24.11.2024
Որ ինքնիշխան Հայաստան չլինի կամ՝ ինչո՞ւ է ամեն ինչ արվում ՀՀ տարածքի հաշվին
prev Նախորդ նորություն

Մամուլ. Մովսես Հակոբյանն ամիսներ առաջ զգուշացնում էր

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Իշխանությունն այժմ անում է այն, ինչ նախատեսված է եռակողմ հայտարաությամբ, ուղղակի այն մաս-մաս է ներկայացնում հասարակությանը։ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ, Արցախի հերոս Մովսես Հակոբյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում դեռ ամիսներ առաջ ասել էր, որ Գորիս-Կապան ճանապարհահատվածը 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ է Ադրբեջանին անցել: «Նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթղթով արդեն պարզ էր՝ Ադրբեջանը տեղակայվելու է այդ ճանապարհին, իսկ նրանք, ովքեր միայն այսօր են զարմանում, ապա կա՛մ աշխարհագրություն չգիտեն, կա՛մ չեն հասկացել ստորագրված փաստաթղթի էությունը: Ստացվում է՝ այսօր Ադրբեջանն իր տարածքում անում է այն, ինչ ցանկանում է: Եթե այսօր սահմանային անցակետ է տեղադրել, վաղը կարող է փորել այդ ճանապարհը ու այդտեղով տրանսպորտային միջոցների երթեւեկը չթույլատրել կամ ձերբակալել այդտեղով անցնող մեր քաղաքացիներին՝ մեղադրելով Ադրբեջանի դեմ կատարած հանցագործության համար: Ամեն ինչ կարող է լինել»,- մեզ հետ զրույցում մանրամասնում էր Հակոբյանը: Ըստ Արցախի հերոսի՝ Ադրբեջանը Սյունիքով դեպի Նախիջեւան գնացող միջանցք ունենալու ցանկություն ունի: Ալիեւի խոսքերն էր մեջբերում, որ «եթե միջանցք բառը ձեզ դուր չի գալիս, ապա կարող ենք Լաչինի միջանցքը եւս վերանվանել»: Իսկ եթե Լաչինի միջանցքը վերանվանվի, բացատրում է ՀՀ ԶՈւ ԳՇ նախկին պետը, ու այն դառնա ՀՀ-ն Արցախին կապող ուղղակի ավտոմայրուղի, ապա Ադրբեջանն այդտեղ էլ մաքսային ու անձնագրային կետեր տեղադրելու հարց կբարձրացնի: «Այսինքն՝ Սյունիքում տեղադրված անցակետը «մեսիջ է» մեր իշխանությանը, որ եթե չլինի «միջանցք», ապա նմանատիպ անցակետեր կլինեն Արցախում, Սյունիքում, վաղը, մյուս օրը՝ մեկ ուրիշ հատվածում, որտեղ կկարողանան տեղակայվել Ադրբեջանի զինված ուժերը: Ու հենց այսպես կձեւավորվեն մեր հարաբերությունները»,- հավելում էր մեր զրուցակիցը»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը շուտով կնշանակվի ՌԴ-ում ՀՀ դեսպան: Արտգործնախարարությունը համապատասխան փաստաթղթերը` ագրեմանը, արդեն ուղարկել է Մոսկվա, թեեւ դրանք դեռ չեն վավերացվել-ստորագրվել ռուսական իշխանությունների կողմից: Վաղարշակ Հարությունյանը, մեր տեղեկություններով, վաղուց է սպասում այս նշանակմանը, սակայն ՌԴ պաշտոնական շրջանակներում որոշակի դիմադրություն կար, շրջանակներ, որոնք սահուն եւ առանց խնդիրների այս տարիներին աշխատել են ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանի հետ: Վաղարշակ Հարությունյանը ՀՀ-ի համար կարեւորագույն երկրում դեսպան է նշանակվում մի շրջանում, երբ նրա վարկանիշը՝ որպես պետական գործչի, զրոյացված է: Հենց Վաղարշակ Հարությունյանին են մեղադրում Գորիս-Կապան ճանապարհն ադրբեջանցիներին հանձնելու մեջ: Իհարկե, հիմնական հանձնողը Փաշինյանն է, բայց համապատասխան փաստաթղթի տակ, որը հանրությունից գաղտնի պահվող փաստաթղթերից մեկն էր, հենց Հարությունյանի ստորագրությունն է: Դեռ ամիսներ առաջ տելեգրամյան ալիքները հրապարակեցին 2020 թվականի դեկտեմբերի 18-ի թվագրմամբ այդ հուշագիրը, որի տակ ՀՀ, ՌԴ եւ ԱՀ պաշտպանության նախարարների ստորագրությունն էր: Ըստ դրա, Գորիս-Կապան ճանապարհի մի հատվածը 5 տարի ժամկետով Ադրբեջանին է հանձնվում, թեեւ նշված է, որ այն անարգել ու անվճար օգտագործելու է նաեւ հայկական կողմը:


Քաղաքագետների եւ զինվորականների մեջ նույնիսկ վեճ ծագեց, թե արդյոք սա նախատեսվա՞ծ էր 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ: Ըստ փաստաթղթի, հայկական զինուժն այդ դիրքերից պետք է հեռանար սահմանազատման գրծընթացին զուգահեռ, բայց Վաղարշակ Հարությունյանի ստորագրած հուշագիրը, փաստորեն, արագացրեց հայկական զինուժի դուրսբերումը՝ այդ հողերը ճանաչելով ադրբեջանական: Ինչ խոսք, դեսպանի պաշտոնը Հարությունյանի համար արժանի փոխհատուցում է հայրենակիցների եւ հատկապես ընդդիմության կոշտ մեղադրանքների դիմաց: Հիշեցնենք․ գիշերը Գորիս-Կապան ճանապարհին մաքսակետեր են տեղադրվել, իսկ ցերեկն արդեն հայտնի դարձավ, որ 3 գյուղ՝ Որոտանը, Շուռնուխը եւ Բարձրավանը, շուրջ 700 բնակչով, հայտնվել են շրջափակման մեջ։ Վաղարշակ Հարությունյանի հետ կապվելու եւ նրա մեկնաբանությունները ստանալու մեր բազմաթիվ փորձերը ձախողվեցին: Ինչ-որ պահից նա ոչ միայն ամենավարկաբեկված, նաեւ մամուլի համար ամենաանհասանելի պաշտոնյաների շարքն է անցել»:


«Իրավունք» թերթը գրում է. «Երկրի համար վճռորոշ եւ ճակատագրական այս իրավիճակում Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն ակտիվորեն զբաղված են ոչ ավել, ոչ պակաս իրենց աշխատասենյակներում կահույք փոխելով ու վերանորոգման աշխատանքներով: Սա, իհարկե, նոնսենս կարող է լինել անտեղյակների համար, մինչդեռ ակնհայտ է, թե ինչու էր ԱԺ աշխատակազմի ղեկավար դառնում «Արգավանդ կահույք» խանութների տնօրեն Վահան Նարիբեկյանը: Իշխող խմբակցության արգելված միջանցքը հիշեցնում է շինհրապարակի, մինչդեռ այսօր հարյուրավոր արցախցիներ անտուն են մնացել, իսկ իրենց միջանցքը կամաց-կամաց հանձնվում է թշնամուն»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց, որ հնարավոր էր խուսափել Գորիս-Կապան ճանապարհի՝ թուրքերի վերահսկողությանն անցած հատվածում մաքսակետեր տեղակայելուց, բայց այդ դեպքում «դրա գինը լինելու էր միջանցքային տրամաբանությունը, ինչն անընդունելի է մեզ համար»։ Փաշինյանի խոսքից ենթադրվում է՝ կա՛մ միջանցք, կա՛մ մաքսակետեր ճանապարհին։ Նշենք, որ մեկ օր առաջ ՌԴ ԱԳՆ-ն, դրանից առաջ էլ ՌԴ փոխվարչապետ Օվերչուկը հայտարարել էին, որ «ՀՀ տարածքով անցնող ճանապարհների նկատմամբ ՀՀ ինքնիշխանությունը հարգվելու է»։ Նիկոլ Փաշինյանն էլ գոհունակություն էր հայտնել ՌԴ այդ դիրքորոշման կապակցությամբ՝ նշելով, որ այդ դիրքորոշումը եղել է ի սկզբանե, պարզապես ՌԴ-ն վերահաստատում է, Հայաստանն էլ երբեք չի բանակցել միջանցքային տրամաբանությամբ։ Հետեւաբար՝ ինչպե՞ս հասկանալ Փաշինյանի երեկվա հայտարարությունը, որ եթե մաքսակետերին չհամաձայնեն, գինը լինելու է միջանցքը։ Կա՛մ վարչապետը ստում է, որ նախկինում միջանցքային տրամաբանություն չկար, կա՛մ էլ վաղուց դադարել է որոշումներ կայացնելուց, եւ մեր փոխարեն ուրիշներն են որոշում։ Իսկ խոսքն էլ ընդամենը օդի տատանում է, ոչ մի արժեք չունեցող»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղաքական մեղադրյալների ու կալանավորվածների նկատմամբ չնայած դեռ դատավճիռներ չեն արձակվել, եւ նրանք համարվում են անմեղ, քանի դեռ օրինական ուժի մեջ մտած դատական ակտեր չկան, բայց իշխանությունը նրանց խոշտանգելու եւ մինչ դատավճիռների արձակումը պատժելու բազում մեթոդներ է կիրառում: Դրանց մեջ է մտնում ոչ միայն չնչին մեղադրանքներով նախնական կալանքներ սահմանելը, այլեւ մեկուսարաններում պահման ռեժիմը` սկսած չոր ներքնակից, հեռուստացույց չտրամադրելուց մինչեւ տեսակցությունների արգելումը եւ ամենավատ խցերում պահելը: Իսկ, օրինակ, Առուշ Առուշանյանի դեպքում խոշտանգման այլ հնարամիտ միջոց էլ են մտածել․ ամեն դատական նիստի ժամանակ նրան Երեւանից հասցնում են Գորիս, որովհետեւ դատը Գորիսում է ընթանում: Չնայած կարող էին Երեւանում դատել եւ գոնե Գորիսի կալանավայրում պահել ու ամեն նիստից հետո նորից Երեւան չբերել, բայց առանց բենզինն ու այլ ծախսերը խնայելու` տանում-բերում են: Եվ սա ոչ միայն մարդուն տանջելու միջոց է, այլեւ չեն ուզում Գորիսի ՔԿՀ-ում թողնել, որպեսզի հանկարծ այնտեղ նրա համար բանտային քիչ թե շատ բարվոք պայմաններ չապահովեն: Առուշը պետք է խոշտանգվի, որովհետեւ նա Նիկոլ Փաշինյանին ավելի շատ է «ցավեցրել»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ադրբեջանում պահվող գրեթե բոլոր հայ գերիները գերեվարվել են պատերազմից հետո, երբ խաղաղապահներն արդեն տեղակայվել էին: Պաշտոնական Երեւանն առայժմ չի ներկայացնում գերիների իր պաշտոնական ցանկը, ինչը չի անում նաեւ Ադրբեջանը։ Միայն հայտնի է, որ 2020 թվականի դեկտեմբերին Արցախի ՊԲ-ն հայտարարություն տարածեց 73 զինծառայողների անհետ կորելու մասին, իսկ հետագայում, ինչպես պարզվեց, նրանք գերեվարվել էին։ Նրանցից միայն մի մասն է վերադարձել Հայաստան, մյուս մասը դեռ Ադրբեջանում է։ Այս համատեքստում ուշագրավ է ՌԴ դիրքորոշումը։ Խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորամիավորումները նախ չպետք է թույլ տային հայ զինծառայողների գերեվարումը, իսկ գերեվարումից հետո գոնե պետք է ձեռնամուխ լինեին նրանց արագ վերադարձին, քանի որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համատեղ հայտարարության տակ ստորագրել է նաեւ Ռուսաստանը, սակայն արդեն մեկ տարուց ավելի է անցել, իսկ մենք դեռ գերիներ ունենք։ Անկախ նրանից, թե արդյոք Հայաստանի իշխանություններն անում են հնարավորինը գերիների վերադարձի համար, թե ոչ, ակնհայտ է, որ ռուսական կողմը պետք է իր դիրքորոշումներն ու գործողություններն այս հարցում ավելի կոշտացնի»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Թեպետ Տաթեւում երեկ «Ապրելու երկիր» եւ «Շանթ դաշինք» կուսակցությունների միջեւ կոալիցիոն հուշագիր ստորագրվեց, որով, ըստ էության, պարզ դարձավ, որ համայնքի ավագանու 2 ուժերն այլեւս մեծամասնություն են կազմում, սակայն իշխող ՔՊ-ն շարունակում է զոռբայությունը եւ փորձում զավթել համայնքապետի աթոռը։ Հիշեցնենք, որ Տաթեւում ուժերից եւ ոչ մեկը բացարձակ մեծամասնություն չունի, սակայն շնորհիվ կոալիցիայի, ՔՊ-ն այլեւս ընդդիմություն է։ Օրենքով` համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարն է ավագանու առաջին նիստ նշանակում, սակայն ՔՊ գործող համայնքապետ, համայնքապետի թեկնածուն դեռ չի շտապում: Չնայած արդեն փոշմանել են եւ որոշել են վերցնել մանդատները, օրեր առաջ հակառակն էին հայտարարել։ «Շանթ դաշինք» կուսակցության հիմնադիր Շահեն Հարությունյանը երեկ մեզ տեղեկացրեց, որ եթե մինչեւ եկող շաբաթ նիստ չնշանակեն, ապա որպես ավագանիում մեծամասնություն ունեցող ուժ՝ իրենք են դիմելու նիստ հրավիրելու պահանջով։ Ի դեպ, ի տարբերություն Տաթեւի, «Ապրելու երկիր» կուսակցությունը Մեղրիում անհարմար դրության մեջ հայտնվեց: Մեզ ասացին, որ չնայած կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը նախապես ընդունել է Արամ Սարգսյանի առաջարկը, եւ պատրաստ են եղել «Հանրապետություն» կուսակցության թեկնածուի` Բագրատ Զաքարյանի հետ կոալիցիա կազմել ու իրենց 2 մանդատով քաղաքապետի օգտին քվեարկել, սակայն «Ապրելու երկրի» ցուցակի երկրորդ համարն ասել է, որ միայն ՔՊ թեկնածուի օգտին է ինքը քվեարկելու, եւ համագործակցությունը տապալվել է: Զաքարյանն էլ կոալիցիա է կազմել Սամվել Բաբայանի ցուցակով անցած ավագանու անդամների հետ»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երեկ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում սպանվել էր քրեական հեղինակություն Քանաքեռցի Տույը՝ Արթուր Ղազարյանը, եւ ԱԺ նախկին պատգամավոր Արտյուշ Հակոբյանը: Մեզ հասած լուրերի համաձայն՝ դեպքից հետո Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քարամյանը որոշում է կայացրել այն մասին, որ քրեական գործը պետք է քննի Երեւան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների վարչությունը, եւ այն պետք լինի իր հսկողության ներքո: Տեղեկացանք, որ դեպքից հետո իրավապահ համակարգում անդրադարձ է եղել մայրաքաղաքում վերջին ամիսներին աղմակահարույց սպանություններին, որոնց մասով դեռեւս իրավապահները փնտրում են սպանությունները կատարողներին: Ասել է թե՝ չի բացառվում երեկ կատարված եւ, առհասարակ, վերջին ամիսներին կատարված աղմակահարույց սպանություններից հետո իրավապահ համակարգը «թափ տալու» գործընթաց սկսվի, քանի որ բացահայտումների ցուցանիշները գոհացուցիչ չեն»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Վճռաբեկ դատարանում վարչական պալատ կստեղծվի: Համապատասխան նախագիծն ընդգրկված էր կառավարության երեկվա նիստում, սակայն չզեկուցվող նախագծերի թվում էր: ՀՀ արդարադատության նախարարության ներկայացրած նախագծի հիմնավորման մեջ նաեւ նշվում է, որ այս պալատի ստեղծումն ամրագրված է դատական եւ իրավական բարեփոխումների 2019-2023թթ. ռազմավարությամբ: Ըստ այդմ, այդ օրենքի նախագծով նախատեսվում է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի վերացումով ստեղծել երկու ինքնուրույն, առանձին մասնագիտացումներ ունեցող քաղաքացիական եւ վարչական պալատներ: Որպես այս պալատի ընդունման կարեւորություն՝ նշվում է այն հանգամանքը, որ քաղաքացիական գործերով վճռաբեկ բողոքների թիվը շուրջ երկու անգամ գերազանցում է վարչական գործերով բողոքների թվին: Այս օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ ակնկալվում է ՀՀ պետական բյուջեից տարեկան շուրջ 34.9 մլն դրամի լրացուցիչ միջոցների հատկացման անհրաժեշտություն, որից ընթացիկ ծախսերի գծով՝ շուրջ 28.3 մլն դրամ, եւ ոչ ֆինանսական ակտիվների ձեռքբերման մասով՝ շուրջ 6.6 մլն դրամ։


