27.11.2024
Սյունիքում ենթակառուցվածքները կբարելավվեն. կառավարությունը նոր որոշում կայացրեց
prev Նախորդ նորություն

Կառավարությունը սահմանելու է հաջորդ տարվա բոլոր աշխատանքային և ոչ աշխատանքային օրերը

Կառավարությունը նախատեսում է որոշմամբ սահմանել հաջորդ տարվա բոլոր աշխատանքային և ոչ աշխատանքային օրերի փոխատեղումները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:


Նախարարը, նախ անդրադառնալով Ամանորյա տոներին ոչ աշխատանքային օրերը կրճատելու նախագծի վերաբերյալ Մայր Աթոռի առաջարկին՝ ոչ աշխատանքային թողնել նաև հունվարի 5-ը և 7-ը, ասաց. «Այդ հարցը քննարկվել է թե մեր թիմի ներսում, թե կուսակցության հետ միասին: Եվ մենք համարել ենք, որ եթե ընդառաջենք Մայր Աթոռի առաջարկին, ապա ռեֆորմն ընդհանրապես իր իմաստը կորցնում է: Եվ այդ տեսանկյունից ոչ նպատակահարմար ենք համարել Մայր Աթոռի առաջարկն ընդունելը»:


Ըստ նախարարի՝ կառավարությունը շատ մանրամասն հիմնավորումներ է տվել, թե ինչպես կփոխվի տնտեսության աշխատանքը հունվար ամսին՝ Ամանորյա տոներին ոչ աշխատանքային օրերը կրճատելու արդյունքում: «Դա ամենաքիչն է, որը մենք ակնկալում ենք այս փոփոխության արդյունքում»,-նշեց նախարարը:


Նա հիշեցրեց՝ այդ նախագծի առնչությամբ տարբեր առաջարկներ են եղել թե «Հայաստան» խմբակցությունից, թե «Քաղաքացիական պայմանագիր»-ից, թե Մայր Աթոռից, թե անհատներից: «Ընդ որում ուրիշ տիպի առաջարկներ էլ են եղել՝ օրինակ մի որոշմամբ սահմանել հաջորդ տարվա բոլոր աշխատանքային և ոչ աշխատանքային օրերի փոխատեղումները: Դա մենք ևս տրամաբանական առաջարկ ենք համարել և հիմա դիտարկում ենք դրա իրականացումը»,-ասաց նախարարը:


Նրա խոսքով՝ նախագծի վերաբերյալ բոլոր առաջարկների ուսումնասիրության արդյունքում ընտրվել է արդեն ընդունված առաջարկը: