24.11.2024
Հայաստանի շուրջ օղակը շարունակվում է սեղմվել. Տիգրան Աբրահամյան
prev Նախորդ նորություն

Որ ինքնիշխան Հայաստան չլինի կամ՝ ինչո՞ւ է ամեն ինչ արվում ՀՀ տարածքի հաշվին

Երեկվանից Հայաստանի քաղաքական կյանքում, համացանցում իրարանցում է՝ Ադրբեջանը կեսգիշերին գործարկեց Գորիս-Կապան ճանապարհի հատվածում տեղադրված մաքսային և սահմանային կետերը: Լուրը նախօրեին հայտնել էր Հանրային հեռուստաընկերության եթերում Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:


Ավելին՝ նույն Արմեն Գրիգորյանն այսօր ևս մեկ "ուրախալի" լուր հայտնեց՝ հնարավոր է քաղաքացիները վճարի դիմաց կարողանան անցնել Գորիս–Կապան ճանապարհով:


Իսկ ահա Նիկոլ Փաշինյանն այսօր ներկայացրեց իր տեսակետը կատարվածի շուրջ, այն է՝  ադրբեջանական անցակետը չի գտնվում Հայաստանի Հանրապետության տարածքում: "Հիմա կարող է այլ հարց ծագել. իսկ հնարավո՞ր չէր բանակցել, որ այդ ճանապարհին Հայաստանի քաղաքացիների և բեռների նկատմամբ որևէ սահմանային հսկողություն չիրականացվեր: Հնարավոր էր, բայց դրա գինը լինելու էր միջանցքային տրամաբանությունը, ինչն անընդունելի է մեզ համար",- ասել է նա:


Ծուռ հայելիների թագավորություն 


ԱԺ "Հայաստան" դաշինք խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը նշում է՝ մենք ապրում ենք ծուռ հայելիների թագավորությունում: Որտեղ, շարունակում է պատգամավորը, պարզվում է, որ Գորիս-Կապան մայրուղին վերջնականապես նվիրել են Ադրբեջանին:  


«Ալիևը, մեր երկրում մաքսակետ տեղադրելով, հերթական անգամ բզկտում է մեր երկիրը, իսկ թե ում համար է ԱԽՔ-ը մաքսակետ տեղադրում, երևի ինքն ավելի լավ կիմանա։ Մի հատ մաքսակետ էլ Սայաթ-Նովա - Աբովյան խաչմերուկում դրեք, նույնքան «նպատակային», և միգուցե ավելի հուժկու կլինի, կամ ինչպես ԱԽՔ-ն է ասում, համապատասխան քայլ կլինի»,- ասում է պատգամավորը։


Նրա խոսքով, ի պատասխան հոկտեմբերի 8-ի հանրահավաքին Ռոբերտ  Քոչարյանի հնչեցրած այն մտքի, որ 44 օրվա ընթացքում մենք մենակ ենք մնացել պատերազմի ժամանակ, դիվանագիտական լիարժեք ձախողում է եղել և ոչ մի երկիր չի դատապարտել պատերազմ սկսող պետությանը, կառավարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնը նախկինում զբաղեցնողը երեկ հակադարձել է, որ դատապարտող եղել է, օրինակ՝ Կիպրոսը.


"ԱԺ-ում արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոն զբաղեցնողն իսկապե՞ս հավատում է, որ Կիպրոսն այն համաշխարհային խաղացողն է, որի դատապարտել կամ չդատապարտելը որոշիչ էր լինելու պատերազմի համար։ Արտաքին հարաբերությունները դիջեյությունից մի փոքր բարդ են, որպեսզի պարզ լինի, որ Քոչարյանի ասածը վերաբերում էր առանցքային դերակատարում ունեցող պետություններին։ Նրանց չդատապարտելու գինը հազարավոր երիտասարդների կյանքն էր",- հայտարարել է Էլինար Վարդանյանը։


ՀՀ օկուպացված տարածքը ճանաչվեց Ադրբեջանի տարածք


ԱԺ ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Արման Աբովյանը, մեկնաբանելով վարչապետի հայտարարությունը, նշում է՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում գտնվող Գորիս֊Կապան մայրուղու հատվածը, որը օկուպացված է թուրք֊ադրբեջանական ուժերի կողմից փաստացի ճանաչվեց ՀՀ իշխանությունների կողմից որպես Ադրբեջանի տարածք.


"Եվ ասյպես, Հայաստանի խիզախ ու խաղաղասեր, հմուտ և գերարհեստավարժ, ազգային և պետականամետ իշխանությունները հանգիստ տոնով, առանց որևէ կաշկանդվելու հայտնում են, որ Ադրբեջանը տեղադրելու է մաքսային և սահմանային կետեր Գորիս - Կապան ճանապարհահատվածում ու հերիք չի` Հայաստանը նույնպես կտեղադրի այդպիսի կետեր։ Ինչի՞ համար, ո՞ւմ համար, դուք ձեզ լսո՞ւմ եք , թե ինչ անհեթեթություն եք դուրս տալիս։


Հայաստանի իշխանությունները մեզ տեղեկացնում են, որ ՀՀ օկուպացված տարածքները ադրբեջանցիները լեգիտամացնում են։ Հիմա հարց. Կարող է "մուղամով" արնախում , բարբարոս, տեռորիստ ադրբեջանցիների հետ դեմարկացիայի գործընթացը սկսել եք, պարզապես մեզ չեք ասում, որ տրամադրություններս չընկնի, և ինչու "խաղաղության դարաշրջանի" բացումը սկսեցիք Հայաստանի ինքնիշխան տարածքները "փակելով" հպարտ քաղաքացիների առջև։ Ի՞նչէ առհասարակ կատարվում։


Իսկ շուրնուխցիների և որոտանցիների հարցը ինչպե՞ս եք լուծելու, թե՞  Շուրնուխում ու Որոտանում ձեր խոստացած ապագան արդեն կա",- վրդովվում է Աբովյանը:



Որպեսզի ինքնիշխան Հայաստան չլինի


ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարությունը ներկայացրեց "թարգմանաբար".


"ՀՀ հպարտ քաղաքացի՛,

Ա) որպեսզի բանակդ “չթալանեն”՝ ուրեմն անհրաժեշտ է, որ դու բանակ չունենաս.

Բ) որպեսզի ապրես “խաղաղ և անվտանգ”՝ ուրեմն պետք է պարտվես պատերազմում և կորցնես քո հողերը.

Գ) որպեսզի ճանապարհներդ բացվեն և ազատ առևտուր անես՝ ուրեմն պետք է կորցնես քո բոլոր ճանապարհները, այն տալով ուրիշների վերահսկողության տակ.

Դ) որպեսզի “լավ ապրես”՝ ուրեմն պետք է սեփական պետություն չունենաս.

Ե) որպեսզի ինքնիշխան Հայաստան չլինի՝ ուրեմն այս երկիրը կամ վարչապետ չի ունենա, կամ էլ այդ վարչապետը պետք է լինի Նիկոլ Փաշինյանը":



Նաև արդարացում՝ "չարյաց փոքրագույնը" սկզբունքով


Այլ կարծիք էլ է հնչում՝ թերևս, կրկնելով Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությունը և որոշակիորեն արդարացնելով կատարվածը "չարյաց փոքրագույնը" սկզբունքով: "Լուսավոր Հայաստան" կուսակցության կառավարման խորհրդի անդամ Դավիթ Խաժակյանը նշում է, որ անհերքելի փաստ է այն, որ Գորիս - Կապան ճանապարհի ներկայիս կարգավիճակը խիստ վնասաբեր է մեր պետության համար: Բայց, ընդգծում է նա, փաստ է նաև, որ Ստեփանակերտի մատույցներին պատերազմը կանգնացնելու պայմանը հայտնի «միջանցքի» տրամադրումն էր, հակառակ դեպքում Ստեփանակերտի գրավումը օրերի, եթե ոչ ժամերի հարց էր։

«Վերջին շրջանում մի շարք իրադարձությունների բերումով հնարավոր դարձավ առանց նոր պատերազմի խուսափել միջանցքի տրամադրումից, որի գինը այսօր Գորիս - Կապան ճանապարհին տեղադրվելիք թշնամու մաքսակետերն են։ Ըստ իս օտարի վերահսկողության ներքո Ադրբեջանին Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան ճանապարհ տալու հետևանքները շատ ավելի ծանր կլինեին, քան Գորիս - Կապան ճանապարհի այդ հատվածը զիջելը։

Ընդ որում այս համատեքստում քննարկելի է այն հարցը, թե կարո՞ղ էր այդ ճանապարհը չզիջվել թշնամուն միայն այն դեպքում, եթե մոռացել ենք, թե բարոյալքման ինչ աստիճանի էր հասել թե՛ բանակը, թե՛ հասարակությունը նոյեմբերի 9-ից հետո։ Եթե դա մոռացել ենք, ապա կարելի է քննարկել՝ կարո՞ղ էինք պահպանել ճանապարհի այդ հատվածը թե ոչ»,- նշում է Խաժակյանը։


Եվ վերջում հարց


Եվ վերջում շատ ակտուալ հարց, որը հնչեցնում է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը.


"Տեսնես ինչո՞ւ է դելիմիտացիան ու դեմարկացիան իրականացվում բացառապես մեր տարածքը հանձնելու հաշվին":


Լիա Խոջոյան