«Հրապարակ» թերթը գրում է. «Երգչուհի Մարիամ Մերաբովան նոյեմբերի 20-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում հանդես կգա «Գրիր ինձ...» խորագիրը կրող համերգով: Նա ասել է, որ Հայաստան է գալիս հայրենիքի համար բարդ շրջանում. «Իրավիճակն ինձ համար հրեշավոր է, հանցավոր: Չեմ կարող ձեւացնել, թե պատերազմն ավարտվել է, թե պետք է կատարվածի մասին արագ մոռանալ, հապշտապ ջնջել հիշողությունից կամ հրաժարվել ինչ-որ բաներից, ես չեմ պատրաստվում: Այն ինձ խորապես խոցում է՝ իբրեւ հայուհու: Ես նույնքան ծանր եմ տանում Ղարաբաղի հայերի վիշտը, որքան որ ծանր կտանեի ցանկացած այլ ժողովրդինը, եթե նրան վիճակվեր նման ճակատագիր: Դժբախտությունը պիտի համախմբի հայերին, ոչ թե մասնատի: Իմ համերգը համախմբվելու կոչ է՝ ուղղված համայն հայությանը»:


«Իրավունք» թերթը գրում է. «Ինչպես արդեն գիտենք` նոյեմբերի 1-ից ուժի մեջ է մտել հանրային բաց տարածքներում պարտադիր դիմակ կրելու պարտադրանքը: Թեեւ աշխարհում` Հայաստանից բացի, որեւէ այլ երկրում, բաց տարածքում դիմակ կրելը պարտադիր չէ, սակայն Հայաստանի գործող իշխանությունները տարբերվելու եւ ինքնատիպ երեւալու մեծ բարդույթներ ունեն: Թեեւ արդեն նշեցինք, որ նոյեմբերի 1-ից դիմակ կրելու պարտադրանքը բաց տարածքներում է, սակայն ոստիկանությունն առավել շատ փակ տարածքներում է «անակնակալ» մատուցում կիսաքաղց, թանկացումներին մի կերպ դիմացող «հպարտ» քաղաքացուն: Մեր հավաստի տեղեկություններով` օրինակ «Դալմա գարդեն մոլում» ոստիկանները թաքնվում են դռան հետեւում, ապա դիմակ չկրող քաղաքացիներին անմիջապես տուգանում: Մեր աղբյուրը նշում է, որ առեւտրի սրահներում, դռան դիմաց անվտանգության աշխատակիցը մշտապես ջերմաչափում, ապա քաղաքացիներին հորդորում է դիմակ կրել, սակայն հիմա ոստիկաններն անվտանգության աշխատակիցներին թույլ չեն տալիս իրենց աշխատանքն իրականացնել, որպեսզի «դիմակազերծ» անեն քաղաքացիներին: Սա այն դեպքում, երբ իշխանական Անդրանիկ Քոչարյանը պնդում է, թե լավ է անում, որ դիմակ չի կրում: Հետաքրքիր է, տուգանվե՞ց արդյոք Անդրանիկ Քոչարյանը, իհարկե` ոչ»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Պաշտոնապես Հայաստանում ավելացել են բեռնափոխադրումների ծավալները 10.4 տոկոսով: Բայց, մյուս կողմից, այս տարվա 9 ամիսներին երկաթուղային բեռնափոխադրումներն են պակասել 7.9 տոկոսով: Նշված ժամանակահատվածում պակասել են նաեւ երկաթուղով ներհանրապետական բեռնափոխադրումների ծավալները 2.2 տոկոսով, փոխարենը ավելացել են ավտոմոբիլային բեռնափոխադրումների ծավալները 17.5 տոկոսով: Ավտոտրանսպորտով բեռնափոխադրումները ըստ իրենց նպատակի դիտարկելու դեպքում տեսնում ենք, որ արտահանումը աճել է 24.7 տոկոսով, ներմուծումը, հակառակը, նվազել է 0.4 տոկոսով: Օդային տրանսպորտով բեռնափոխադրումների ծավալն ընդհանուրի մեջ շատ փոքր թիվ է կազմում, բայց նույնիսկ այդ փոքր ծավալների դեպքում էլ աճ է արձանագրվել` ներմուծման դեպքում՝ 68.8 տոկոս: Օդային տրանսպորտով արտահանման ծավալները կտրուկ նվազել են՝ կազմելով 24.1 տոկոս: Հատուկ ուշադրության են արժանի «մայրուղային խողովակաշարային» բեռնափոխադրումների ծավալները. այս դեպքում աճը կազմել է 7 տոկոս: Ավելին` բեռնափոխադրումների այս տեսակի դեպքում պաշտոնական վիճակագրությունը արտահանման եւ ներկրման տարանջատում չի անում, քանի որ ընդհանուր խոսքը գնում է միայն ներկրման մասին, եւ այն էլ՝ կոնկրետ մեկ տեսակի ապրանք` գազ: Այսինքն` կարող ենք արձանագրել, որ գազի ներկրումը Հայաստան այս տարվա 9 ամիսների ընթացքում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է: