նկարագրության իսկությունը: «Իրականում հեղաշրջում կազմակերպված էր Զինված ուժերի գլխավոր շտաբի կողմից: Ուղղակի այն պետք է տեղի ունենար մեկ ամիս ավելի ուշ, սակայն տեղեկանալով, որ առաջիկայում Էրդողանը ծրագրել է նոր «մաքրման» գործընթաց բանակում, ռազմական հեղաշրումը սկսվեց ավելի շուտ», - ասաց նա՝ հավելելով, որ հեղաշրջամ փորձը տապալվեց հապճեպության ու թույլ կազմակերպվածության պատճառով:

«Սակայն ամենակարեւոր հանգամանքն այս ամենում այն է, որ Ստամբուլում տեղակայված 1-ն բանակի հրամանատարը, որի վերահսկողության տակ են գտնվում ցամաքային ուժերի շուրջ 60%-ը, կարծես, դավաճանեց զինվորականերին՝ չմիանալով նրանց», - ասաց Հովհաննիսյանը:

Թուրքագետի խոսքով զինվորականության կողմից հեղաշրջման ալիքը հասունանում էր երկար ժամանակ, քանի որ կային շատ պատճառներ Թուրքիայում զինվորականների ըմբոստության համար: «Դրանք էին բանակում կատարվող «մաքրազերծումները», սահմանադրորեն զինվորականությանը քաղաքականության վրա ազդելու հնարավորությունից զրկելը, զինորականների ֆինանսական հոսքերի վերահսկողությունը եւ վերջապես երկիրը դեպի իսլամականացման ուղղով տանելը», - ասաց Անուշ Հովհաննիսյանը՝ հավելելով, որ թեպետ ստացվեց ճնշել հեղաշրջումը, սակայն խնդիրները մնացին եւ դեռ նոր ցնցումների ալիքներ կարող են տեղի ունենալ:

"Թուրքիայում իրականում տեղի ունեցավ հեղաշրջում, բայց հաղթեց Էրդողանը, որն այժմ ոչ մի բանի դեմ չի կանգնի եւ երկիրը կտանի սողացող իսլամականացման ուղղով: Ադ երկրում այղմ սողացող իսլամականացման հեղափոխություն է", - եզրափակեց նա:

Թուրքիայում թեպետ այժմ իրադրությունը խաղաղ է, սակայն ձերբակալությունները շարունակվում են, ասաց տեսազանգի միջոցով Ստամբուլից քննարկմանը միացած «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Էդվարդ Դանզիկյանը: «Վտանգավոր իրադրություն է Թուրքիայում, ձերբակալությունները շարունակվում են: Էրդողանը դեռ Ստամբուլում է, նրա կողմանկիցները չեն հեռանում փողոցներից, կարծես վախենում են նոր հեղաշրջման փորձերից», - ասաց նա:

Իրանագետ և տարածաշրջանային հարցերով փորձագետ Վարդան Ոսկանյանը նկատեց, որ Թուրքիան այլևս այն չէ, ինչ կար: Նրա խոսքով, Թուրքիայում տեղի ունեցած զարգացումներից հետո ակնհայտ է, որ Մերձավոր Արևելյան տարածաշրջանում գերտերության հավակնություն ունեցող 2 պետություններից (Թուրքիա և Իրան) Իրանը փաստացիորեն մնում է տարածաշրջանում միակը: «Վերջինս պետություն է, որը հստակ կարողանում է պահպանել իր ներքաղաքական կայունությունը», - հավելեց նա:

Թուրքիայում իրադարձությունները եւս մեկ անգամ փաստեցին այն, որ այդ երկիրը եւ տարածաշրջանային քաղաքականության, եւ ներքաղաքական տեսնակյունից անկայուն է եւ վտանգ է ներկայացնում հարեւաննների համար: «Երկիր, որտեղ բանակն առանց որևէ պետական բարձրաստիճան մարմնի իմացության կարող է երկինք բարձրացնել ինքնաթիռներ, որը նրա հարևան պետությունների համար չափազանց վտանգավոր ազդակ է», - ասաց նա՝ հավելելով, որ չի կարելի բացառել, որ առաջիկայում նման իրադարձությունները չեն կրկնվի:

«Այս տեսանկյունից Թուրքիան տարածաշրջանում կորցրեց իր հավակնոտ դիրքը` որպես գերտերություն: Թուրքիայի հասարակությունը գրեթե հավասար բաժանվել է 2 մասի: Չնայած Էրդողանը պաշտպանեց իր իշխանությունը, սակայն այդ խնդիրները չլուծվեցին, հակառակը, դրանք ավելի են սրվելու: Այս համատեքստում էլ ես կարծում եմ, որ չնայած հեղաշրջման փորձին հաջորդած այն բարձրաձայնումներին, թե ԱՄՆ-ից պահանջում են հանձնել Գյուլենին, ակնհայտ է` Թուրքիան էլ է գիտակցում, որ ԱՄՆ-ի հետ այս ձևով խոսելը բավականին բարդ հետևանքներ կարող է ունենալ: Այս դեպքերից հետո Թուրքիան փորձելու է մանևրել Արևելքի և Արևմուտքի միջև»,- ասաց նա:

Ոսկանյանի կարծիքով, հեղաշրջման փորձի գիշերը պարզ դարձավ նաեւ այն, որ Էրդողանի նման հզոր իշխանություն ունեցող անձը կախված է ամերիկյան տեխնոլոգիաներից: «Պատկերավոր ասած «Այֆոնի» կոճակից ու CNN Turk ամերիկյան հեռուստաընկերության լրագրողի կամքից՝ միացրած պահել այդ կոճակը», - ասաց նա:

Հայաստանի համար Թուրքիայում ներքին իրադրության ապակայունացման տարածաշրջանային արձագանքն այն է, որ Հայաստանը կդառնա Իրանի համար Պարսից ծոցը Սև ծովին կապելու ծրագրերի շրջանակներում շատ կարևոր երկիր: «Մեր մրցակիցներից մեկը լրջորեն զիջեց դիրքերը, և դա կնպաստի, որ իրանցիների համար մեր երկիրն ավելի գրավիչ դառնա»,-նշեց Վարդան Ոսկանյանը: